31 Հուլիսի, 2019

 Sputnik Արմենիան գրում է.

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում քիչ առաջ վայրէջք կատարեց Հուրգադայից ՀՀ քաղաքացիներին Հայաստան տեղափոխող ինքնաթիռը:

Այս չվերթով Հայաստան է վերադարձել 132 հանգստացող։

Sputnik Արմենիայի թղթակցի փոխանցմամբ` Եգիպտոսում մնացած զբոսաշրջիկներից ոմանք բողոքում էին ստեղծված իրավիճակից և նշում, որ փոխհատուցում են պահանջելու, իսկ ոմանք էլ գոհ էին, որ 2 օր երկարել է իրենց հանգիստը։ «Մենք շարունակել ենք հյուրանոցի սենյակներում մնալ, դեսպանատնից մեզ հետ անընդհատ կապի մեջ են եղել, փորձել են խնդիրը լուծեց»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Արգո» տուրի միջոցով Եգիպտոս մեկնած զբոսաշրջիկը։

Երիտասարդ տղամարդը, որը եկել էր օդանավակայան Հուրգադայից վերադարձող կնոջն ու երեխաներին դիմավորելու, պատմեց, որ երկու օրվա հյուրանոցային հավելյալ ծախսերն ինքն անձամբ է հոգացել` Հայաստանից գումարի փոխանցումներ կատարելով։
«Իրենց հետևից եկել են, որ տանեն ինչ–որ տեղ գիշերակացի, բայց ես չեմ թողել, որ գնան։ Մնացածին տարել են այնպիսի միտեղ, որ նույնիսկ չեն ցանկացել ներս մտնեն»,– ասաց նա։
Տղամարդը նշեց, որ իր ու ընտանիքի կրած վնասների փոխհատուցում կցանկանա պահանջել տուօպերատորից, բայց դատարան դիմելու մասին առայժմ չի մտածում։

Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով 100–ից ավելի ՀՀ քաղաքացի զբոսաշրջիկներ մնացել էին Եգիպտոսում։ Չվերթը չեղարկվել է A&R հայկական տուր օպերատորի կողմից հունական Orange to Fly ավիաընկերության նկատմամբ ունեցած ֆինանսական պարտականությունները չկատարելու պատճառով։ Ինչպես արդեն տեղեկացրին Եգիպտոսում ՀՀ դեսպանատնից, արդեն իսկ չեղարկվել է նաև հուլիսի 29-ին նախատեսված նույն ընկերության Հուրգադա-Երևան չվերթը, ինչը ենթադրում է, որ նույն խնդրի առաջ են կանգնելու ևս 100-ից ավելի ՀՀ քաղաքացիներ:

Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ:

 

 

kotayk

Լրահոս