25 Հոկտեմբերի, 2019

Արարատի մարզի քննչական վարչությունը պարզել է երիտասարդ կնոջ դաժան սպանության հանգամանքները ու մեղադրանք առաջադրել վերջինիս ընկերոջը:

Ողբերգական սպանությունը տեղի է ունեցել Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ` մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը: «Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել է, որ Մասիսի բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի կին` բազմաթիվ վնասվածքներով: Նրան հիվանդանոց էր տեղափոխել հենց բռնարարը` անմարդակային ծեծի ենթարկելուց հետո:

Պարզվում է` տուժողն ու բռնարարը ճանաչել են միմյանց, գտնվել մտերմիկ հարաբերությունների մեջ:

Տղամարդը` ծնված 1993 թ. դեպքի օրը` 2019թ. մայիսի 8-ին’ ժամը 23.30-ի սահմաններում, իր կողմից վարած «Միցուբիշի Պաջերո Իո» ավտոմեքենայով ընկերուհուն տարել է Մասիս քաղաքի գերեզմանատան հետնամասում գտնվող դաշտամիջյան հատված, որտեղ նրանց միջեւ առաջացել է վիճաբանություն: Երիտասարդ իր ընկերուհուն, որի հետ շուրջ 5 տարի գտնվել է ընկերական և ինտիմ հարաբերությունների մեջ, մեղադրել է իրեն դավաճանելու, իր ընկերների հետ ինտիմ հարաբերություն ունենալու մեջ: Սակայն վիճաբանությունով ամեն ինչ չի ավարտվել. Նա ընկերուհուն իջեցրել է ավտոմեքենայից ու դաժանաբար ծեծել` իմանալով հանդերձ նրա հղիության մասին:

Քննությամբ պարզվել է, որ երիտասարդը նախ ձեռքերով ու ոտքերով է ծեծել, ապա` ռետինե խողովակով, փայտե մահակով: Բացի այդ` անիվների համար նախատեսված բանալիով հարվածներ է հասցրել հղի կնոջ գլխին, որովայնի, մարմնի այլ հատվածներին: Արդունքում` վերջինս ստացել է բազմաթիվ վնասվածքներ` կրծքավանդակի, գլխի, որովայնի, գոտկային շրջաններում, վերջույթներում:

25-26 շաբաթական հղիության մեջ գտնվող կինը բռնության հետեւանքով տեղում մահացել է:

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ` հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է: Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել հղի կնոջ սպանության համար ու կալանավորվել: Նա ներկայումս գտնվում է Արմավիր քրեակատարողական հիմնարկում:

Հոկտեմբերի 23-ին քրեական գործն ուղարկվել է դատարան:

kotayk

Լրահոս