Մաղթում եմ բարեհաջող ընտրություններ.Մ․Սարգսյան

21
ՀՀ մի շարք համայնքներում սեպտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն։ Արարատի մարզի Մրգանուշ համայնքում գործող գյուղապետի հետ կմրցակցեն անկուսակցական թեկնածուներ Գարիկ Շահբազյանը եւ  Արկադի Մանուկյանը։
Mnews.aм-ի լրագրողը Մրգանուշ գյուղական համայնքում գտնվելու ընթացքոմ հանդիպեց համայնքի ղեկավարի թեկնածու Մանվել Սարգսյանին ու նրա հետ զրուցեց կատարված աշխատանքների, ձեռքբերումների ու դժվարությունների, ինչպես նաև՝  նոր ծրագրերի շուրջ։
-Պարոն Սարգսյան երկար տարիներ ղեկավարել եք Մրգանուշ համայնքը ,մի փոքր կներկայացնե՞ք։

Մրգանուշ գյուղը գտնվում է  Արտաշատի տարածաշրջանում, Արտաշատից 12 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Զոհրաբլու, Զոհրաբլը, Զոհրաբլի, Զորբալու անվանումները: Մրգանուշ է վերանվանվել է 1947թ-ին:  Բնակիչների նախնիների մեծ մասը եկել են Պարսկահայաստանից` Խոյ և Սալմաստ գավառներից 1828-1829 թթ: Գյուղն ունի գրադարան, մշակույթի տուն, բուժկետ, կապի հանգույց: Համայնքի տնտեսության մասնագիտացված ճյուղը գյուղատնտեսությունն, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը: Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ: Գյուղում է գտնվում “Մրգանուշ” գինու-կոնյակի գործարանը: Գյուղն ունի 1300 բնակիչ:

Մրգանուշ գյուղը շուրջ 21 տարի  ղեկավարում է Մանվել Սարգսյանը: Իր համագյուղացիների ձայների մեծամասնությամբ` նա համայնքի ղեկավար է ընտրվել 1998թ-ի  նոյեմբերի 10-ից և մինչ այսօր անընդմեջ վերընտրվել է:

-Ի՞նչով է պայմանավորված անընդմեջ առաջադրում եք  Ձեր թեկնածությունը և հաղթում, կարելի է ասել մրցակցությու՞ն չկա այս գյուղում…

-Իհարկե կա մրցակցություն, մշտապես ընտրություններին ունեցել եմ մրցակից,այս անգամ ունեմ ևս  երկու մրցակիցներ՝ Գարիկ Շահբազյանը եւ  Արկադի Մանուկյանը,փոքր գյուղ է և ձայների առավելագույն մեծամասնությամբ էլ միշտ ընտրվել եմ համայնքի ղեկավար: Կարծում եմ իմ երկարատև աշխատանքի գաղտնիքը կայանում է նրանում, որ կարողացել եմ այս երկար ու ձիգ տարիների ընթացքում ճանաչել ու հասկանալ իմ համագյուղացիներին: Մարդիկ երևի գնահատում են արված գործը: Գիտեք, որ խնդիրներ լուծելիս, աշխատանքներ կատարելիս միշտ լինում են խոչընդոտներ, բարդություններ: Մենք էլ, ցավոք, զերծ չենք դրանցից: Սակայն պատվով կատարում ենք մեր աշխատանքները, հաղթահարում խնդիրները: Կարևոր է, որպեսզի համայնքի ղեկավար  դառնա նա, ով առավելապես վայելում է գյուղի բնակչության վստահությունը:

