Ոճիր և պատի՞ժ, թե՞ հերթական անպատիժ ոճիրը

5
 

www.1in.am-ը գրում է.

Երկուշաբթի վաղ առավոտյան Երևանի Սայաթ-Նովա պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով ծանր վնասվածքներ ստացած երկրորդ ոստիկանը՝ Խ. Գասպարյանը, նույնպես այսօր մահացել է։ Վթարի ժամանակ տեղում մահացել է ոստիկանության աշխատակից Ա. Դավթյանը, Գասպարյանը տեղափոխվել էր հիվանդանոց: Ոստիկանության «Տոյոտա» մակնիշի մեքենային բախվելուց հետո «ԲՄՎX6» մակնիշի մեքենայի վարորդը հեռացել էր տարածքից։ Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ «ԲՄՎ»-ի վարորդը արդեն ձերբակալվել է։ Նա նախկինում դատապարտված «Ճվճվ Արոյի» որդին՝ «Սաքուլիկ» մականվամբ Սարգիս Վարդանյանն է: Հավատացեք՝ գործ ունենք ամենևին էլ ոչ շարքային հանցագործության հետ, ու ոչ միայն այն պատճառով, որ վթարի զոհերը ոստիկանության երկու ծառայողներ են:
Հանցագործություն կատարողը Հայաստանի կրիմինալ ընտանիքներից մեկի սանձարձակ որդիներից մեկն է, ով իսկական պատուհաս է դարձել երևանցիների համար, մանավանդ նրանց, ովքեր գիշերվա ժամին գործի բերումով կարող են դրսում լինել և ակամայից դառնալ մեքենայով մեծ արագությամբ սուրացող «ամենակարող» Սաքուլիկի լկտիության պոտենցիալ զոհերը: Սաքուլիկը պատահական կերպար չէ. նա իշխանության և կրիմինալի սերտաճման յուրօրինակ ծնունդ է: Սրանց ընտանիքի համար սովորական բան է մարդ սպանելն ու անպատիժ մնալը, էլ չենք խոսում մանր հանցագործությունների մասին: Քանի անգամներ ոստիկանությունն այս անզգամին բռնել ու տվել է Քննչական կոմիտեի ձեռքը, սակայն Սաքուլիկը «պլստացել» է, որովհետև հանցագործ կյանքով ապրող այս ընտանիքը գտնվել է Աղվան Հովսեփյանի հովանավորության տակ: Վարդանյանների կապերը «վերևներում» այսքանով չեն սահմանափակվում. փակագծեր առայժմ չբացենք ու միայն արձանագրենք, որ Մոսկվայից Երևան Կարեն Կարապետյանի տեղափոխելուց հետո Սաքուլիկն ավելի սանձարձակ է դարձել: Հիմա նույնպես Սաքուլիկի համար ալիբիներ են ստեղծվում. համացանցում տարածվել է մի տեսանյութ, որի միջոցով ուզում են ապացուցել, որ ոստիկանական մեքենան եղել է «կարմիրի» տակ:

Նույնիսկ այդ տեսանյութում պարզ երևում է, որ, այո, ազդանշանը միացրած, «կարմիրի» տակ ոստիկանները շատ դանդաղ վարել են մեքենան, ինչը միանգամայն օրինական է: Դժբախտ պատահարի պատճառն այն է, որ Սաքուլիկը մեքենան վարել է անասնական արագությամբ: Ի դեպ, սա հոռի բարքերի հետևանք է, որովհետև նա ալկոհոլի ազդեցության տակ չի եղել: Ուշագրավ է, որ Վարդանյան եղբայրները և նրանց հայրը՝ «Ճվճվ Արոն», վաղուց զրկված են եղել վարորդական իրավունքից: Հերթական սանձարձակությունը՝ երկու զոհով: Այս դեպքում զոհերը ծառայություն կատարող ոստիկաններ են, և Վլադիմիր Գասպարյանի համար պատվի հարց պետք է լինի հանցագործին փակելը, նրան քրեական պատասխանատվության ենթարկելը, եթե նույնիսկ Վարդանյաններին օգնության շտապեն Աղվան Գառնիկիչը կամ այլ ազդեցիկներ: Հենց սրա համար ենք ասում, որ սա շարքային հանցագործություն չէ, որովհետև եթե այս անգամ ևս Սաքուլիկն անպատիժ մնա, ուրեմն պետություն չունենք, և հաջորդ անգամ նա կարող է փողոցում հրապարակավ գնդակահարել քաղաքացիների կամ ոստիկանների:

Նյութի աղբյուրը՝ http://www.1in.am/2275359.html