Շնորհակալություն, Բժիշկ…

754

Երբ մեր օրերում հանդիպում ես մարդկային ու մասնագիտական բարձր որակներ ունեցող բժիշկների, հաճելիորեն զարմանում ես: Նաև հպարտանում ես, որ մեզ հետ, մեր կողքին ապրում և աշխատում են բժշկի կոչումն արժանապատվությամբ պահպանող մարդիկ, որոնց կարող ես վստահել ամենաթանկը՝ առողջությունը: Այս դեպքում խոսքը տեսողության, այսինքն՝ աչքի լույսի մասին է:

Երբ դիմեցինք Սերգեյ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն, չէինք էլ պատկերացնում, որ այստեղ աշխատում են իրենց գործի իսկական նվիրյալները: Աչքի բորբոքային հիվանդությունների բաժանմունքի վարիչ, պրոֆեսոր Աննա Հովակիմյանը լավագույն մասնագետ լինելուց առաջ մարդ է բառի ամենաընդգրկուն իմաստով: Բարի, ժպտերես, անսահման հմայիչ բժշկուհին աշխատանքի բերումով նաև տարեց մարդկանց է հետազոտում: Մարդիկ, ովքեր կանգնած են տեսողությունը կորցնելու վտանգի առջև կամ արդեն կորցրել են:

Բժշկուհին առանձնակի ջերմությամբ է ընդունում հիվանդներին, զրուցում, քաջալերում: Նրա խոսքով՝ տարեցներն ավելի շատ կարիք ունեն հոգատար վերաբերմունքի, և յուրաքանչյուրի պարտքն է նրանց վերաբերվել ինչպես հարազատ ծնողի: Իսկ եթե կա կարեկցանք, ուրեմն մեծ է բուժման արդյունավետությունը: Ու հիմա սրտից բխող անկեղծ երախտագիտությամբ ասում եմ՝ շնորհակալ եմ Ձեզ բժշկուհի, շնորհակալ եմ մայրիկիս հանդեպ ցուցաբերած սրտացավ վերաբերմունքի, մասնագիտական բարձր որակների համար: Թող Աստված լուսավորի Ձեր ճանապարհն այնպես, ինչպես Դուք եք լույս պարգևում Ձեզ դիմող հիվանդների աչքերին:

Շնորհակալություն նաև Ձեզ՝ բուժող բժշկուհի, սիրելի՛ Մարիամ Արշակյան, որ այդքան պատրաստակամ ու բարյացակամ եք բոլոր հիվանդների հանդեպ: Շնորհակալություն ավագ բուժքույր Լյուդա, բուժքույրեր՝ Լուիզա, Մերի … Շնորհակալություն նաև Ձեզ՝ հարգարժան Ալեքսանդր Մալայան, Ձեր ղեկավարած կլինիկայում նման փորձառու և նվիրյալ բուժաշխատողներ ունենալու համար:

Մելանյա Ավետիսյան