«Նպատակս գյուղի զարգացումն է, նրա առաջխաղացումը»․Զարզանդ Բաբայան

28
 Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում գրեթե բոլոր գլոբալ խնդիրները լուծված են,գյուղը շատ համերաշխ է,ամեն մեկն իր գործով է զբաղված: Մենք էլ մեր հերթին օգնում ենք մարդկանց կարիքի դեպքում, յուրաքանչյուրի կողքին կանգնած ենք: Նյութապես օգնում ենք կարիքավոր ընտանիքներին: Ջանում ենք, ելնելով մեր վիճակից, ամեն լուման նպատակային ու արդյունավետ օգտագործել:- Mnews.am -ի հետ  զրույցում նշեց համայնքապետ  Զարզանդ Բաբայանը։

-Պարոն Բաբայան ,ի՞նչ խնդիրներ են լուծվել համայնքում Ձեր պաշտոնավարման տարիներին:

– Համայնքը ղեկավարում եմ 2012 թվականից:Առաջադրումս եղել  է Ժողովրդի պահանջով ,գրեթե պարտադրանքով:Բնակչության վստահության քվեն առավել քան պարտավորեցնող է, այո, առավել, քան կարող էի պատկերացնել: Ե՛վ խնդիրներն են շատ, և՛ անելիքներն ու ծրագրերը: Անկախ ունեցածդ իրավասությունից ու հնարավորություններից, պարտավոր ես լուծել գյուղացու ցանկացած խնդիր`ինչ բնույթի էլ այն լինի: Ես էլ պատրաստ եմ ամեն ինչի գնալու, ամեն ինչ անելու`հօգուտ բնակչի, հանուն այն բանի, որ գյուղացու վիճակը կարգավորվի:Եվ, պատկերացրեք, իմ փորձառությունն ու բնակիչ-գյուղապետ անմիջական շփումն էլ ինձ հնարավորություն է տալիս ճանաչել մեր գյուղացիներին, սրտացավորեն մոտենալ նրանց բոլոր հոգսերին,իսկապես, սիրում և հարգում  եմ իմ համագյուղացիներին:

-Խոսենք համայնքում կատարված աշխատանքներից:

– Այս տարիների ընթացքում կարգավորվել են համայնքի համար կարևորագույն համարվող բազում խնդիրներ: Ընտրվելուց հետո առաջին նախաձեռնությունը, որն իրականացվել է, ուսանողների ճանապարհածախսի ֆինանսավորումն էր` մոտավորապես 50 տոկոսի չափով: Շատ խնդիրներ համայնքում լուծվում են  իմ  անձնական միջոցներից: Նախկինում գյուղապետարանը, ընդհանրապես, աղբահանությամբ չի զբաղվել: Արդեն աղբահանություն ենք իրականացնում` շաբաթը 3 օր: Ընկերներս տարիներ առաջ համապատասխան ավտոմեքենա են տրամադրել, իսկ վարորդին մեր անձնական միջոցներից վարձատրում ենք: 
 
Գյուղն ունի շուրջ 5 հազար բնակիչ, նրանց վերաբերվում եմ այնպես, ինչպես ընտանիքիս յուրաքանչյուր անդամին կվերաբերվեի: Այո, համայնքն էլ մի ընտանիք է, իմ ընտանիքը: Նպատակս գյուղի զարգացումն է, նրա առաջխաղացումը: Բուհեր ավարտած երիտասարդ շատ կադրեր ունենք, ում ընդգրկել եմ գյուղապետարանի աշխատակազմում` նախկինը գրեթե ամբողջությամբ փոխելով:Ամեն տարի համայնքում կատարվում են ասֆալտապատման աշխատանքներ,ասֆալտապատված են նաև միջհամայնքային փողոցները,,խմելու և ոռոգման ջրի ցանցերը վերանորոգված են։ Բյուրականում ունենք շատ լավ մանկապարտեզ,հաճախում է 100 երեխա,գույքն է ամբողջությամբ փոխվել։
 Գյուղում ավտոկանգառներ ենք տեղադրել հարմարավետ ու գեղեցիկ նորոգված:  Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի Բյուրականը վերագտնի իրեն, այնպիսին, ինչպիսին նախկին տարիներին էր` որպես աշխարհահռչակ գյուղ, բնակավայր:
– Սուբվենցիոն ծրագրով ի՞նչ աշխատանքեր են կատարվել համայնքում։
2019 թվականին Բյուրականում սուբվենցիոն ծրագրով շատ մեծ խնդիր լուծվեց,փողոցները ունեն գիշերային լուսավորություն։

-Ինչպիսի՞ն է կրթամշակութային կյանքը համայնքում:

