8 Հունվարի, 2020

Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի այդ դասարանում ամեն ինչ նույնն է, ինչպես տարիներ առաջ: Նույն դասարանում, նույն դաշնամուրի մոտ Մարինա Ստեփանի Գևորգյանն է: Բայց արդեն ոչ որպես աշակերտ, այլ որպես դասատու, և դաշնակահարուհու իր հմտություններն է փոխանցում արդեն ի՛ր սաներին:

Եվ քիչ է ասել, թե միայն պատասխանատվությամբ ու նվիրումով. երեխայի, մարդու մեջ մարդուն գտնելու, գնահատելու, սեփական մարդկային որակներով մասնագիտության նկատմամբ վերաբերմունք ձևավորելու զարմանալի հատկությամբ է օժտված Մարինա Գևորգյանը…

Մանկավարժական իր մեթո՞դն է, թե՞ մարդու իր տեսակը՝ մարդկանց ամեն կերպ օգտակար լինելու նրա մարդկային տեսակը, որ խորը արմատներ ունի և նրան է փոխանցվել լրագրող պապի, զինվորական հոր և բժշկուհի մոր գեներով: Ավելի ճիշտ մարդու իր տեսակն է մանկավարժական այն մեթոդը, որի միջոցով Մ. Գևորգյանը կարողանում է սիրել տալ ստեղնաշարի լռությունն ու այդ լռությունը կախարդական հնչյունների վերածելու նրբին արվեստը հաղորդել նրանց: Ճիշտ այնպես, ինչպես տարիներ առաջ նույն ջերմությամբ ու սիրով, նույն համբերատարությամբ ու մարդու մեջ մարդուն բացահայտելու նվիրումով նույն աթոռին նստած՝ Հասմիկ Ասատուրի Մանուկյանն էր իրեն սովորեցնում…

«Այն համբերատարությունը, համեստությունը, սերը, նուրբ վերաբերմունքը և պրոֆեսիոնալիզմը, որով նա սովորեցնում էր, ամուր հիմք ստեղծեցին իմ երաժշտական ճակատագրի կայացման մեջ: Եթե ես իր մոտ չսովորեի, գուցե երաժիշտ չլինեի»,- խոստովանում է Մարինա Գևորգյանը և մի առանձնահատուկ հարգանքով ու ջերմությամբ շարունակում պատմել երաժշտության իր առաջին ուսուցչուհու մասին, ով մեծ դեր է ունեցել նաև նրա մանկավարժական որակների ձևավորման ու կայացման գործում և ով այսօր էլ երաժշտության մանկավարժության իր բազմամյա փորձառությամբ շարունակում է մնալ նրա կողքին:

Այդ որակների մասին լավագույնս փաստում են Մարինա Գևորգյանի սաների հաջողությունները տարբեր հեղինակավոր մրցույթներին, փառատոններին ու համերգներին: Այսպես, միայն 2019թ-ին նրա սաները մասնակցել են 4 միջազգային մրցույթի. Վարդգես Մկրտչյան՝ «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն, Մարիամ Անուշավանյան՝ «Արտ Մյուզիք» արվեստի միջազգային 10-րդ մրցույթ-փառատոն, Սոնա Սարգսյան՝ «Արտ Մյուզիք» արվեստի միջազգային 10-րդ մրցույթ-փառատոն, Եվա Վարդանյան՝ «Amadeus-2019» միջազգային մրցույթ: Իսկ Կոմիտասի թանգարան-ինստիտուտը հարազատ օջախ է դարձել, որտեղ միշտ սիրով ու ջերմությամբ են արձագանքում Մարինա Գևորգյանի յուրօրինակ, հետաքրքիր նախաձեռնություններին:Նախաձեռնություններ, որոնք առանձնանում են ոչ միայն երեխաների դաստիարակության, երաժշտության և արվեստի նկատմամբ սեր արթնացնելու տեսանկյունից, այլև ինքնաբացահայտման, ամենատարբեր ոլորտներում սեփական ներուժը դրսևորելու հրաշալի հնարավորություն են ընձեռում:

Այստեղ Մ. Գևորգյանի աշակերտները մասնակցել են բազմաթիվ միջոցառումների, համերգների, այդ թվում՝ 2017թ «Երեխաները երեխաներին» դասարանական համերգ, 2019թ Ֆրակոֆոնիայի երկամսյակին նվիրված կամերային երաժշտության երեկո, որոնցում լավագույնս դրսևորվել է Մարինա Գևորգյանի կազմակերպչական տաղանդը:

 Առանձնահատուկ էր հատկապես 2018թ հունիսի 1-ին Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված «Թանգարանը երեխաներին» միջոցառումը, որը յուրօրինակ տոն ու հաճելի անակնկալ էր թանգարանի այցելուների համար: Մ. Գևորգյանի սաներն այդ միջոցառմանը մասնակցեցին որպես էքսկուրսավարներ, նաև հիացրին իրենց դաշնամուրային հմտություններով: Սակայն Մ. Գևորգյանը համոզված է, որ իր սաները բազմաշնորհ են: Նրանցից ամենակրտսերը՝ Անաստասիյա Մամիկոնյանը, սովորում է երաժշտական դպրոցի երրորդ դասարանում: Սիրում է նկարել, պարել, շատ հետաքրքիր զրուցակից է և շատ անմիջական: Ուսուցչուհու բնութագրմամբ՝ համեստ, խելացի և նպատակասլաց Սոնա Սարգսյանը չորրորդ դասարանում է սովորում:

2019թ ապրիլին «Արտ Մյուզիք» արվեստի միջազգային 10-րդ մրցույթ-փառատոնին Սոնան արժանացավ 2-րդ մրցանակի: Սիրում է նկարել և երաժշտություն հորինել: Երազում է դառնալ կոմպոզիտոր և նկարիչ: Երաժշտական դպրոցի վեցերորդ դասարանցի Նարեկ Ղարայանի հետաքրքրությունները ևս շատ բազմազան են. ազգագրական պարեր, մաթեմատիկա և Մարինա Գևորգյանի ամենալուրջ աշակերտը:

Իսկ յոթերորդ դասարանցի Վարդան Ալեքսանյանը ոչ միայն նվագում է, այլև համալրում պատանի երկրապահների շարքերը, ճապոներեն է ուսումնասիրում և մի քանի մրցանակներ ունի սպորտի ոլորտում: Յոթերորդ դասարանում են սովորում նաև Մարիամ Անուշավանյանն ու Վարդգես Մկրտչյանը: Մարիամը «Արտ Մյուզիք»2019 արվեստի միջազգային 10-րդ մրցույթ-փառատոնի դափնեկիր է: Սիրում է պարել, լեզուներ ուսումնասիրել: Ուսուցչուհու բնորոշմամբ շատ բարի է և անկեղծ, նուրբ հոգի ունի, հոգատար է փոքրիկների նկատմամբ և, բացի այդ, նաև խելացի աշակերտուհի է: Վարդգեսը ինքնադրսևորվում է որպես հայրենասեր, ուժեղ կամքի տեր և շատ դաստիարակված երիտասարդ:

2019թ ապրիլին նա «Վերածնունդ»միջազգային 11-րդ մրցույթ-փառատոնին արժանացել է մրցանակի: Բոլոր այդ հաջողությունները Մարինա Գևորգյանը պայմանավորում է մարդու մեջ ամենից առաջ լավը, բարին, գեղեցիկը տեսնելու, գտնելու, գնահատելու շղթայական կապով և հանդես գալիս այդ կապի շարունակականությունն ապահովելու դիրքերից:

Հատկանշական է երիտասարդ ուսուցչուհու ցանկությունը՝ ավանդական դարձնել մարդ-մարդ հարաբերությունների այդ շղթան, երբ ուսուցիչը միայն ուսուցիչ չէ, այլ ընկեր, խորհրդատու, բարեկամ. «Կցանկանայի, որ ինչպես իմ առաջին ուսուցչուհին է ինձ համար առաջին իսկ պահից դարձել հարազատ մարդ, և տարիները միայն խորացրել են այդ մտերմությունը, այդպես էլ ես տարիներ հետո կարողանամ մտերիմ լինել իմ սիրելի աշակերտների հետ, և նրանք էլ ինձ հետ խորհրդակցեն՝ որպես ընկեր»:

Հիրավի, անցնող 2019-ը խորհրդանշական էր և՛ Մարինա Գևորգյանի սաների, և՛ Ալ. Սպենդիարյանի անվ. երաժշտական դպրոցի համար, որն այս տարի հանդիսավոր կերպով նշեց իր հիմնադրման 95-ամյակը: Իսկ առջևում 2020-նն է՝ ծանրաբեռնված ու խոստումնալից:

Հայկանուշ Գրիգորյան

kotayk

Լրահոս