25 Դեկտեմբերի, 2017
Armtimes.com-ը գրում է. Աշտարակում 2018 թվականը ճոխ են դիմավորելու: ՀՀ ֆինասների նախարարության գնումների պաշտոնական համակարգից տեղեկանում ենք, որ Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը դեկտեմբերի 13-ին, պայմանագիր է կնքել անհատ ձեռներեց Եղիսաբեթ Ալմազյանի հետ:

Վերջինս պայմանագրի շրջանակներում պարտավորվել է ապահովել Աշտարակի տոնական արդուզարդի պարագաները: Ուշագրավն այն է, որ Աշտարակի տնտեսագետ քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը ոչ ավել և ոչ պակաս մոտ 3000 տոնածառի լույս և այլ զարդարանքի պարագաներ է գնել, որի համար վճարել է 18 մլն դրամ:

Մասնավորապես, Շահվերդյանի տոնական ցուցակում ներառված է 80 հատ հրեշտականման զարդ, որոնցից յուրաքանչյուրը, ըստ գնումների տեղեկագրի արժե 140 հազար դրամ: Հրեշտակների համար հատկացվել է 11 մլն 200 հազար դրամ:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ «2018» գրության համար քաղաքապետարանը վճարել է 190 հազար դրամ:

Համայնքային բյուջեի հաշվին կատարվող ճոխ գնումների թեմայով՝ «Հայկական ժամանակ»-ը փորձեց զրուցել Թովմաս Շահվերդյանի հետ: Սակայն, ինչպես քաղաքապետարանից տեղեկացրեցին, Շահվերդյանն Աշտարակի փողոցներում է, վերահսկում է քաղաքի զարդարման աշխատանքները, քանի որ այսօր երեկոյան տեղի է ունենալու «լույսերի հանդիսավոր միացման արարողությունը»:

Մանրամասները՝ այստեղ:

kotayk

Լրահոս