21 Մայիսի, 2018
1in.am-ը գրում է. Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սամվել Ուզունյանի նախագահությամբ ավարտվել է Արմինե Խ.-ի գործի դատական քննությունը:

1977 թվականին ծնված Արմինե Խ.-ին նախաքննական մարմինը մեղադրանք էր առաջադրել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Սպանվածը Արմինեի ամուսնու երեք ամսական դուստր Մարիան էր:

Գործի քննության ընթացքում Արմինե Խ.-ի մոտ ախտորոշվել է հոգեկան հիվանդություն, անվտանգության նկատառումներով նա տեղավորվել է «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայում:

Ըստ մեղադրանքի՝ Արմինե Խ.-ն 2004 թվականին ծանոթացել է Հակոբ Հ.-ի հետ, նրանք փաստական ամուսնական հարաբերությունների մեջ են մտել, համատեղ բնակվել են Աշտարակում: Նույն՝ 2004 թվականին, ըստ մեղադրանքի, Հակոբը ծանոթացել է ևս մի կնոջ՝ Անժելայի հետ, նրան էլ է տարել իր տուն, նրա հետ նույնպես գտնվել է փաստական ամուսնական հարաբերությունների մեջ. Հակոբը երկու կանանց հետ ապրել է նույն տանը…

2007 թվականի դեկտեմբերի 8-ին Անժելան ծննդաբերել և աղջիկ երեխա է ունեցել: Անունը  Մարիա են դրել:

2008 թվականի մարտին, գործով չպարզված օրը Արմինե Խ.-ն երեք ամսական Մարիային սպանելու դիտավորությամբ քարով հարվածել է երեխայի գլխին ու սպանել է…

Դրանից հետո Արմինեն տանից փախել է Երևան:

Սպանված երեխայի ծնողները՝ Հակոբն ու Անժելան, տանը հայտնաբերելով փոքրիկ աղջնակի դիակը, իրենց գետնափոր տանը կից հողամասում՝ պատի տակ փոս են փորել ու թաղել են երեխային:

Երեխայի դին արտաշիրմվել է թաղումից յոթ տարի անց՝ 2015 թվականի հոկտեմբերի 15-ին: Արմինե Խ.-ն կալանքի տակ է առնվել հոկտեմբերի 17-ին, իսկ հոկտեմբերի 22-ին նա տեղափոխվել է հոգեբուժարան:

Սպանված երեխայի իրավահաջորդ, նրա հայր Հակոբ Հ.-ի ցուցմունքով՝ ինքն Արմինեի հետ ծանոթացել է 2004 թվականին: Սիրել են իրար, Աշտարակում ապրել են իրար հետ, ունեցել են 3 երեխա: Ինքը ծանոթացել է նաև Անժելայի հետ, ինտիմ կապի մեջ է եղել հետը, նրան էլ է բերել իրենց Աշտարակի տուն: Իրենց կապից 2007   թվականի դեկտեմբերին աղջիկ երեխա է ծնվել, անունը դրել են Մարիա:

Աշտարակում ապրել են գետնափոր տանը՝ ինքը, մայրը, Արմինեն, Անժելան: Դա հոլիկ էր՝ տուն չէր, այնտեղ նույնիսկ վառարան դնել հնարավոր չէր: Անկողին էլ չունեին՝ անկողինը բաղկացած էր մի քանի երկար «պլաշներից»: Նորածին Մարիային Անժելան պահում էր իր գրկում՝ «ադյալով փաթաթած»: Երեխան հաճախ լաց էր լինում, հիվանդանում ու հազում էր:

Հակոբը դատարանում պնդել է, թե չի հավատում, որ Արմինեն է սպանել երեխային, Արմինեն, ըստ Հակոբի, երեխային սիրել է: Ինքն այդ ժամանակ հաճախ էր վիճում Անժելայի հետ, կասկածում էր՝ Մարիան ի՞ր աղջիկն է: 2009 թվականից իրենք բնակություն են հաստատել հանրակացարանում:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

kotayk

Լրահոս