ՀՔԾ պետը ներկայացրեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրգործի մանրամասներ, մասամբ գաղտնազերծեց թիվ 0038 հրամանը

3
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը գաղտնազերծել է 2008 թվականի սկզբին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի փետրվարի 23-ին ստորագրած է հույժ գաղտնի թիվ 0038 հրամանը: Առաջին ալիքի «Օրակարգ» հարցազրույցի շրջանակներում, մինչ գաղտնազերծումը խոսելով մարտի 1-ի գործով նոր մանրամասների մասին, Սասուն Խաչատրյանը հույս հայտնեց, որ Վերաքննիչ դատարանը պաշտպանական կողմի բողոքն՝ ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելուն, կմերժի: «Դա իմ անձնական կարծիքն է, ու, գործի շահերից ելնելով, ես կարծում եմ, որ խափանման միջոց կալանավորումը միակ միջոցն է, որն ի զորու է ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը հետաքննության ընթացքում»,«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց ՀՔԾ պետը:

Նա նկատեց, որ երկրորդ նախագահը՝ որպես մեղադրյալ, հրաժարվել է ցուցմունք տալուց, չի մասնակցել այլ քննչական գործողությունների: «Նա պարզապես չի մասնակցել ու լքել է քննչական գործողությունների սենյակը՝ առանց բացատրություն տալու»,– հավելեց Սասուն Խաչատրյանը:

Անդրադառնալով 0038 հրամանին, ՀՔԾ պետը նշեց, որ այս փաստաթուղթը միայն այս տարվա հուլիսին է ներառվել քրեական գործում: «Առաջին հիշատակումները 0038 հրամանի մասին եղան մամուլում: Արտահոսք էր տեղի ունեցել դեպքերից որոշակի ժամանակ անց, որ եղել է հույժ գաղտնի հրամանը: Հրամանով փաստորեն հիմնավորվում էր, որ մարտի 1-ի իրադարձություններին մասնակցել են ՀՀ զինված ուժերը»,-նշեց Սասուն Խաչատրյանը՝ հավելելով, որ բավականին մեծ ծավալով կարող է գաղտնազերծել փաստաթուղթը: Նա նկատեց, որ հրամանում կան ձևակերպումներ, որոնք պետք չէ բարձրաձայնել՝ ելնելով նաև Ռոբերտ Քոչարյանի շահերից: Բացի այդ՝ նա տեղեկացրեց, որ պաշտպանական կողմը ևս իր ձեռքի տակ ունի այս փաստաթուղթը:

Հրամանը կրել է հետևյալ վերնագիրը՝ «ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրված խնդիրների կատարման վերաբերյալ»: «ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները միջազգային հանրության կողմից բաց ու թափանցիկ ճանաչելուց հետո որոշ քաղաքական ուժեր այն չեն ընդունում ու հակաօրինական գործողություններով փորձում են ապակայունացնել իրավիճակը: ՀՀ Զինված ուժերը, հանդիսանալով պետության անվտանգության երաշխիքը, պատրաստ են իրենց գործողություններով, հենվելով Սահմանադրության ու գործող օրենքների վրա, ապահովել երկրի կայունությունը ու թույլ չտալու մի խումբ մարդկանց վտանգվելու երկրի բնականոն զարգացումը: Սահմանադրական պարտականությունների կատարումը ՀՀ ԶՈՒ կողմից ապահովելու նպատակով հրամայում եմ՝

Սույն թվականի փետրվարի 23-ից Զինված ուժերի ամբողջ անձնակազմը 18:00-ից տեղափոխել զորանոցային վիճակի՝ մինչև հատուկ կարգադրության ստացումը: ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի վարչություններում, առանձին բաժիններում ստեղծել սպայական խմբեր, որոնք զինել տաբելային զենքով», – հրամանից մեջբերում ներկայացրեց ՀՔԾ պետը՝ նշելով, որ այս պարտականությունների կատարումը դրվել էր այդ ժամանակվա ՊՆ փոխնախարար Յուրի Խաչատուրովի վրա:

Սասուն Խաչատրյանն անդրադարձավ պաշտպանական կողմի վերջին ասուլիսի ժամանակ հնչեցրած պնդմանը, որ այս հրամանով զորքը բերվել է զորանոցային վիճակի, որպեսզի այն չմասնակցի քաղաքական գործընթացներին: Պաշտոնյան նկատեց, որ տասը տարի առաջ էլ պաշտոնապես հերքվում էր,որ զորքը մասնակցել է մարտի 1-ի ու դրան նախորդած իրադարձություններին, անգամ դրա վերաբերյալ կեղծ փաստաթղթեր են կազմել ու տրվել փաստահավաք խմբին: «Հայտարարությունը, թե զորքը պետք է մնար զորանոցներում, որ չխառնվեր քաղաքական գործընթացներին, ինձ անհասկանալի՝ հաշվի առնելով, որ պաշտպանական կողմն ուներ հրամանի օրինակը»,- ասաց Սասուն Խաչատրյանը՝ մեջբերելով ևս մի քանի պարբերություն:

«ՀՀ ՊՆ և Զինված ուժերի գլխավոր շտաբի վարչությունների պետերին, բանակային կորպուսների ու առանձին զորամասերի հրամանատարներին հրամայվել է ստեղծել բարձր շարժունակությամբ, բարդ իրավիճակներում արդյունավետ գործելու ունակ հավաքական ստորաբաժանումներ հետևյալ հաշվարկով: Նշվում է, որ բանակային կորպուսներից 100-ական հոգի, ստեղծված ստորաբաժանումները կազմակերպել ըստ դասակների՝ յուրաքանչյուրը 30 հոգի: Ստորաբաժանումները զինել հրաձգային զենքերով: Հիմա ամենահետաքրքիրը. Նույն հրամանի 10-րդ կետով նախատեսված է, որ երրորդ կետում նշված ստորաբաժանումները՝ այսինքն՝ այս ստորաբաժանումները, որ պետք է ստեղծվեին, համալրել առավել պատրաստված, հոգեբանորեն կայուն սպանելով, ենթասպաներով, պայմանագրային ու ժամկետային զինծառայողներով: Ես չգիտեմ Ձեր մոտ ինչ տպավորություն ստեղծվեց հիմա, բայց ինձ մոտ տպավորություն է, որ կազմավորել են հատուկ խմբեր, որոնք պետք է ինչ-որ դիվերսիոն գործողություններ կատարեին թշնամու թիկունքում»,– նշեց ՀՔԾ պետը:

Անդրադառնալով Քոչարյանի հայտարարությանը, որ որևէ զինվորականի զենքից կրակոց չի եղել, որևէ փամփուշտ չի օգտագործվել՝ Սասուն Խաչատրյանը նշեց, որ երկրորդ նախագահը չէր կարող իմանալ այդ զենքերը կրակել են, թե ոչ: Այն, որ նման խմբեր ստեղծվել են, նրանք մասնակցել են մարտի 1-ի իրադարձություններին, արդեն իսկ քրեական գործով ապացուցված իրողություն է:

«Արմենպրես»