2 Նոյեմբերի, 2016

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ վաստակավոր արտիստներ Տիգրան Ներսիսյանի և Նելլի Խերանյանի դուստրը` Անի Ներսիսյանը, բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին և ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին` նշելով, որ դիմում է գրել և հեռացել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտից, որտեղ դասախոսում էր: Ըստ Անի Ներսիսյանի` պատճառը ցածր աշխատավարձն էր: «Այդ խղճուկ, ծիծաղելի,ողորմելի աշխատավարձով ինչպես շարունակի աշխատել ուսուցիչը, դասախոսը, որն ընտանիք ունի, երեխաներ ունի, երազանքներ ունի, արժանապատիվ ապրել է ուզում, և վերջապես մարդ է»,-գրել էր Անի Ներսիսյանը: Asekose.am-ն այս առիթով զրուցել է Նելլի Խերանյանի հետ:

-Տիկին Խերանյան, որքանո՞վ տեղյակ եմ, Դուք և Տիգրան Ներսիսյանը հորդորում էիք ձեր դստերը չհեռանալ ինստիտուտից: Ինչո՞վ էր պայմանավորված այդ հանգամանքը, գուցե լավատեսությա՞մբ:

-Արդեն գրեթե 3 տարի ես իմ հերթին, Տիգրանն իր հերթին համարյա ամեն առավոտ խոսում էինք այդ թեմայով: Անին աշխատանքի գնալիս միշտ դժգոհում էր`ասելով, որ վիրավորական է: Նա նշում էր, որ ո՞ւմ է այդ քայլով խաբում և ինչո՞ւ է այդ ամենն անում: Մենք փորձել ենք հանդարտեցնել Անիին: Եթե մարդ հույս էլ չունենա, ամեն բան պետք է ավարտված համարենք, գուցե այդ սկզբունքից ելնելով է, որ Անիին մշտապես հորդորել ենք շարունակել աշխատանքը, գուցե ինչ-որ բան փոխվեր, գուցե առաջընթաց լիներ: Բայց օրերս կայացրած այդ որոշումը գտնում եմ, որ ճիշտ էր, ինչքան էլ որ 3 տարի հակառակն եմ փորձել համոզել նրան: Իմ սրտի խորքում գիտեի, որ այդպես անհնար է, վիրավորական է, արհամարհանք է երիտասարդի հանդեպ, առհասարակ, մանկավարժի հանդեպ: Վերջապես, եթե սերնդափոխություն չպետք է լինի, ստացվում է, որ երիտասարդներ չպե՞տք է գան, չպե՞տք է փոխարինեն ավագներին, ովքեր վաստակ ունեն, չէ՞ որ նրանց կողքին պետք է աշխատեն, նրանցից պետք է սովորեն, գուցե, ինչ-որ բաներ էլ սովորեցնեն, որովհետև ավելի թարմ ուղեղ և արյուն է գալիս: Սակայն այս հարցերը մենք չէ, որ պետք է քննարկենք, այս հարցերը պետք է քննարկվեն ավելի վերին ատյաններում, սա պետք է քննարկվի հենց ինստիտուտի ներսում, պետք է այս ամենն ինստիտուտի ղեկավարությանը մտահոգի: Այնքան պետք է մտահոգի, որ ամենօրյա պայքարի և առաջընթացի խթան լինի: Ես գիտեմ նաև, որ սա միակ բուհն է, որտեղ դասախոսն այդքան քիչ է վարձատրվում, գուցե, այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Եթե սխալվում եմ, թող ինձ ներեն: Դերասանական արվեստի, մշակութային սերնդափոխության նկատմամբ այսքա՞ն վատ վերաբերմունք:

-Ի՞նչ եք կարծում ցածր աշխատավարձը կարո՞ղ է վնասել նաև դասախոսների, մանկավարժների աշխատանքի արդյունավետությանը:

-Չի կարող դասախոսը լիարժեք նվիրված աշխատել, եթե այդպես է վարձատրվում: Եթե որևէ մեկը կարծում է, որ միայն էնտուզիազմի վրա կարելի է դա անել, ինչ կարող եմ ես ասել, խոնարհվում եմ իր առաջ, սակայն իմ խորին համոզմամբ` դա այդպես չէ: Միայն էնտուզիազմի վրա դա հնարավոր չէ, մանավանդ`աղջկաս տարիքում, երբ մարդու արյունը եռում է, երբ մտքեր, տեսլական և երազանքներ ունի, չի կարելի այդպես: Եվ այս ամենի մասին բոլորն էլ գիտեն, բոլորն էլ վրդովված են, բոլորն էլ մտորումների մեջ են` հեռանալ, թե՞ մնալ: Մեր աղջկա դեպքում, գուցե, աղմուկը մի փոքր շատ էր, գուցե մեկ ուրիշի դեպքում այսքան չխոսվեր:

