mnews

12 Սեպտեմբերի, 2017

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Անդրիաս Ղուկասյանի գործով դատական նիստը, հայտնում է armtimes.com-ը:

Ղուկասյանը մեղադրվում է 2016 թվականի հուլիսին Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու, «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ:

Դատավարության ժամանակ Ղուկասյանը միջնորդություն է ներկայացրել նոր վկա՝ Երեւանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանին ներգրավելու մասին: Որպես միջնորդության հիմնավորում Ղուկասյանը նշեց հետեւյալը. «2016 հունիսի 24-ին ոստիկանության Երեւանի վարչության պետ Աշոտ Կարապետյանից անձամբ տեղեկացա, որ իշխանություններն ունեն տեղեկություն՝ Սեֆիլյանի համախոհների կողմից հնարավոր հարձակման մասին, սակայն հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ ՊՊԾ գնդի պահպանման ուղղությամբ որեւէ քայլ չի ձեռնարկվում: Աշոտ Կարապետյանին ի պաշտոնե հայտնի է եղել ՊՊԾ գնդի վրա հարձակման մասին: Ինչո՞ւ տեղյակ լինելով հարձակման մասին՝ չեն ուժեղացրել ՊՊԾ գնդի պահպանությունը:

Ինչո՞ւ հարձակման մասին իմանալուց րոպեներ անց փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը կամավոր ներս են մտել ՊՊԾ գնդի տարածք: Ինչո՞ւ հուլիսի 17-ին ոստիկանության զրահամեքենան կրակ արձակեց «Սասնա ծռեր» խմբի անդամների եւ բարձրաստիճան ոստիկանների ուղղությամբ: Ովքե՞ր են եղել այն անձինք, որոնց կրակոցից վիրավորվել է ոստիկան Ռոբերտ Հայրապետյանը: Ինչո՞ւ հուլիսի 29-ի հանրահավաքից առաջ, երբ հայտարարվեց «Սասնա ծռեր» խմբի հետ իշխանությունների բանակցությունների վերսկսման մասին, իրավապահները փոխհրաձգություն հրահրեցին, որի հետեւանքով վիրավորվեցին խմբի երկու անդամները»:

Դատարանը, սակայն մերժեց Աշոտ Կարապետյանին որպես վկա հարցաքննելու միջնորդությունը, իսկ փորձագետի եզրակացությունը գործին կցելու միջնորդությունը բավարարեց:

kotayk

Լրահոս