15 Փետրվարի, 2017

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահող դատավոր Ալեքսանդր Ազարյանի, մերժել է սպանության գործով մեղադրող դատախազի կողմից բերված բողոքը:

Առաջին ատյանի դատարանի դատավճռով երեք ամբաստանյալներից երկուսն արդարացվել են, իսկ մեկին մեղսագրված արարքը՝ վերաորակվել:

Այսպիսով, մեղադրող դատախազը վերաքննիչ բողոք էր ներկայացրել պահանջով ամբողջությամբ բեկանել Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` Բախշի և Էլմիրա Երիցյանների և Ռաֆիկ Մկրտչյանի վերաբերյալ 29.07.2016թ. դատավճիռը:

Մեղադրողը պահանջել էր ամբաստանյալ Բախշի Երիցյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և նրա նկատմամբ սահմանել պատիժ` ազատազրկում 14 տարի ժամկետով, ամբաստանյալ Էլմիրա Երիցյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և նրա նկատմամբ սահմանել պատիժ` ազատազրկում 12 տարի ժամկետով, իսկ ամբաստանյալ Ռաֆիկ Մկրտչյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ սահմանել պատիժ` ազատազրկում 2 տարի ժամկետով:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ըստ մեղադրանքի, ամուսիններ Բախշի և Էլմիրա Երիցյանները նախնական համաձայնությամբ, խմբի կազմում ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել են Արշավիր Բարսամյանին:

Ըստ Ռաֆիկ Մկրտչյանին առաջադրված մեղադրանքի, նա ամուսիններին մատուցելով տաքսի ծառայություն, կատարված հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով օգնել է վերջիններիս, դիակը տեղափոխել են խոհանոց, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում հանցագործության հետքերը չեն կարողացել թաքցնել, քանի որ հանցանքի կատարման պահին բռնվել են ոստիկանության աշխատակիցների կողմից:

Առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Վարդան Աբրահամյանի նախագահությամբ, վերաորակել է Բախշի Երիցյանին մեղսագրվող արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետից՝ մի խումբ անձանց կողմից կատարված սպանություն, ՀՀ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի՝ հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանություն և դատապարտել նրան երեք տարվա ազատազրկման:

Միևնույն ժամանակ դատարանի դատավճռով նրա նկատմամբ կալանավայրի պայմաններում նշանակվել է հարկադիր բուժում՝ նյարդահոգեբույժի հսկողությամբ:

Իսկ Երիցյանի կինը՝ Էլմիրա Երիցյան և Ռաֆիկ Մկրտչյանն արդարացվել են:

Նշենք նաև, որ ամբաստնյալների պաշտպանությունն իրականացրել են փաստաբաններ Կարեն Ղոնյանը, Գուրգեն Գրիգորյանը և Արմեն Ֆերոյանը:

Աղբյուր` Փաստինֆո

kotayk

Լրահոս