mnews

22 Նոյեմբերի, 2017

«Ընդամենը կարճ ժամանակ անց՝ դեկտեմբերից, Հայաստանում կսկսեն 13 տարեկան աղջիկներին պատվաստել պապիլոմավիրուսի դեմ: Բայց ներդրվող նոր պատվաստումը շարունակում է միանշանակ չընդունվել, և շատերը դրա մեջ ազգակործան դիտավորություն են տեսնում՝ համոզմունք հայտնելով, որ պատվաստանյութն առաջացնում է չբերություն ու հաշմանդամություն: Ուշագրավ է, որ պապիլոմավիրուսի դեմ պատվաստումը հակառակորդներ ունի նաև բժիշկների շրջանում, թեպետ նրանք փոքրամասնություն են կազմում:

Մարդու պապիլոմավիրուսը (ՄՎՊ) շատ տարածված է բնության մեջ, և մարդկանց 80 տոկոսը կյանքի ընթացքում վարակվում է դրանով։ Վարակվելու ռիսկին հավասարապես ենթարկվում են ինչպես կանայք, այնպես էլ տղամարդիկ։ Փոխանցման ուղին հիմնականում սեռականն է, սակայն հնարավոր է նաև կոնտակտային ճանապարհով։ Վիրուսը կարող է պահպանվել արտաքին միջավայրում և թափանցել օրգանիզմ մաշկի ամբողջականությունը խախտված հատվածների միջոցով։

Պապիլոմավիրուսային վարակը հաճախ հանգեցնում է սեռական օրգանների նախաքաղցկեղային վիճակների (գորտնուկների) և առաջացնում ուռուցք: Առողջապահության ոլորտի պատասխանատուները, հիմնավորելու համար նոր պատվաստման անհրաժեշտությունը, մասնավորապես ընդգծում են, որ արգանդի վզիկի քաղցկեղը, որը կանանց շրջանում տարածվածությամբ երկրորդ տեղում է, առաջանում է այդ վիրուսի պատճառով: Նշում են, որ տարեկան 230-250 առաջնային դեպք է գրանցվում: Բայց միևնույն ժամանակ թեմայի ուսումնասիրության ընթացքում հանդիպում են մասնագիտական կարծիքներ, ըստ որոնց՝ արգանդի պարանոցի քաղցկեղից կարելի է խուսափել՝ տարեկան մեկ անգամ այցելելով բժշկի:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնում աշխատող երիտասարդ բժիշկներից մեկին երբ խնդրեցինք կարծիք հայտնել նոր պատվաստման վերաբերյալ, նա համաձայնեց խոսել միայն անանուն մնալու պարագայում:

«Ես դեմ եմ: Ես իմ աղջկան չեմ տանի պատվաստման, քանի որ այդ վարակը հայտնաբերելը դժվար չէ: Եթե ցանկացած կին վեց ամիսը մեկ գնա ստուգման, արդեն դա պարզ երևում է: Ես դեմ եմ, բայց հիմա ամբողջ աշխարհը կողմ է»,- ասաց ուռուցքաբան-գինեկոլոգը: Հարցին, թե եթե անգամ հաճախակի պարբերականությամբ բժշկին այցելելու դեպքում հնարավոր է վարակը հայտնաբերել ու բուժել՝ կանխելով ուռուցքի առաջացումը, արդյո՞ք պատվաստումը կնոջ կյանքն ավելի հարմարավետ չի դարձնի:

«Բայց պատվաստանյութը, եթե կարդաք, իր կողմնակի ազդեցություններն ու բարդություններն ունի, ու այդպես լրիվ, որ ասեմ հետազոտություններ կան, չգիտեմ: Դրա համար ճիշտ կլինի ավելի փորձառու պրոֆեսորներին հարցրեք»,- առաջարկեց բժիշկը: Կողմնակի ազդեցությունների մասին նա առաջարկեց կարդալ ինտերնետում:

Իսկ այդ աղբյուրում, կա, օրինակ, այսպիսի տեղեկություն. ԱՄՆ-ում 2010 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ պապիլոմավիրուսի դեմ գարդասիլ պատվաստանյութ է ստացել ավելի քան 10.5 միլիոն կին: Հիվանդություններ վերահսկման կենտրոնում ստացվել է 17 160 հաղորդագրություն՝ պատվաստանյութի կողմնակի ազդեցությունների վերաբերյալ: Դրանց 92 տոկոսի դեպքում նշվել է թեթև դրսևորումների մասին՝ ուշաթափություն, ցավ սրսկած տեղում, գլխացավ, ջերմության բարձրացում: Կողմնակի ծանր ազդեցությունների մասին՝ կյանքին սպառնացող հիվանդություն, հաշմանդամություն, մահ, նշվել է 9 տոկոս դեպքերում: Ահազանգվել է պապիլոմավիրուսի դեմ պատվաստում ստացած 56 կնոջ մահվան վերաբերյալ: Հաստատված 30 մահից և ոչ մեկի դեպքում, սակայն պատվաստանյութի հետ կապ չի հայտնաբերվել:

«Պապիլոմավիրուսի դեմ պատվաստման վերաբերյալ իմ կարծիքը դրական է: 70-ից ավելի երկրում ներդրվել է, և կարծում եմ, որ մենք հետ չպետք է մնանք: Ով է ասում, որ այստեղ անխելք մարդիկ են նստած և չեն մտածում երեխաների մասին»,- ասաց Հայաստանում ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն, ուռուցքաբան-գինեկոլոգ, պրոֆեսոր Գագիկ Բազիկյանը:

Հարցին, թե այն դժգոհություններն ու անհանգստությունները, որոնք հիմա կան, որևէ չափով հիմնավոր չե՞ն, նա պատասխանեց. «Ոչ: Ես այդպիսի տվյալներ չունեմ, որ դրանք հիմնավորված լինեն»:

Անդրադառնալով այն դիտարկմանը, որ հաճախակի պարբերականությամբ բժշկին այցելելու դեպքում հնարավոր է խուսափել պապիլոմավիրուսի պատճառով արգանդի վզիկի քաղցկեղի առաջացումից, Բազիկյանը պատասխանեց.

«Մեզ մոտ տասը տարին մեկ անգամ էլ չեն դիմում բժշկի, իսկ պատվաստումը չի վերացնում ամեն տարվա հետազոտությունների անհրաժեշտությունը գինեկոլոգի մոտ: Դա ուղղակի լրացնում է մեկը մյուսին: Չպատվաստված կինը տարին մեկ անգամ բժշկի դիմելու դեպքում կարող է ազատվել քաղցկեղով հիվանդանալու ռիսկից, կարող է՝ չէ: Դա հավելյալ օգնություն է հիվանդության դեմ պայքարում»:

Հ.Գ.Պապիլոմավիրուսի դեմ պատվաստումը Հայաստանում պարտադիր չէ, ինչպես որ մնացած բոլոր պատվաստումները»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

kotayk

Լրահոս