-Տիկին Խերանյան, իհարկե, հստակ թվեր չեք կարող նշել, բայց, այնուամենայնիվ, ի՞նչ տեսակ աշխատավարձի մասին է խոսքը:

-Ներեցեք, ես ամաչում եմ այդ մասին խոսել: Ես գետինն եմ մտնում դրա համար, թող ասեն նրանք, ովքեր աշխատում են այդտեղ: Ես ինձ թույլ չեմ տա այդ ողորմելի գումարի մասին բարձրաձայնել, բայց այն, ինչ ստանում էր իմ աղջիկը, ամաչելու բան է դրա մասին խոսելը:

-Եթե պատկերն այդպիսին է, այդ դեպքում, ինչո՞ւ էիք հորդորում նրան չհեռանալ:

-Նախ Անին այդ ամենը շատ մեծ նվիրումով էր անում, ես դա տեսնում էի: Ես ծնող եմ և իմ երեխայի համար լավագույն ապագան եմ ուզում, դա իմ ամենամեծ երազանքն է: Գուցե սխալվել եմ, բայց այսքան տարիներ պնդել ենք, որ նա մնա: Եթե հույս չունենանք, որ որևէ բան պետք է փոխվի, ես կանջատեմ լույսերը և կհեռանամ այստեղից:

-Տիկին Խերանյանը, Տիգրան Ներսիսյանը Ձեր դստեր բաց նամակի վերաբերյալ արդեն նշել է, որ մեր իրականության մեջ այդքան արագ չեն արձագանքում նման խնդիրներին, որովհետև սա հերթական ահազանգն է այս մեծ խնդրի վերաբերյալ:

-Ես էլ եմ այդ կարծիքին, ուղղակի ինչ-որ մեկն այս պարագայում չի լռել և բարձրաձայնել է այդ մասին, ընդամենը… Ես կասկածում եմ, որ փոփոխություններ կլինեն, թույլ տվեք այս պահին օգտագործել «կասկածում եմ» բառը: Եվ հարցն այստեղ Անիի բաց նամակը չէ, այլ` վերաբերմունքն ընդհանրապես պետական համակարգում աշխատող մարդու նկատմամբ: Բազմաթիվ այդպիսի ընտանիքներ կան, որտեղ ընտանիքի բոլոր անդամներն աշխատում են պետական հիմնարկներում, հիմա եթե այդ ընտանիքները սկսեն լավ ապրել և կհասկանամ, որ ինչ-որ տեղաշարժ կա երկրում: Եթե ամեն ինչ պետք է մնա այնպես, ինչպես որ կա, ուրեմն ոչ մի տեղաշարժ չկա, ընդհակառակը` մարդ ով տեղում դոփում է, ըստ իս` նաև հետ է քայլում:

-Այստեղից հետևություն, որ Ձեր դստեր բաց նամակը դեռ որևէ արձագանք չի ստացե՞լ:

-Որքան ես եմ տեղյակ, վարչապետի օգնականն արդեն գրել է Անիին, սակայն այլ մանրամասների չեմ տիրապետում: Աստված տա, որ բարեփոխումներ լինեն, որովհետև մարդիկ այդ ինստիտուտում և այլ բուհերում տարիներով իրենց կյանք են մաշում, իրենց գիտելիքներն են փոխանցում, չի կարելի այդպես: Առհասարակ, խոսքը միայն այս ոլորտի մասին չէ, չի կարելի այսպես շարունակել, համբերության բաժակ է լցվում, ցավոք սրտի, երիտասարների մոտ շատ ավելի արագ է դա տեղի ունենում (չնայած` նաև բարեբախտաբար, որովհետև ավելի ազատատենչ են ): Աստված չանի, որ մի օր էլ աղջիկս ասի, որ հեռանում է երկրից: Ես վախենում եմ այդ օրվանից:

Հավելենք, որ Asekose.am-ի հետ զրույցում Անի Ներսիսյանը հաստատել է, որ Կարեն Կարապետյանի օգնականները կապ են հաստատել իր հետ, սակայն դեռևս չցանկացավ այդ մասին մանրամասներ հաղորդել:

kotayk

Լրահոս