1 Հոկտեմբերի, 2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Գյումրիի օրվան ներկա չգտնվելու մասին ասել է, այն ինչ ասել է, իսկ ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանի ասածի մասով հարցրեք իրեն. Tert.am –ի հետ զրույցում նման մեկնաբանություն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանը՝ ի պատասխան հարցի, թե Միրզոյանն ու Փաշինյանը նույն հարցի վերաբերյալ տարբեր պատճառաբանություններ ու մեկնաբանություններ էին տվել:

«Մնացած, արդեն, մեղավորների հարցում, աշխատանքային դետալներ են, որոնք հարցի հրապարակային կոնտեքստում այդքան էլ էական չեն»,-ավելացրել է Արման Եղոյանը:

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը, կեսգիշերին մոտ՝ 23։30-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Անկեղծ ասած՝ միայն քիչ առաջ եմ իմացել, որ այսօր նման օր է, ինչը նշանակում է ինչ-որ մեկը իր աշխատանքը չի կատարել: Կգտնեմ նրան ու կպատժեմ:

Չնեղվեք իմ հարազատ գյումրեցիներ»:

Մինչդեռ, Արարատ Միրզոյանը կեսօրին վարչապետի՝ Գյումրիում ներկա չլինելուն միանգամայն այլ բացատրություն էր տվել, ասելով. «Նիկոլ Փաշինյանը շատ է սիրում Գյումրին, խնդրել է իր սերը փոխանցել ու շնորհավորանքը։ Գիտեք, Նիկոլ Փաշինյանը մեկ օր առաջ է վերադարձել մի քանի օր տևած գործուղումից, շատ կուտակված բաներ կային և վարչապետը շտապել է և իր աշխատասենյակում է։ Վստահ եմ, որ ֆիզիկապես ներկա չլինելը ոչ մի բան չի նշանակում»:

 

kotayk

Լրահոս