-Նախընտրական խոստումների ո՞ր մասն եք հասցրել կատարել այս ժամանակահատվածում…

-Մենք` տեղական ինքնակառավարման մարմիններս ջանում ենք ամեն ինչում սատարել, աջակցել խնդիրները հաղթահարելու հարցում: Շուրջ 20 տարի առաջ, երբ ստանձնեցի Մրգանուշ համայնքի  ղեկավարի պաշտոնը գյուղում ո՛չ գազ կար, ո՛չ խմելու ջուր, ո՛չ լուսավորություն,  ո՛չ  ճանապարհ, ո՛չ բուժկետ, ո՛չ փոստատուն: Մեր գյուղն այսօր իրոք դինամիկ զարգացող համայնքներից մեկն է ,որը, սակայն, այս մակարդակին հասնելու համար մեծ ճանապարհ է անցել: Համայնքի ղեկավար ընտրվելուցս հետո կատարվել են հետևյալ աշխատանքերը: Իրականացվել են ասֆալտապատման  աշխատանքներ, ամեն տարի 2-3 փողոց կարողացել ենք խճապատել և վերանորոգել, վերանորոգվել է  գյուղապետարանի մի քանի սենյակներ: Առաջին խնդիրը, որ կարևորվեց գյուղում,գազաֆիկացնումն էր ,այսօր ամբողջ գյուղն գազ ունի: 2013-14թթ ամբողջությամբ վերանորգվեց խմելաջրի ցանցը,նոր ջրագիծ է կառուցվել՝ փոխվեցին խողովակները,սա թերևս ամենամեծ խնդիրն էր: Ինչպես նաև ունենք նախակրթարան , վերանորոգվել է  կրթության  և  գիտության ծրագրերի բաժնի հետ համատեղ նաև  համայնքի բյուջեի ֆինանսավորմամբ:  Համայնքի փողոցները լուսավորված են և այլն…Այս տարիների ընթացքում ամեն ինչը սկսել եմ զրոյից: Այնպես չէ, որ ձեռքներս ծալած նստած ենք, ամեն ինչ արել եմ,  և գյուղացու, և գյուղի վիճակը բարելավելու համար  և հասել  արդյունքների: Հասկանում ենք, որ հանրապետությունում սոցիալ – տնտեսական խնդիրներ կան, բայց մենք էլ մեր հերթին փորձում ենք անել այնպես, որ այն փոքր-ինչ մեղմվի: Ես միշտ բնակչության կողքին եմ եղել, և ուրախությանը, և տխրությանը: Մարդկանց ամեն մի հոգսը նաև իմն է և ես պարտավոր եմ այդպիսին լինելու, և հոգուցս է գալիս: Գյուղատնտեսական պարարտանյութերի կարիք համայնքը չի ունենում սովորաբար:

-Իսկ ի՞նչպես են ապրում Մրգանուշում

– Հիմնականում զբաղվում են հողագործությամբ, կարելի է ասել, որ մրգանուշցին  իր ապրուստը գյուղատնտեսությամբ է ապահովում: Նաև այս առիթով ուզում եմ դիմել պատկան մարմիններին, որ օգնեն գյուղացուն բերքն իրացնելու հարցում. Ստացվում է, որ գյուղացին տառապանքով, տանջանքով աշխատում է, դառը քրտինքով ստեղծում է բարիք, որով կարողանա հոգալ իր ընտանիքի կարիքները, բայց, բերքի իրացման վայր չլինելու պատճառով բերքը հանձնում է վերավաճառողին, ով էլ, կոպիտ ասած, ավելի շատ եկամուտ է ունենում, քան մեր գյուղացին: Սա մտահոգիչ խնդիր է և շուտափույթ լուծում է պահանջում: Հույս ունենանք,որ հավանաբար պետությունն ամբողջությամբ դեմքով կշրջվի դեպի բնակավայրերը: Ես համոզված եմ և նույնն էլ բնակչությանն եմ քարոզում: Համայնքի ղեկավար ընտրվելուցս հետո կատարվել են հետևյալ աշխատանքերը:Այս պահին ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում գյուղում Համաշխարհային բանկի ծրագրով։ Լուսավորվել են  փողոցները ,վերանորոգվել  և  կահավորվել գյուղապետարանի շենքը :2016թվականին արդեն երկու գյուղամիջյան փողոց ասֆալտապատում ենք իրականացրել:

– Իսկ ի՞նչ կասեիք  ոռոգման ջրի մասով, արդյո՞ք արհեստածին խնդիրներ չի ստեղծվում սեզոնային ոռոգման ժամանակ: 

-Այո, ոռոգման ջրի ժամանկացույցով հատկացնելն ազդում  է արտադրության վրա, առաջացնում մարդկանց արդարացի բողոքը, նաև` հիասթափությունը: Ամառվա տապին, երբ բույսը,հողը ծարավ են ու պիտի ջրել, բայց գրաֆիկով մեր հերթը չի, դիմում ենք պատկան մարմիններին: Ժողովրդին դժվար է բացատրել, որ ջուրն էլ է ապրանք, որը վաճառվում է և չպետք է թողնել, որ անդադար հոսի:

