19 Փետրվարի, 2018
Այսօր՝ փետրվարի 19-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:10-ի սահմաններում 2 դիմակավորված ճիվաղ ներս են մտել Բաղրամյան պողոտա 56 հասցեում գործող «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ համար 4 մասնաճյուղ և այնտեղից հափշտակել մոտ 8 մլն դրամ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության մեծ թվով ծառայողներ՝ Երևանի ոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, Ոստիկանության գնդապետ Ալիկ Մարգարյանը, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Սամվել Ասատրյանը, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի մեծ թվով ծառայողներ՝ Երևանի փոխոստիկանապետ Արտակ Պողոսյանի, քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ: Տեղում են նաև Ոստիկանության փորձաքերագետներն ու կինոլոգները:

Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի քննչական վարչության մեծ թվով քննիչներ ՝ վարչության պետի տեղակալ Ահարոն Ներսիսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի175 հոդվածի 3-րդ մասի 1 կետի հատկանիշներով:

Բանկի աշխատակիցները նշում էին, որ դիմակավորվածները եղել են զինված:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

kotayk

Լրահոս