Քոչարյանի առաքելությունը դեռ չի ավարտվել. Անդրանիկ Թևանյան

1

Այսօր Արցախի 1–ին ու Հայաստանի 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձն է։ 65–ամյակը նա դիմավորում է անազատության մեջ։

Հեղափոխությունն արվեց սիրո և համերաշխության կարգախոսներով, բայց դրա շարժիչ ուժը չարությունն էր, նախանձն ու անհանդուրժողականությունը։ Ինչո՞ւ այդտեղ հասանք, ինչո՞ւ այդքան իջանք … մտածելու թեմա է։

Ծննդյան տարեդարձը հետ նայելու, խորհելու և դեպի ապագան միտված հայացք նետելու առիթ է պետության ճակատագրում լրջագույն դերակատարում ունեցած, ունեցող և ունենալիք մարդկանց դեպքում։ Քոչարյանը բացառություն չէ։

Քաղաքական գործիչների ու հատկապես բարձրաստիճան պաշտոնյաների մասին ծայրահեղ դրական կամ ծայրահեղ բացասական գնահատական տալը թեև նորաձև է, բայց սխալ։ Նրանք սովորական մահկանացուներ են՝ իրենց թերություններով ու դրական կողմերով։ Ամեն ինչ պետք է գնահատել արդյունքներով ու համեմատության մեջ։

Ռոբերտ Քոչարյանի մասին գրեթե չկան միջինացված կարծիքներ։ Նրան կա՛մ ընդունում են, կա՛մ չեն ընդունում։ Այստեղ իր գործն արել է նաև քարոզչությունը։

Եթե նրա նկատմամբ վերաբերմունքը սև–սպիտակային է, ապա դա նշանակում է, որ նա ունի բնավորություն, սեփական տեսակետ, կայուն վարքագիծ ու սեփական «ես»։ Այդ «ես»–ը կարող է ընդունվել, կարող է չընդունվել, բայց չի կարող հաշվի չառնվել։ Այդ «ես»–ի հետ հաշվի են նստել և՛ երկրի ներսում, և՛ երկրից դուրս։

Քոչարյանի կառավարման տարիները և՛ Արցախում, և՛ Հայաստանում անամպ չեն եղել։ Արձանագրվել են նաև սխալներ, բայց գրանցված արդյունքների համեմատ՝ դրանք խամրում են (պատկերավոր ասած՝ եթե ֆուտբոլային թիմը հաղթում է, ապա երկրորդ պլան է մղվում այն, որ նաև գոլ ենք «կերել» խաղի ժամանակ, կամ հաղթող թիմի խաղացողներից մեկը հեռացվել է կարմիր քարտի պատճառով)։ Կարևորն արդյունքն է։ Իսկ արդյունքը փայլուն է։ Ունենք ազատագրված Արցախ։

Հաղթելը մի բան է, հաղթանակը պահելը՝ ավելի դժվար բան։ Քոչարյանին՝ որպես ՀՀ նախագահի, հաջողվեց հետ պտտեցնել Արցախի ու Հայաստանի գլխին կախված սուրը՝ հակամարտության կարգավորման տխրահռչակ «փուլային» տարբերակի տեսքով։

1998–ի իշխանափոխությունից հետո տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ միջազգային հանրության մոտ լեգիտիմ մակարդակով ամրագրվեց այն կետը, ըստ որի՝ Արցախն ունի ինքնորոշման իրավունք Ադրբեջանի կազմից դուրս։ Այս հանգամանքը մեր հանրության լայն շրջանակների մոտ ֆիքսված ու գիտակցված չէ, իսկ դա նշանակում է, որ մենք կարող ենք ծանր գին վճարել պատմության այդ դասից բացակայելու և պատմության ուսուցչի ասածները չլսելու համար։

Քոչարյանը Հայաստանի կառավարման ղեկը ստանձնեց «պատերազմի» կուսակցության ներկայացուցչի պիտակով, բայց կյանքը ցույց տվեց, որ նա իրակա՛ն խաղաղության կողմնակիցն ու ապահովողն է։

Քոչարյանը տնտեսությունը ստացավ 1,9 միլիարդ դոլար ՀՆԱ–ով, իսկ երբ ավարտվեց նրա նախագահության ժամկետը, ՀՀ ՀՆԱ–ի չափը շուրջ 6 անգամ ավելացել էր։ Պետական բյուջեն ընդունեց 300 միլիոն դոլարով, իսկ 2008–ին մենք արդեն ունեինք 2,5 միլիարդ դոլարի հասնող բյուջե, այսինքն՝ աճը 8 անգամից ավելի էր։

