Վանաշեն գյուղը ամբողջությամբ լուսավորված է

19

Վանաշեն /Արարատի մարզ/ համայնքում մեր ուշադրությունն առանձնապես գրավեց խաչքար-հուշարձանը: Մեր հետաքրքրությանն ի պատասխան համայնքի ղեկավար Արտաշես Գրիգորյանը նշեց, որ այն տեղադրվել է նվիրված հայոց ցեղասպանության 100-ամյակին:

Արտաշես Գրիգորյանը, համայնքը ղեկավարելով 2012-ից, աստիճանաբար կյանքի է կոչել իր նախընտրական խոստումները:-Մինչ այդ հայրս` Խաչիկ Գրիգորյանն էր ղեկավարում համայնքը: Ես եկել եմ շարունակելու հորս գործը, ինչը կրկնակի պարտավորեցնող է, պետք է ամեն ինչ անեմ, որպեսզի հորս անունն ու պատիվը միշտ բարձր պահեմ: Նպատակը մեկն է, որ համագյուղացիների համար արվի առավելագույնը, որ ոչ մի դժգոհ մարդ չլինի։

Պատմություն է կերտվում մեր աչքի առաջ, և այդ պատմության մեջ Վանաշենն իր ղեկավարներով միանշանակ մնալու է: Կուզենամ, որ կերտվող այդ պատմության մեջ հորս անունը ոսկե տառերով գրվի` շնորհիվ նաև իմ գործերի: Հայրս 1996-ից է ղեկավարել, երբ երկրի առջև շատ ծանր խնդիրներ էին ծառացել,-իր խոսքում նշեց համայնքապետը:

-Գյուղը շատ համերաշխ է,- նշեց Արտաշես Գրիգորյանը:- Ամեն մեկն իր գործով է զբաղված: Մենք էլ մեր հերթին օգնում ենք մարդկանց կարիքի դեպքում, յուրաքանչյուրի կողքին կանգնած ենք: Նյութապես օգնում ենք կարիքավոր ընտանիքներին: Ջանում ենք, ելնելով մեր վիճակից, ամեն լուման նպատակային ու արդյունավետ օգտագործել:

-Պրն.Գրիգորյան խոսենք կատարված գործերից:

-Բազմաթիվ աշխատանքներ են կատարել այս տարիների ընթացքում:Խոսեմ ամենակարևորներից. եթե նախկինում մանկապարտեզում երկու խումբ կար` 60 երեխայով, ապա այսօր մեկ խումբ ևս ավելացել է, իսկ երեխաների թիվը հասել է 100-ի: Գույքն ամբողջովին նոր է: Գազաֆիկացվել է մեկ փողոց` մարզպետարանի հրատապ ծրագրերի շրջանակում: Գերեզմանատանը հոսանք է անցկացվել, ծառատունկ կատարվել: Երեխաների պաշտպանության միջազգային օրը` հունիսի 1-ը մանկապարտեզի սաների հետ միասին  մեծ միջոցառում ենք անցկացնում:Մեր դպրոցը շատ լավ վիճակում է:Վերանորոգված է տանիքը, ունի լոկալ ջեռուցման համակարգ, Կրթօջախը շատ խելացի, դաստիարակված սերունդ է տալիս:Մեր դպրոցի սաները մասնակցում են տարբեր  միջազգային մրցույթներում: Մշակույթի տան մի մասն է վերանորոգվել, ինչը հայրիկիցս եմ ժառանգել, մյուս հատվածը ես եմ ուզում վերանորոգել:

Խնդիր ունենք ոռոգման ջրի  հետ կապված: Վանաշենը Ազատի ջրամբարից սնվող ջրատարի վերջնամասում է գտնվում: Մշտապես ունեցել ենք ջրի խնդիր: Մեր ջրատարները հողային հունով են, կորուստները բավականին մեծ: Այդ պատճառով բանջարաբոստանային կուլտուրաների մշակությունը քիչ է, հիմնականում խաղողագործությամբ ենք զբաղվում: Գյուղատնտեսական հողատարածքների մոտ 60 տոկոսը զբաղեցնում են խաղողի այգիները: Արարատի տարածաշրջանի խոշոր խաղողագործական համայնքն է` Լուսառատից ու Այգեվանից հետո: 

