12 Փետրվարի, 2019
 Ես հասկանում եմ, որ ինքս եմ հայտնվել թակարդում, բայց ուզում եմ կիսվել ձեզ հետ իմ փորձով, որ նույն սխալը չանեք։

Ժամանակին mogo.am-ից ավտոյի գրավադրմամբ վարկ ունեի։ Մի քանի ամսում վարկը փակեցի, իսկ վթարի ենթարկվելուց հետո մեքենաս վաճառեցի։
Սեպտեմբերին նոր մեքենա էի ուզում գնել։ Ինձ զանգեցին Մոգոյից, և որպես լավ հաճախորդ (կարևոր հանգամանք է) առաջարկեցին ավտովարկ՝ 18 %-ով։ Բնականաբար, շատ լավ առաջարկ էր, ես էլ մեքենա էի ուզում գնել և օգտվեցի։
Ինձ ներկայացրեցին հիանալի պայմաններ, և անգամ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամսական վճարը շատ էր, ես համաձայնվեցի, որովհետև տրամադրված գումարն էլ քիչ չէր և մտածում էի, որ մարման գումարն ու տրամադրածը համարժեք են։

Եվ միայն մարումների ժամանակացույցը վերցնելիս, երբ ամեն ինչ արդեն ստորագրված էր, նկատեցի, որ 90000 ՀՀ դրամ ամսական վճարից միայն 40000-ը գնում է սպասարկման վճար։

Այո, համաձայն եմ, այդ ամենը ներկայացված է պայմանագրում, որը ես, հիմարի նման, արագ-արագ ստորագրել եմ և մեղքն իմն է, որ սպասարկման վճարի արդեն չեմ էլ հիշում քանի % գրվածը չեմ վերածել դրամի և չեմ հասկացել, որ ծուղակ է։
Բայց, համաձայնվեք, որ ուղղակի աբսուրդ է, երբ վերցնելով 2․300․000 դրամ վարկ, վճարելով 4 ամիս (մայր գումարին ավել վճարելով անգամ), վարկը մարելիս կանգ ես առնում այն փաստի առաջ, որ 4 ամիս անց վարկը դարձել է 2․313․000 դրամ։ Գիտեմ, թվեր են, որ մեզնից շատերին գուցե ոչինչ չեն ասում, բայց այն գիտակցումը, որ օգտագործելով որոշ հանգամանքներ մարդուն դնում են էշի տեղ, ուղղակի անթույլատրելի է։

Ես իմ գումարը հետ չեմ բերի։ Ու էլի եմ կրկնում, լինելով 21-րդ դարի մարդ, ես ՊԱՐՏԱՎՈՐ էի կարդալ կետ առ կետ, տառ առ տառ, ու սեփական աչքերով համոզվել, որ խաբեություն չկա։ Բայց եղածը եղած է և ես հիմա ոչինչ անել չեմ կարող, քանի-որ իրենք առաջնորդվել են իրենց իսկ կողմից գրված օրենքով։
Բայց գոնե կարող եմ բոլորիդ հորդորել, խնդրել, «պահանջել», որ չգնաք նման քայլի, չօգտվեք այս ընկերության ծառայություններից։

Հ․Գ․ Երբեք նման բան չեմ ասել, բայց շատ կուզեի որքան հնարավոր է շատ մարդ տեղեկանար սրա մասին և հերթական զոհը չդառնար։

kotayk

Լրահոս