19 Նոյեմբերի, 2018
  Երբ իշխանության է գալիս անփորձ ուժը, շատ կարևոր է, որ հակակշռող ուժը լինի փորձառու: Այս մասին Tert.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ ցուցակի առաջին համար Վիգեն Սարգսյանը: Նրա կարծիքով՝ շատ են մարդիկ, ովքեր լրջորեն մտածում են այն մարտահրավերների մասին, որ կարող է իրենից ներկայացնել անփորձ թիմով բարդ ճանապարհ ընկնելը:

Մասնավորապես, խոսքը վերաբերում է ներկայիս իշխանությունների վարած կադրային քաղաքականությանը, ընտրություններից հետո քաղծառայողների կրճատմանը, Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ անտարբեր վերաբերմունքին, ԼԳԲՏ-ը ֆորումին և այլն: «Ես չգիտեմ ինչով է պայմանավորված այս ընտրություններն առաջ բերելու շտապողականությունը: Չեմ կարծում, որ իշխող թիմի վարկանիշը կարող էր այնքան ընկնել, որ նրանք շատ ձայներ չհավաքեին: Հետևաբար, իմ մոտ հարց է առաջանում՝ ո՞րն է նպատակը եղել ընտրություններն ափալ-թափալ առաջ բերելու, կարո՞ղ է ունենալն է հլու-հնազանդ խորհրդարան, որը ցանկացած բերած որոշում, այդ թվում նաև Արցախյան հարցում, կվավերացնի և առաջ կանցնի»,- նշեց նա:

Ըստ Վ. Սարգսյանի՝ արտաքին քաղաքականությունը սիրում է խոհեմություն, բանակցությունները՝ լռություն: «Նախօրոք հայտարարված դիրքորոշումները, կարմիր գծերը բանակցություններում երբեք օգտակար չեն, դրանք կաշկանդում են: Մենք քննադատել ենք այն, թե ինչպես միտինգային էնտուզիազմով երբեմն գործ ունենք շատ նուրբ հարցերի հետ, որոնք կարող են երկիրը բավականին բարդ վիճակի մեջ դնել»,- ասաց նա:

Պաշտպանության նախկին նախարարի խոսքով՝ ամեն ինչ պետք է արվի ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնը պահելու համար, քանի որ ՀՀ-ն մեծ ջանքեր է գործադրել այն ստանալու համար: Ինչ վերաբերում է Բելառուսի և Ղազախստանի վերաբերյալ հայտարարություններին, նա նշեց. «Սուր հայտարարությունը կարճաժամկետ շատ դրական էֆեկտ ունի՝ այն արտաբերած գործչի վարկանիշի տեսանկյունից, բայց երկարատև առումով պարզ չէ, թե ինչքանով է դա օգնելու երկարատև հարաբերություններ կառուցելուն»:


– Ինչո՞ւ Հանրապետականը որոշեց մասնակցել ընտրություններին, եթե գրեթե բոլորի համար ընտրությունների ելքը կանխորոշված է: ՀՀԿ-ականները փաստում են, որ Նիկոլ Փաշինյանը եթե անգամ իր իրերը դնի թեկնածության,միևնույն է՝ հաղթելու են ընտրություններում: Նման պայմաններում ինչո՞ւ մասնակցել ընտրություններին։

