Սարուխանցին լավատես է․Խնդիրներն աստիճանաբար կլուծվեն, և վիճակն էապես կբարելավվի․

22

Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնքում  2018 թվականի  հոկտեմբերի 21-ին կայացած համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններին մասնակցելու համար ինքնառաջադրված 4 թեկնածուներից համայնքի ղեկավար ընտրվեց Լյովա Աբրահամյանը:Mnews.am-ը Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնք այցելելու շրջանակներում, հանդիպեց համայնքի ղեկավարին և զրուցեց համայնքում կատարվելիք աշխատանքների և ծրագրերի մասին:

7800 բնակիչ ունեցող Սարուխանում մեծ թիվ են կազմում արտագնա աշխատանքի մեկնողները: Բնակչության թիվը գրեթե 2000-ով նվազել է, քանի որ մարդիկ դրսում մշտական աշխատանք գտնելով` այլևս չեն վերադառնում հայրենի գյուղ: Լյովա Աբրահամյանը, որ 1996-2008 թթ. ևս ղեկավարել է համայնքը, քաջատեղյակ է առկա խնդիրներին և նշեց, որ 1997-ին գյուղի բնակչության թիվը մոտեցել էր 10.000-ին: Արտագաղթը կանխելու գլխավոր միջոցը տեղում արտադրություններ հիմնելն է: Առհասարակ, որոշակի հույսեր են կապում սարուխանցի գործարարների հետ: Կարտոֆիլի մշակությանը զուգահեռ պետք է նաև գյուղատնտեսական այլ մշակաբույսերի աճեցմամբ զբաղվել:

– Պարոն Աբրահամյան, արդեն  զբաղեցնում եք համայնքապետի պաշտոնը, ծանո՞թ եք համայնքի խնդիրներին: Եվ ինչու՞ ցանկություն հայտնեցիք առաջադրվելու, կմանրամասնե՞ք:

 –  Աշխատանքային փորձս բավարարում էր առաջադրվեմ և աշխատեմ գյուղապետի պաշտոնում: Նախկին համայնքապետի  տեղակալն էի:Ցավոք 10 ամիս աշխատելուց հետո նախկին համայնքապետը մահացավ,ում հետ լավ ջերմ հարաբերությունն եմ ունեցել, Աստված հոգին լուսավորի, նրան իսկապես սիրում էր ժողովուրդը:

-Ինչպիսի՞ն եք ուզում տեսնել համայնքը, գուցե՞ միտք կա նոր կառույցով համալրել համայնքը,ի՞նչ ծրագրեր ունեք: 

-Համայնքում առաջնային խնդիրն աղբահանությունն է, տեխնիկական խնդիր ունենք, կոյուղաջրերի հեռացման խնդիր, որոնք իհարկե դժվարությամբ կկարողանանք լուծել, քանի որ այսքան  տարի լուծում չի ստացել:Հիմնականում ճանապարհների բարենորոգումն ավարտեցինք, մասնավորապես` երկրորդ գերեզմանատան, Հայրենական մեծ պատերազմի զոհվածների հուշարձան տանող ճանապարհներինը: Նաև մի փողոցի հատվածում լուսավորություն անցկացրեցինք: Ամենաառանցքային` Մեսրոպ Մաշտոցի փողոցն ենք արդեն, շուրջ 1 կմ երկարությամբ, լուսավորել, ավելի քան 7 մլն դրամի աշխատանք է կատարվել: Նախատեսել ենք թիվ 1 դպրոց տանող ճանապարհը ևս կլուսավորվի: Հոբու կոչվող թաղամասն ենք մեր աղբյուրներից երկաթե կիսախողովակներով ոռոգման ջուր հասցրել` ծախսելով 4 մլն դրամ և հիմնովին լուծելով 50-60 հեկտար տնամերձ հողամասերի ոռոգման խնդիրը: Միաժամանակ, փողոցների բարեկարգման, ջրատարների ու հեղեղատարների մաքրման ընթացիկ աշխատանքներ ենք կատարել: Մեկ շենքում գտնվող թիվ 2 մանկապարտեզի ու արվեստի դպրոցի ընդհանուր տանիքն ենք մտադիր վերանորոգել: Նախագծային աշխատանքներն արվել են, մնում է շինաշխատանքներն սկսել, ինչի համար կպահանջվի մոտ 2,5 մլն դրամ գումար:

«Կյանքը առաջ է ընթանում, իսկ ժամանակից  հետ մնալն արդեն իսկ բացասական հետևանքների առաջ կկանգնեցնի մեզ:Մարզակյանքի բարելավման տեսանկյունից ևս որոշակի հուսադրումներ կան: Մարզադպրոց հիմնելու նպատակով արդեն պայմանավորվածություն ունենք Ղազախստանում բնակվող սարուխանցի Սողոյան եղբայրների հետ, ովքեր խոստացել են հովանավորել շենքի վերանորոգումը և օգնել անհրաժեշտ գույքի ձեռք բերման գործում»,-իր խոսքում նշեց Լյովա Աբրահամյանը։ 

«Շուտով  մեր եկեղեցու բացումն ենք ուզում իրականացնել, շատ քիչ աշխատանքներ են մնացել: Դպրոցները ճիշտ է կառավարության ուշադրության կենտրոնում են, բայց վերանորոգման անհրաժեշտություն կա, որը կարծում եմ համայնքի բյուջեով կփորձենք իրականացնել: Խաղահրապարակների և այգիների, կանաչապատման տարածքների ստեղծումն ու պահպանումը պետք է մեր կենսակերպը լինի, դրանց առկայությունը  համայնքի մասին դրական  կարծիք է թողնում համայնք այցելող հյուրերի մոտ»,-ուրախությամբ շեշտեց համայնքապետը:

Ղեկավարման բավարար փորձ ու անհրաժեշտ հմտություն ունենալով, Լյովա Աբրահամյանը համոզված է, որ համայնքապետի աշխատանքը հետևողականություն է պահանջում, կշռադատված վերաբերմունք խնդիրների լուծման և արդարացի մոտեցում համայնքի բնակչի ցանկացած հարցի բավարարման նկատմամբ: Բոլորի հետ մարդկային  պարզ ու անկաշկանդ փոխհարաբերությունների հաստատման կողմնակից է, հեռու է պաշտոնեականությունից, յուրաքանչյուրի հոգս նաև իրենն է համարում: Մարդկային է, ավելորդ ձևականությունները չհանդուրժող: Գտնում է, որ համայնքապետարանն առաջնահերթ պետք է գյուղտեխնիկայի սպասարկման հնարավորություն ունենա` իր բնակչին ապահովելու համար։

Խոսելով մտահոգություններից, համայնքապետ Աբրահամյանը նշեց,  համայնքապետարաններում պետք է ոչ թե նստակյաց աշխատանք կատարվի, այլ եղած փոքրաթիվ աշխատակիցները պրակտիկ գործով պիտի զբաղվեն, ողջ օրը գյուղում, մարդկանց շրջապատում անցկացնեն, գյուղատնտեսության նրբություններին տիրապետելով` դաշտերում ու արտերում լինեն: Յուրաքանչյուրն իր տեղում պիտի լինի և գլուխը կախ իր գործն անի… 

 – Այսպիսի կարծրատիպ կա, երբ համայնքապետը ստանում է համայնքի բնակիչների վստահության քվեն, կարծես ընտրվելուց հետո անձեռնմխելի է դառնում և բնակչին ավելի վերևից է նայում:   

   – Նման դեպքերում ես անընդունելի եմ համարում, ընտրված համայնքապետի վերաբերմունքը, չէ՞ որ ժողովուրդն է քեզ ընտրել, դու նրան հուսախափ չպիտի անես, դու էլ նրանցից մեկն ես: Ես կարևորում եմ համայնքի ղեկավարի և բնակիչների շփումը և համագործակցումը, որը, անշուշտ, կնպաստի բնակչության շահերից բխող որոշումներ կայացնելուն: Յուրաքանչյուր աշխատանք և ծրագիր թիմային աշխատանքի  ժամանակ, շատ ավելի բարձր ցուցանիշներ է ունենում: Գիտեք, գյուղը մեծ ընտանիք է, ոչինչ գաղտնի չես կարող անել այնտեղ։ Եթե աշխատում ես՝ մարդիկ տեսնում ու գնահատում են այն։ Համայնքապետ-բնակիչ ակտիվ կապի ու մշտական քննարկումների շնորհիվ մեր միջև առողջ փոխհարաբերություններ կձևավորվեն, ինչն էլ՝ փոխադարձ վստահության մթնոլորտ կստեղծի։

Մեր հայ ժողովրդին ցանկանում եմ մեծ հաջողություններ ունենան, մեր ժողովուրդը արարող, ստեղծող տեսակ է և արժանի է արժանապատիվ կյանքով ապրելուն:

Սարուխանցին աշխատասեր և հյուընկալ է ․․

Mnews.am