Իսկ բացի խաղողից, համայնքն ունի՞ մթերմանը ենթակա պտուղ-բանջարեղեն:

-Այո,  քանի որ մեր համայնքը գտնվում է արարատյան դաշտավայրում, գրեթե ամեն ինչ էլ ունի, միայն ներկայումս մեր գերխնդիրն է հանդիսանում մթերումը, որը հաճախակի է խոչընդոտների և անկանխատեսելի խնդիրների առաջ հասցնում գյուղացուն: Գյուղացին ամբողջ տարի մշակում է հասնում արդյունքի և վերջում չնչին կոպեկներով կարողանում է մթերումն իրականացնել:

-Համայնքը չունի՞ նաև դպրոց և մանկապարտեզ:

-Մենք օգտվում ենք կողքի  համայնքի դպրոցից և մանկապարտեզից,և եղած ծախսերի մասով աջակցում ենք: Դե գյուղում նախակրթարան ունենք, իսկ ինչ վերաբերում է դպրոցին, ապա կարծում եմ, որ անհրաժեշտություն չկա, ավելին, աշակերտների թիվը գնալով պակասում է. եթե նախորդ տարի առաջին դասարան գնում էր 25-30 երեխա, այս տարի 20-25: Մեր և Վարդաշեն համայնքի դպրոցը մեկն է,  հետևաբաև դժվար է մի փոքր համատեղել: Ծնելիությունն է պակասել, և այստեղ էլ է կեցությունը որոշում: Ճիշտ է, գյուղում փակ դուռ մշտապես չունենք,սակայն արտագաղթը բացառված չէ…

-Կա՞ որևէ զբաղմունք. ինչպե՞ս է ժամանցը կազմակերպվում գյուղում:

-Այո, հետաքրքիր առօրյա են ունենում նաև մեր փոքրիկները: Ունենք երգի, պարի և շախմատի խմբեր, ինչպես նաև փոքրիկ ճամբար, որը գործում է տարվա մեջ 7-8 ամիս, ջեռուցման խնդիր ունենք, թե չէ ձմռան ամիսներին նույնպես կգործի:

-Առաջադրված թեկնածուներին մրցակից համարում  ՞եք։

-Իհարկե, իմ համագյուղացիներն են ,երկուսին էլ լավ ճանաչում եմ ,և բոլորիս մաղթում եմ բարձր տրամադրություն և բարեհաջող ընտրություններ։Թող հաղթի լավագույնը,ում իր ձայնը կվստահի մրգանուշցին։

Ասում են ՝երբ խնդիրնեը չեն լուծվում,ուրեմն դրանք դեռ հասարակական նշանակություն ձեռք չեն բերել, այսինքն` յուրաքանչյուր խնդիր պետք է բոլորինը դառնա,որ հնարավոր լինի հաղթահարել.«Գյուղով համախմբված ենք,մեկս մյուսի կողքին է,եթե ունենում ենք խնդիր, համայնքի ժողովում բնակչության հետ որոշում ենք մեր անելիքները»,-հավաստիացնում է համայնքի ղեկավարի թեկնածուն:

Սա, անշուշտ, այն ամենը չէ, որ պարզեցինք գյուղի մասին, սակայն պարզ երևում է, թե այստեղ ինչպես են տրամադրված անելիքների կատարման ու խնդիրների լուծման հնարավոր ուղիների որոնման ուղղությամբ: Գյուղապետն անկեղծորեն խոստովանեց, որ շատ է սիրում գյուղը,գյուղատնտեսությունը, իր աշխատանքը մարդը յուրաքանչյուր բնագավառում պետք է սիրով աշխատի, որ կարողանա պատվով դուրս գալ ցանկացած իրավիճակից… 

Մրգանուշում  ամեն բացվող առավոտ նոր սպասելիքներով է բացվում, քանի որ այստեղ օրն սկսվում ու ավարտվում է արարումով: Քանի որ այս գյուղում մարդիկ սրտացավ են իրենց գյուղի, իրենց տնկած ամեն մի ծառ ու շիվի համար, որովհետև պատասխանատու են ստեղծած ամեն մի բարիքի, իրենց պապերի թողած դարավոր ժառանգության համար:

Mnews.am