– Իրականում քաղաքական գործընթացը ենթադրում է մրցապայքար՝ հակասություն ունեցող ուժերի միջև գաղափարների և քաղաքականության հարցերի շուրջ: Եվ կուսակցությունները ձևավորվում են, ժամանակի մեջ կայանում են որպես գաղափարական հենքի վրա կառուցված միավորներ, որոնք իշխանությունը դիտում են միջոց՝ իրենց տեսլականը կյանքի կոչելու: ՀՀԿ-ն Հայաստանի անկախության հասակակիցն է և իրականում ձևավորվել է մինչև անկախությունը ձևավորված առանցքի շուրջ, որը ազգային գաղափարների շուրջ հավաքված քաղաքական ինքնություն է, որն ունի ասելիք երկրի ապագայի հետ կապված: Տարիներ շարունակ լինելով իշխանություն, Հանրապետականը կուտակել է գիտելիք, փորձ և ձևավորել է քաղաքական ուժեղ թիմ, որն ի վիճակի է այդ հարցերի պատասխանների շուրջ մտնել բանավեճի մեջ: Քաղաքականությունը բանավեճ է, կարծիքների բախում է և առաջիկա ընտրությունները չափազանց կարևոր են. հատկապես հաշվի առնելով, որ կա լայնորեն ընդունված ֆավորիտ: Շատ կարևոր է, որ այդ ֆավորիտը մրցապայքարի մեջ մտնի և հակակշռվի այնպիսի ուժի կողմից, որն ունի հակասություն իր հետ մի շարք առանցքային հարցերում: Եվ Հանրապետականը լինելով երկար տարիներ իշխանություն, չէր կարող հենց այնպես, ուղղակի իշխանությունը փոխանցելուց հետո համարեր, որ կատարել է իր գործառույթը, այլևս ասելիք և անելիք չունի: Դա էր պատճառը, որ կուսակցությունը որոշում կայացրեց մասնակցել ընտրություններին: Ընդ որում, մենք հրապարակել ենք բավականին մանրամասն բանաձև, որտեղ մանրամասն նկարագրում ենք այդ որոշմանը վերաբերող իրականությունները և խնդիրները:

– Երկար տարիներ Հանրապետականն իշխանություն էր, այդ տարիները բավարար չէի՞ն կուսակցության գաղափարները կյանքի կոչելու համար:

– Իհարկե, այդ տարիները եղել են շատ ինտենսիվ աշխատանքի տարիներ և առանցքային մի շարք արդյունքներ կան, որոնք գրանցվել են ՀՀԿ-ի իշխանության տարիներին՝ արտաքին քաղաքականություն, պաշտպանությունից մինչև Արցախյան հիմնահարց, մեր ներքին կյանքի կազմակերպման խնդիրներից, մինչև անդամակցություն ամենակարևոր միջազգային կազմակերպություններին, ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների ամրացումից մինչև ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիր, միաժամանակ ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում Հայաստանի գլխավոր քարտուղարի և հանձնաժողովի նախագահի պաշտոններ ունենալուց, մինչև ֆրանկոֆոնիայի նախագահության ստանձնում: Սրանք բոլորը ՀՀԿ-ի իշխանության տարիների դրական արդյունքներն են:

Շատ նորմալ է, որ տարիների ընթացքում դրականն ու արվածը համարվում է բնական և չեմ կարծում, որ որևէ իշխանություն պետք է ակնկալի, որ իրեն պետք է հավերժ շնորհակալ լինեն այս կամ այն ձեռքբերման համար: Շատ բնական է նաև, որ այդ տարիների ընթացքում կուտակվում է կատարված սխալների, բացթողումների, չհասցրած աշխատանքի շուրջ դժգոհություն և այդ դժգոհությունը բնական կերպով բերում է իշխանության փոխանցման: Դա ոչ մեր երկրում եղած հայտնագործություն է, ոչ էլ առաջին անգամ աշխարհում տեղի ունեցող երևույթ, ինչպես երբեմն վարչապետ Փաշինյանը սիրում է ասել, որ սա աննախադեպ երևույթ էր և այլն: Իրականում, սա շատ ստանդարտ երևույթ է: Կայունության համար շատ կարևոր է, որ հիմնական դերակատարները երկրում՝ լինի դա իշխանություն, ընդդիմություն, քաղաքացիական հասարակություն, մամուլ, անցնեն իրենց կայացման ուղին և յուրաքանչյուր իշխանություն փոխանցելուց հետո զրոյացնել դաշտը, նշանակում է կորցնել առաջընթացի մեծ հնարավորություններ: Հատկապես, երբ իշխանության է գալիս անփորձ ուժը, շատ կարևոր է, որ հակակշռող ուժը լինի փորձառու: Չի կարող լինել ուժեղ երկիր, առանց ուժեղ ընդդիմության:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

 

kotayk

Լրահոս