Պարադոքսալ է և ինչ–որ առումով օրինաչափ, որ համեմատության մեջ Հայաստանի ամենաարդյունավետ ղեկավարն այսօր փակի տակ է։

Պարադոքսալ է, քանզի Հայաստանը տնտեսական նոր մակարդակի բարձրացրած ու մեր երկրի անվտանգությունը «փուլային» թակարդից դուրս բերած մարդը չպետք է կալանավորված լիներ (թերևս գործ ունենք հայտնի խոսքի հետ, ըստ որի՝ ոչ մի լավ գործ անպատիժ չի մնում)։

Քոչարյանը կալանավորված է, մինչդեռ «փուլայինի» գաղափարական արեալի թերմացքը և հակապետական մտածողության կրողն այսօր «հպարտ» քաղաքացիների սիրելին է (թեև շուտով հայտնվելու է նույն «հպարտների» ոտքերի տակ և այդ ժամանակ ստանալու է պետական մտածողություն ունեցող շրջանակների պաշտպանությունը՝ հումանիտար միջանցքի տեսքով)։

Իսկ օրինաչափ է Քոչարյանի կալանավորումը, քանզի երբ դու չես զբաղվում քաղաքականությամբ, ապա քաղաքականությունն է զբաղվում քեզնով։ Օրինաչափ է նաև այն պատճառով, որ պետականության երկարաժամկետ բացակայությունը մեր ժողովրդի մի մասին դեռ հնարավորություն չի տալիս դառնալ քաղաքացիական հասարակություն ու ստիպում է մնալ մանիպուլացվող ամբոխի կարգավիճակում։

Այնպես է ստացվել, որ Քոչարյանի անձնական ուղին համընկել է Արցախի ու Հայաստանի ուղու հետ։ Նրա կենսագրությունը մեր երկրի կենսագրության հետ է զուգահեռվում։ Այդ կենսագրությունները համարյա իդենտիկ են դարձել։ Ու հիմա, երբ այդ կենսագրությունը կալանավայրով է անցնում, բոլորս պետք է մտահոգվենք։ Մտահոգվենք ոչ միայն մարդու, այլ նաև պետական քաղաքականության ճակատագրով։

Քոչարյանի քաղաքական կարիերան անցել է «պատերազմ–հաղթանակ–խաղաղություն–զարգացում–պաշտոնավարման ավարտ» շղթայով։

Բրիտանացի պատմաբան Առնոլդ Թոյնբին քաղաքական զարգացումների սցենարը և լիդերների ճակատագրերն ուսումնասիրում էր «հեռացում–վերադարձ» պրիզմայով։
Քոչարյանը հեռացել էր, բայց հիմա պետության «անտեսանելի ձեռքը» նրան վերադարձրել է ակտիվ քաղաքականություն։ Նշանակում է՝ Քոչարյանի առաքելությունը դեռ չի ավարտվել։ Թե ինչ կարգավիճակով ու ինչ ձևով կդրսևորվի այդ առաքելությունը, նա խոսել էր իր վերջին հեռուստահարցազրույցի ժամանակ՝ զուգահեռաբար առաջ քաշելով «Կոնսենսուս մինուս մեկ» բանաձևը։

Այդ բանաձևի շրջանակներում պետք է «ոչ» ասվի ատելությանը, դիլետանտիզմին, հայաստանցի–ղարաբաղցի տեղեկատվական դիվերսիային, Արցախում դավադիրների փնտրտուքին, մեր հաղթանակած բանակի վարկաբեկմանը, քաղաքական հետապնդումներին, բոլշևիկյան գործելաոճին, հիվանդագին մտասևեռումներին և «այո» ասվի պետության զարգացմանը, կառավարման կոմպետենտությանը, համախմբմանը, մեր հաղթանակներին տեր կանգնելուն, մեր ժողովրդին չպառակտելուն, տնտեսական աճին, անվտանգության ապահովմանը։

Հ.Գ.։ Դատելով ամենից՝ Ռոբերտ Քոչարյանի տարեդարձը շնորհավորելու առումով էլ «Կենսենսուս մինուս մեկ» բանաձևը գործեց Արցախից մինչև Ռուսաստան, Երևանից մինչև Ստեփանակերտ, սոցիալական ցանցերից մինչև Կրեմլ։ Բոլորը շնորհավորեցին՝ ցույց տալով, որ այն մեկը՝ փոքր մարդը, մենակ է մնացել իր հոգեբանական տվայտանքների հետ։