15 Հունվարի, 2019
Ես դատական որոշումների հետ որևէ առնչություն չունեմ: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մարդկանց մոտ հարցեր են ծագում՝ բռնեցին, բաց թողեցին, հետո էլի բռնեցին, բաց թողեցին: Ես գիտեմ, որ դա նաև որոշակի նյարդայնություն է առաջացնում: Ուզում եմ արձանագրեմ մի բան՝ ես հույս ունեմ, որ դուք բոլորդ՝ առանց որևէ վերապահման գիտեք, որ ես ինքս այդ բռնել-բաց թողնելու պրոցեսների հետ որևէ կապ չունեմ: Այսինքն՝ դրանք իմ որոշման տիրույթի հարցեր չեն, ոչ թե այն պատճառով, որ որոշումների վրա ազդելու հնարավորություններ չունեմ, այլ հավատում եմ, որ մեր երկրում պետք է արդար դատական համակարգ գոյություն ունենա: Եթե ես չեմ զանգում դատարան, դա դեռ երաշխիք չէ, որ ոչ ոք չի զանգում և հրահանգ չի տալիս, այդ թվում՝ այդ դատական համակարգը ձևավորած մարդկանց շրջանակներից»,- ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորման պահանջով իրականացվող ցույցերի ժամանակ Երևան-Էջմիածին մայրուղու փակման հարցին, նշեց. «Փակում են և անունն էլ դնում՝ բա լա՞վ էր, որ դուք փակում էիք: Մենք փակում էինք, որովհետև երկրում չկար ժողովրդի վստահությունը վայելող իշխանություն, և մենք գիտեինք, որ ժողովուրդն ուզում է իշխանության փոփոխություն: Այսօր քաղաքացիներ կան, ասում են՝ բա մենք իշխանություն չե՞նք, մենք ճանապարհը փակում ենք, իսկ այդ ճանապարհին մնացած քաղաքացին իշխանություն չէ՞: Այսօր մարդիկ կանգնում, ասում են՝ Մանվել Գրիգորյանին բաց են թողել, մենք ճանապարհը փակում ենք, այնպիսի տպավորություն է, որ իրենք են Մանվել Գրիգորյանին բռնել, մենք էլ բաց ենք թողել: Այդ մեր իշխանության գործունեության արդյունքում են տեղի ունեցել բացահայտումներ: Եվ հիմա այն գործողությունները, որոնք անում են ճանապարհները փակելու մասով, անում են ընդդեմ կառավարության: Եթե Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխվել է, դա դեռ չի նշանակում, որ նրա մեղադրանքները վերացել են: Այդ գործի քննությունը գնալու է մինչև վերջ: Ինձ համար էլ էր տհաճ, որ խափանման միջոցի փոփոխության հարցը լսեցի»:

Փաշինյանի տպավորությամբ՝ այս ձևաչափով Էջմիածնում ոմանք փորձում են մանպուլյացիաներ անել և այդ ֆոնի տակ ինչ-որ կլանային հարաբերություններ հաստատել: Նա զգուշացրեց, որ դա չի անցնելու:

«Նախկին կլանային ուժեր դա փորձում են օգտագործել:  Ընդ որում, Էջմիածնում մի քանի կլանային ուժեր են եղել: Ասում են՝ բա լա՞վ էր, որ Նիկոլը ճանապարհ էր փակում, հիմա մենք ենք «փագելու»: Դուք չեք փակելու, որովհետև դրա լիազորությունները չունեք, ժողովրդից այդ լիազորությունը չեք ստացել»,- հավելեց վարչապետը:

Նա խոսեց նաև լրատվամիջոցների աշխատանքի մասին և ընդգծեց, որ լրատվական դաշտի 90%-ը պատկանում է նախորդ իշխանության ներկայացուցիչներին կամ ընդդիմադիր է գործող իշխանությանը:

«Լրատվական դաշտը փորձում է մեր իշխանությունը հանրապետականացնել՝ ասել, որ ոչ մի տարբերություն չկա, այս իշխանությունը նույնպիսին է, ինչպես նախորդ՝ Հանրապետական իշխանությունը: Դա արվում է ցույց տալու համար, որ այն փոփոխությունները, որոնք Հայաստանում տեղի են ունեցել, անիմաստ են, ոչ մի բան չի փոխվել երկրում: Այդ քարոզչական արշավի մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում իմ ընտանիքի ու մերձավոր քաղաքական թիմի դեմ արշավը»,- նկատեց Փաշինյանը:

kotayk

Լրահոս