Շիրակի մարզպետը թողնում է պաշտոնը. նա մանդատ կվերցնի

2

Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ վերցնում է մանդատը ու հետագա աշխատանքը շարունակելու է Ազգային ժողովում։ Նա, մասնավորապես, գրել է.

«Հարգելի շիրակցինե՛ր, հաշվի առնելով մարզում վերջին ամիսներին իրականացրած արդյունավետ աշխատանքը եւ մեր քաղաքական թիմի սկզբունքային ձեռագիրը, համատեղ որոշում է կայացվել, եւ ես գործունեությունս շարունակելու եմ Ազգային Ժողովում։

Քաջատեղյակ լինելով մարզի խնդիրներին՝ դրանց լուծումները տեսնում եմ օրենսդրական դաշտում։ Մենք հեղափոխությունից հետո եւ ընտրությունների արդյունքում ճանապարհ ենք հարթել, որ միասնական ջանքերով Նոր Հայաստան կառուցենք։ Սա է պատճառը, որ մեր հետագա աշխատանքը հաջորդ մարզպետի հետ՝ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գաղափարների կրող եւ նույն քաղաքական թիմի անդամ, լինելու է կառուցողական ու նպաստավոր մարզի համար։ Վստահ եմ, որ նույն կերպ կհարգեք եւ կգնահատեք իմ իրավահաջորդին։ Հավատացեք, որ Շիրակի մարզի շենացման խնդիրները համատեղ ջանքերով լուծում կստանան»։