Համայնքը հայտնի է իր պատմամշակութային հարուստ ժառանգությամբ, այստեղ է գտնվում 10-րդ դարի սկզբներին կառուցված թաղածածկ դահլիճ տիպի Սուրբ Հովհաննես եկեղեցին: Բյուրականի շրջակայքում պահպանվել է նաև Ամբերդ ամրոցը, որը կառուցվել է 7-13 դդ, Արտավազդիկ եկեղեցին և բազում խոնարհած խաչքարեր:Կրթական ոլորտի զարգացման ուղղությամբ մի հետաքրքիր ծրագիր ենք իրականացնում համայնքում. այն երիտասարդները, ովքեր ընդունվում են Երևանի Պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան կամ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա` նրանց ուսման վարձը ամբողջությամբ վճարում է համայնքապետարանը:

-Բազում խնդիրներ գյուղում լուծվում են հաճախ նաև Ձեր անձնական միջոցների հաշվին․․․

-Տանելու բան չունեմ, ստանալու՝ առավել ևս,ինձ ճանաչողները միանշանակ կարող են դա փաստել։ Նախկինում էլ, համայնքի ղեկավար չլինելով, համագյուղացիներիս համար ամեն ինչ անում էի: Հիմա, պարզապես, ի պաշտոնե հնարավորություն է ստեղծվել ավելին անելու և ավելի լավը անելու: Գյուղացիներն այն ժամանակ համայնքապետարան գնալու փոխարեն, շատ հարցերով ինձ էին դիմում: Ֆուտբոլի խաղադաշտ էի կառուցել, հուշաղբյուր տեղադրել․․․

-Պարոն Բաբայան,ինչպես գիտեք քրեական գործ կա հարուցված Ձեր նկատմամբ։Կ՞մանրամասնեք։

Այո,2014-ից -2019 թվականների ընթացքում համայնքի տարածքից դուրս գործող  կազմակերպությունները սպառել են ընդհանուր 24 հազար խորանարդ մետրից ավելի ջուր, որի դիմաց Բյուրական համայնքի բյուջե չի փոխանցվել 3 միլին 600 հազար դրամից ավելի գումար, ինչի հետևանքով համայնքին պատճառվել է էական վնաս։ Թող իրենք էլ վճարեն ,այդ գումարը ոչ թե վատնել ենք ,այլ չի փոխանցվել այդ գումարը,այստեղ  պաշտոնեական դիրքի չարաշահում չի կատարվել։ Այս պահին  ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել և ուղարկվել քննչական կոմիտե՝ հետագա քննության։ Այս պահին չեմ կարող այլ մանրամասների մասին խոսել։

-Ինչպիսի՞ն է հարաբերությունները որպես համայնքի ղեկավարի և համագյուղացիների: 

Առաջնահերթ փոխվել է  գյուղացիների մտածելակերպը, համայնքի բարոյահոգեբանական մթնոլորտը: Երիտասարդության, ժամանակակից սերնդի ինտելեկտուալ մակարդակը պիտի բարձրացնել, մարդկանց զբաղմունքը միայն անասնապահությունը չպետք է լինի: Առաջնահերթ ծրագրերում մշակույթի տան վերանորոգումն է, մշակութային կյանքի աշխուժացումը` բոլոր ուղղություններով: Գյուղացին համայնքապետարանից դժգոհ չպետք է հեռանա, եթե չենք կարողանալու նրա խնդիրը բավարարել, ապա այնպես պիտի անենք, որ նա հասկացված հեռանա…

Պարոն Բաբայանի խոստովանությամբ, գյուղի համար նոր բան անելը, ստեղծելն ամենամեծ բավականությունն են պարգևում իրեն: Բավարարված է զգում իրեն, երբ համագյուղացու համար տքնել-չարչարվելով` արդյունք է ստանում, մարդկանց դեմքերին ժպիտ ու գոհունակություն տեսնում: Բնակչի կողքին է` պատրաստակամ ծառայելու նրան, լուծելու ցանկացած խնդիր: Պատահական չէ, որ բնակիչն էլ նրա նկատմամբ է հարգալից ու պատկառանքով:

Մարդը տեսնում, զգում է, արդարացում պետք չէ`պիտի անես առավելագույնը, որպեսզի մարդն իրեն պաշտպանված ու ապահով զգա: Բարոյապես` առաջին հերթին, ապա նաև` ֆինանսապես: Համայնքը մի մեծ  ընտանիքի պես է, ուստի մթնոլորտը մաքուր, խաղաղ ու տրամադրող պետք է լինի:

Բյուրականցին  հյուրասեր ու հյուրընկալ է…

Mnews.am