25 Օգոստոսի, 2020

Mnews.am -ի զրուցակիցն է Մյասնիկյան համայնքի ղեկավար Տիգրան Բաղդասարյանը:

-Պարո՛ն Բաղդասարյան,ավանդական դարձած մի հարց՝ ինչո՞ւ որոշեցիք

Ձեր թեկնածությունն առաջադրել համայնքապետի պաշտոնում:

– Ինձ համար ինքնանպատակ չէր գյուղապետ ընտրվելը։ Իհարկե, ես միշտ էլ իմ համայնքի բնակիչների կողքին եմ եղել, օգնել եմ ինչով կարողացել եմ, սակայն ելնելով իմ ընկերական, ինչպես նաև ֆինանսական կարգավիճակից, հասկացա, որ ավելին կարող եմ անել, եթե լինեմ համայնքապետ: Իմ համար մեծ պատիվ է ղեկավարել այն համայնքը, որտեղ ծնվել, մեծացել եմ, որտեղ բնակվում են ընտանիքս, հարազատներս, ընկերներս, համագյուղացիներս։ Իմ համար պատվի հարց է լինել լավ ղեկավար, կառուցել իմ երեխաների, թոռնիկների, իմ համագյուղացիների տունը, իմ հայրենի օրրանը։

-Դեռևս չորս տարի է ինչ ղեկավարում եք Մյասնիկյան համայնքը,

գյուղում արդեն դրական տեղաշարժեր են նկատվում։

Ինչո՞վ է դա պայմանավորված։

– Կատարածս աշխատանքները, բնականաբար, բավարար չեն: Այսօր էլ կան դեռևս շատ չլուծված խնդիրներ, որոնց լուծումը պահանջում է տքնաջան, հետևողական աշխատանք և անմնացորդ նվիրում:Վստահ եմ, որ դրանք կարող ենք իրականացնել սերտ համագործակցելով, փոխադարձ վստահությամբ և համատեղ ուժերով, շարունակելով արդեն ձևավորված բարի ավանդույթները:Անդրադառնալով կատարված աշխատանքներին,նշեմ մի քանի կարևոր խնդիրներ համայնքի համար.

Մանկապարտեզի շենքն է վերանորոգվել,մինչ այդ որևէ նորոգում չէր կատարվել:Վերանորոգվել և կահավորվել է մանկապարտեզի երկու խմբասենյակ: Նորոգվել է  խոհանոցը, սանհանգույցները, ջուր և գազ է անցկացվել: Գույք ենք ձեռք բերել:Այսօր 120 երեխա է հաճախում մանկապարտեզ:Գյուղապետարանի շենքն է վերանորոգել:

ՀՀ կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում ավարտել ենք մշակույթի տան տանիքի վերակառուցման աշխատանքները: Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը կազմել է 18 մլն 685.0 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 30% է, իսկ համայնքի մասնակցությունը` 70%:

Մյասնիկյանի փողոցների զգալի մասը համայնքի բյուջեի միջոցներով ապահովվել ենք էներգախնայող ԼԵԴ լուսատուներով:Վերանորոգվել է մեկ արտեզյան հոր, որը ոռոգման ջրով կապահովի մանկապարտեզի, դպրոցի և մշակույթի տան հարակից կանաչապատ տարածքները:Գյուղամիջյան ճանապարհներն են վերանորոգում, փոսալցման աշխատանքներ  կատարում :

-Պարո՛ն Բաղդասարյան խոսենք 2020 թվականին նախատեսված  աշխատանքներից:

-2020 թվականին Եվրասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի շրջանակում Մյասնիկյանում նախատեսվում է ոռոգման ներտնտեսային ցանցի վերանորոգում:Ինչպես նաև,Մշակույթի տան և դպրոցի մասնաշենքի միջնամասում մինչև տարվա վերջ  կիրականացվի ծառատունկ` հաճելի միջավայր և հավելյալ կանաչապատ տարածք ապահովելով համայնքի բնակչության համար:

-Որքա՞ն է բնակչության թիվը համայնքում.արդյո՞ք համայնքում աշխատատեղերի խնդիր կա, ինչպիսի՞ն են արտագաղթի ցուցանիշները և ինչո՞վ է զբաղվում գյուղացին: ինչպիսի՞ն է սոցիալական վիճակը:

-4475 բնակիչ ունեցող Մյասնիկյանում փոքրիշատե լուծված է զբաղվածության խնդիրը, եթե նկատի առնենք, որ այստեղ բուժամբուլատրիա է գործում և մի շարք այլ հիմնարկություններ կան: Բնակչության որոշ մասը զբաղված է պտղատու այգիներում, հողագործությամբ է զբաղվում:Ինչպես նաև ապրուստի միջոց հայթայթում ՌԴ արտագնա աշխատանքի մեկնելու ճանապարհով:Համայնքում մեծ խնդիր ունենք խմելու ջրի հետ կապված ,քանի որ խողովակները բավականին հին են ,քայքայված,  փոխելու կարիք ունեն,աստիճանաբար նորացնում ենք ողջ ցանցը:

-Ի՞նչ հրատապ խնդիրներ կան համայնքում, որոնք համայնքի բյուջեով հնարավոր չէ լուծել։

-Իհարկե,կան խնդիրներ ,որոնք ուղղակի անհնար են համայնքի բյուջով իրագործել։ Մեր համայնքի հրատապ խնդիրը հիմնականում վերաբերում է ճանապարհաշինությանը՝ ասֆալտապատ ճանապարհներ ունենալու հարցը։

Հաջորդը՝ ոռոգման ջրի խնդիր ունի համայնքը, ինչի պատճառով դժվարություններ են առաջանում հողատարածքները մշակելու գործում: Մյասնիկյանցիների հույսը Մաստարայի ջրամբարի` երկար տարիներ սպասված կառուցումն է:Ջրամբարի գործարկումից կշահեն նաև մի շարք այլ գյուղեր: Մարդիկ սպասում են` հուսալով, որ առաջիկա տարիներին ջուր կունենան:

Մյասնիկյանի  գյուղապետ Տիգրան Բաղդասարյանի  գործելաոճում առաջնահերթությունը միշտ տրվում է զարգացմանը: Գյուղը պիտի ապրի ու զարգանա,գյուղացին պետք է ամեն վայրկյան զգա դրական փոփոխությունների շունչը:

Մյասնիկյանի բնակիչները մեծ հույսեր են կապում իրենց  գյուղապետի հետ: Նրանք տեսնում են, որ համայնքի ղեկավարը, հնարավորության սահմաններում, ամեն ինչ անում է, որպեսզի թեթևացնի գյուղական դժվար առօրյան: Համայնքապետն օգնում է սոցիալապես անապահով ընտանիքներին, ուսումնական տարվա առթիվ այդ ընտանիքների դպրոցական երեխաներին գրենական պիտույքներ է նվիրում: Ի դեպ, գյուղական դպրոցի հետ կապված խնդիրներն այս գյուղում առաջնային են համարվում, դպրոցը մշտապես համայնքապետարանի ուշադրության կենտրոնում է: «Գյուղում, ինչպես ընտանիքում համերաշխություն պետք է տիրի, սեր և հարգանք»,- համոզված է գյուղապետ Տիգրան Բաղդասարյանը :

Սիրո, համերաշխության, փոխադարձ ըմբռնման մթնոլորտում էլ Մյասնիկյանում  փորձում են քարը քարին դնել, ու կամաց-կամաց առաջ տանել հոգսաշատ գյուղի գործերը…

Mnews.am

 

 

 

 

kotayk

Լրահոս