mnews

31 Մայիսի, 2017

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մեզ տեղեկություններ էին հասել, որ մայիսի 29-ի գիշերը թալանել են Սևանի նախկին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի՝ Ուդոյի առանձնատունը, գողացել են մոտ 15 թանկարժեք կոնյակ։ Իսկ դրանից առաջ թալանել էին Սևանի նախկին ոստիկանապետ Վանիկ Ստեփանյանի տունը, ով այդ ժամանակ գտնվել էր արտերկրում։

Ոստիկանությունից հաստատեցին նախկին քաղաքապետի տունը թալանելու լուրը՝ նշելով, որ մայիսի 29-ին հաղորդում են ստացել, որ մայիսի 18-29-ը մեխանիկական ներգործության միջոցով պատուհանի ճաղավանդակը տեղահանելով և բացելով, մուտք են գործել Սևանի Նաիրյան փողոցի 20 հասցեում գտնվող առանձնատուն, գողացել խմիչքներ, ոսկյա զարդեր։ Կապվեցինք նաև Ռուդիկ Ղուկասյանի հետ։

«Խուլիգանություն են արել, էլի, Երևան եմ եղել, օգտվել են առիթից, մեծ բան չէ, սուվենիրնի կոնյակներ են տարել, մամայիս տված ոսկեղենը, դե, ես ոսկեղեն չեմ կրում»,-ասաց Սևանի նախկին քաղաքապետը։

Դիտարկմանը, թե փաստորեն ուրացել են, որ այդքան տարի քաղաքապետ եք եղել, Ռուդիկ Ղուկասյանի ինքնասիրությունը շոյվեց․ «Կյանքը տենց է, եթե ուզում ես ցորեն ստանաս, ավելի շատ պայքարում ես մոլախոտի դեմ, չարը շատ է, լուրջ մարդիկ դժվար լինեն»։

Ի դեպ, նախկին քաղաքապետը մեզ հետ զրույցում հաստատեց, որ վերջերս թալանել են նաև նախկին ոստիկանապետի տունը՝ նշեց, որ հավանաբար նույն մարդիկ են եղել, նույն ձեռագիրն է։ «Ժամանակի ընթացքում Սևանը ոստիկանապետ չի ունեցել, դրա համար էլ տենց է, Վիգեն Աղեկյանի կեղտերն են, նա է Սևանն այդ վիճակին հասցրել, իսկ հիմիկվա ոստիկանապետը շատ կարգին անձնավորություն է, նե՜նց բաժին է սարքել»։

Ի դեպ, Ղուկասյանն այժմ զբաղվում է մասնավոր գործերով, Մոսկվա է գնում-գալիս որդու բիզնես գործերի բերումով։ Հարցին, թե պաշտոն չե՞ն առաջարկել, պատասխանեց․ «Շնորհակալ ենք շատ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

kotayk

Լրահոս