-Նշեցիք ,որ Վանաշեն գյուղը ամբողջությամբ լուսավորվել է։Կմանրամասնեք ի՞նչ ծրագրով։

-Անկախ ամեն ինչից ,մենք  մեր նախանշած ծրագրով առաջ ենք շարժվում: Մասնավորապես,  արտաքին լուսավորության անցկացման մրցույթ էինք հայտարարել և այդ մրցույթում հաղթել ենք ։Ուզում ենք անցնել արևային էներգիայի խնայողական օգտագործման և հուսով ենք  այդ ծրագիրը լիարժեք կյանքի կոչեցինք: Խմելու ջրի հետ կապված ասեմ, որ գյուղի ամբողջ ներտնտեսային ցանցը 12 կմ է, որի կեսից ավելին արդեն փոխվել, նորացվել է, ինչը ևս համայնքի զարգացման ծրագրերում էր ներառված: Առաջիկայում էլ այս աշխատանքները կշարունակվեն: Գյուղի 80-90 տոկոսի ջրամատակարարումը էապես բարելավվել է, նախկին 2-3-ժամյա ջրամատակարարման փոխարեն այսօր արդեն այն գրեթե շուրջօրյա է:

Հանրապետությունում կառուցվող դպրոցներից մեկը Վանաշենում է լինելու: Նախագծային աշխատանքները կարծես թե ավարտվել են, ֆինանսավորումը կա, սպասում ենք շինաշխատանքները սկսվեն: Դպրոցը կկառուցվի համայնքին պատկանող ֆուտբոլի դաշտի տարածքում: Հին դպրոցի հետ կապված հեռանկարային ծրագրեր ունենք. թերևս, մեր ուժերով շենքը նորոգենք և վերածենք գեղարվեստի, սպորտի դպրոցների:

Համայնքապետը մեծապես կարևորում է նաև բնակչի հետ առողջ, բնականոն փոխհարաբերությունների ձևավորման անհրաժեշտությունը: Իսկ գյուղացիների հետ զրույցից պարզ դարձավ, որ շատ գոհ են իրենց ղեկավարից, իր լավ աշխատանքով կանգնած է յուրաքանչյուրի կողքին: «Կանգնած եմ գյուղացու կողքին,- հավաստիացրեց պարոն Գրիգորյանը:- Ապրում եմ գյուղում, իրենց հետ եմ ամեն վայրկյան, ընդհանուր խնդիրներին վերաբերվում եմ` ինչպես անձնականիս կվերաբերվեի: Գյուղն իմ մեծ ընտանիքն է…»: Վստահությունն ու հարգանքը փոխադարձ են, բնակիչներն էլ իրենց համայնքապետի կողքին են` գնահատելով կատարված աշխատանքները և գյուղի ու գյուղացու նկատմամբ նրա նվիրումն ու սրտացավությունը: 

Լինելով երիտասարդ, Արտաշես Գրիգորյանը  մեծ եռանդով ու նվիրվածությամբ է լծված գյուղի ղեկավարման գործին` նպատակ ունենալով Վանաշենը դարձնել զարգացած ու լավագույն համայնքներից մեկը։ Գյուղը, իրոք, նրա ղեկավարման օրոք մեծ առաջընթաց ու զարգացում է ապրել: Պարզ է, որ մոտ 2300 բնակիչ ունեցող համայնքում խնդիրներ քիչ չեն լինի, և ի պատիվ համայնքի ղեկավարի` պետք է արձանագրել, որ եղած խնդիրները ժամանակին գտնում են իրենց լուծումը, բնակիչների պահանջներն ու ցանկությունները փոքրիշատե բավարարվում են:

Հավելենք, որ Վանաշենում պատշաճորեն են նշվում բոլոր տաղավար տոները: Մասնավորապես, շատ մեծ տեղ է տրվում այն տոներին ու հանդիսություններին, որոնք վերաբերում են մատաղ սերնդի հայեցի դաստիարակությանը…

Mnews.am