5 Հուլիսի, 2017

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Աշոտ Մարգարյանն ընդամենը հինգ ամիս աշխատելուց հետո հրաժարական է ներկայացրել: Նա երեկ Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Ինձ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն էր աշխատել որպես ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար, որի համար շնորհակալ եմ ՀՀ վարչապետ պրն. Կարապետյանին: Հինգ ամիսների ընթացքում հասցրի խորապես ծանոթանալ սոցիալական ոլորտի խնդիրներին եւ հանդես գալ դրանց լուծման ծրագրերով: Պետք է ընդունեմ, որ դժվար որոշում եմ կայացնում, քանի որ հեռանում եմ պարտքի եւ պատասխանատվության մեծ զգացումով` կիսատ թողնելով սկսածս բարեփոխումները: Առաջիկա տարիներին չեմ տեսնում ինձ պետական համակարգում կամ քաղաքական գործունեության մեջ: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր գործընկերներիս արդյունավետ համագործակցության համար»:

Մեր տեղեկություններով՝ Աշոտ Մարգարյանի հրաժարականն իսկական շոկ է առաջացրել նախարարությունում, Արտեմ Ասատրյանն անգամ մինչեւ կեսօր չի իմացել իր տեղակալի հրաժարականի մասին: Առհասարակ, սոցապնախարարությունում աշխատելու հինգ ամիսները երիտասարդի համար լի են եղել ինտրիգներով, «դեբոշներով», քանի որ նա իր պահվածքով, ելույթներով միանշանակ չէր ընդունվում: Երիտասարդ փոխնախարարը Կարեն Կարապետյանի «ականջներն» էր համարվում նախարարությունում ու ապագա նախարարացու: Թե ինչու է Աշոտ Մարգարյանը հեռացել, կա երկու վարկած՝ կամ նրան ասել են հեռացիր, կամ էլ պարզապես չի դիմացել ինտրիգներին, կոնֆլիկտներին եւ ինքնակամ լքել է պոստը, բայց օրեր առաջ նախարարությունում քննարկման ժամանակ նա այնպիսի long-time ծրագրերի մասին էր խոսում, որոնք հաստատ երեք օր անց հեռացող փոխնախարարին հատուկ չէին, պատմեցին մեր աղբյուրները:

Նշենք, որ Աշոտ Մարգարյանը մինչեւ փոխնախարար դառնալը եղել է վարչապետի օգնականը, իսկ մինչ այդ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի օգնականն էր: Կրթություն ստացել է Երեւանի պետական համալսարանում, Լոնդոնի Համալսարանական քոլեջի մագիստրատուրայում, Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցում: Եվրասիական հետազոտությունների եւ վերլուծության ինստիտուտի համանախագահն է, Երեւանյան գրասենյակի տնօրենը, «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառու: Ունի աշխատանքային փորձ հասարակական եւ մասնավոր ոլորտներում: Ծառայել է ՀՀ զինված ուժերում: Ի դեպ, այժմ, փաստորեն, սոցապնախարարությունում փոխնախարարի երկու թափուր հաստիք կա։ Երկարամյա փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանի՝ խորհրդարան գնալուց հետո նրան դեռ փոխարինող չեն գտել:

Նյութի աղբյուրը ` hraparak.am

kotayk

Լրահոս