mnews

22 Դեկտեմբերի, 2016

 

Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ Հանրապետության Նախագահի անունից այսօր Նախագահի նստավայրում ընդունելություն է կազմակերպվել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է գործարարներին գալիք տոների առթիվ եւ 2017 թվականին մաղթել հաջողություններ:

Նախագահի խոսքը Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ գործարարների ընդունելության ժամանակ ներկայացնում ենք ամբողջությամբ.

Սիրելի՛ բարեկամներ,

Սրտանց ողջունում եմ ձեզ եւ բարի գալուստ մաղթում Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայր:

Տարիներ շարունակ ձեւավորված ավանդույթի համաձայն մենք հանդիպում ենք տարեվերջին, որպեսզի հրաժեշտ տանք անցնող տարուն, ամփոփենք եղածն ու արածը եւ նախանշենք ապագայի անելիքները:

Ձեռներեցները յուրաքանչյուր հասարակության ամենաաշխույժ խավերից մեկն են: Մենք ձեռնարկատիրության հաջող աշխատանքով ենք ստեղծում նոր աշխատատեղեր, նոր ապրանքներ եւ նոր ծառայություններ:

Գործարարության ամենաանհրաժեշտ նախապայմանն է անհատական նախաձեռնությունը: Դուք արդեն իսկ առանձնացել եք Հայաստանում ձեր ծավալած գործունեությամբ, ուստի եւ ձեզանից յուրաքանչյուրի աշխատանքը պետք է լինի իշխանությունների ուշադրության կենտրոնում:

Հենց այս տրամաբանությամբ է սկսել իր աշխատանքներն արդեն հարյուր օրը բոլորած մեր նոր կառավարությունը: Գալիք տարվա եւ ապագայի համար մաղթում եմ, որ կառավարության եւ ձեռներեցների համագործակցությունը ամրապնդվի ավելի բարձր մակարդակի վստահությամբ:

Անշուշտ, վստահությունը չափելի միավորներ չունի: Այնուամենայնիվ, բոլորս մեր առօրյայից անգամ գիտենք, որ առանց վստահության որեւէ նոր գործ իրականություն դառնալ չի կարող: Այն իրագործելու համար անհրաժեշտ է բազմաթիվ անհատների եւ կազմակերպությունների համատեղ ջանք:

Մեր կառավարությունը հնարավորություն է ընձեռում բոլորիս արդյունավետ համագործակցության նոր հիմքեր դնել՝ հանուն մեր ապագա զարգացման: Այս առումով ես ակնկալում եմ, որ կառավարությունը մատուցելու է որակյալ ծառայություն՝ լինելով ձեր վստահելի գործընկերը:

Վերջին տարիներին իրականացված հետեւողական աշխատանքի շնորհիվ էապես փոխվել է Հայաստանի արտաքին տնտեսական միջավայրը: Այդ աշխատանքի արդյունքում փոխվել են տնտեսական աճ ապահովող գործոնները: Սակայն, պետք է նշեմ, որ որոշ արտաքին մարտահրավերներ ի հայտ են եկել եւ զարգացել են շատ ավելի արագ, քան մենք հասցրել ենք դրանց հարմարվել:

Մի բան ակնհայտ է՝ մեզ անհրաժեշտ է զարգացման արագընթաց աճ: Իսկ դա, իր հերթին, անհրաժեշտ է դարձնում տնտեսական զարգացման նոր շեշտադրումների որդեգրումը: Ռեսուրսների արտաքին ներհոսքի նվազման պայմաններում գերակա է դարձել արտահանման միջոցով տնտեսական աճի խթանումը:

Առաջին քայլերն այդ ուղղությամբ արվել են արտահանմանն ուղղված քաղաքականության նախաձեռնմամբ: 2015-2016թթ-ի արդեն եղած տվյալներից կարելի է եզրակացնել, որ տնտեսությունն ունի որոշակի ներուժ՝ այդ ուղղությամբ զարգանալու համար:

Արտահանման եւ ներմուծման հարաբերակցության 2016թ-ի հունվար-նոյեմբեր ամիսների ցուցանիշները թույլ են տալիս պնդելու, որ արտահանումը պետք է լինի այն շարժիչ ուժը, որ կապահովի հետագա արագընթաց տնտեսական աճը: Այս ուղղությամբ, սակայն, հարկ է աշխատել, եւ չապավինել միայն պետության ռեսուրսներին:

Կարեւորագույն խնդիր է մասնավոր հատվածի ներուժի ամբողջական բացահայտումը՝ կառավարության կողմից որդեգրված պետականի եւ մասնավորի գործակցության բոլոր հնարավոր ձեւաչափերի օգտագործմամբ: Հարգելի՛ տիկնայք եւ պարոնայք, Հայաստանի Հանրապետության մուտքը Եվրասիական տնտեսական միություն դյուրացրեց ապրանքների եւ ծառայությունների շարժն ավելի քան 180 մլն բնակիչ ունեցող շուկայում:

Սակայն, չնայած ակնհայտ առաջընթացին, մենք դեռեւս շատ անելիք ունենք Հայաստանի արտահանման ներուժն ամբողջովին օգտագործելու համար: Մեր գործարարներն ու պետական մարմինները միասին՝ ձեռք ձեռքի տված՝ կարող են լուծումներ գտնել մեր առջեւ ծառացած խնդիրների համար: Այստեղ ոչ միայն մեր պաշտոնյաների նախանձախնդիր եւ հետեւողական վարքն է անհրաժեշտ, այլ նաեւ գործարարի ստեղծագործական միտքը:

Մենք միասին պետք է առաջ քաշենք նոր գաղափարներ, իրականացնենք նոր շուկաների ուսումնասիրություն, ագրեսիվորեն թիրախավորենք այդ նոր շուկաները: Այստեղ, երեւի, ամենաընդունելին է «ագրեսիվ» բառի օգտագործումը՝ ուրիշ տեղ ագրեսիվությունն օգուտ չի տալիս: Օրինակ, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդեն ձեւավորված դեղամիջոցների միասնական շուկան լայն հնարավորություն է ստեղծում այդ ոլորտի հայկական ձեռնարկությունների՝ հատկապես Պատշաճ արտադրական պրակտիկա ունեցողների համար:

Այժմ հարկավոր է, որ մեր արտադրողները խիստ առարկայական, հստակ խնդիրներ բարձրացնեն մեր կառավարության համապատասխան օղակների առջեւ, որպեսզի վերջիններս էլ աջակցեն հայկական արտադրանքի առաջխաղացմանն այդ ընդհանուր շուկայում: Ասածս կարեւոր է ոչ միայն այս ապրանքատեսակի եւ այս շուկայի համար: Նմանատիպ հեռանկարները եւ հնարավորությունները բազմաթիվ են, ընդ որում, ոչ միայն ԵԱՏՄ-ում, այլեւ այլ տարածաշրջաններում:

Մեր առաջնահերթ խնդիրն է ամրապնդել կառավարության եւ գործարար համայնքի փոխվստահությունը՝ նպաստելով մեր հայրենիքի զարգացմանը: Ես շատ լավ գիտեմ, որ ձեզանից ոչ մեկը բաց ու շիտակ խոսակցությունից խուսափողը չէ: Վստահ եղեք, որ ի դեմս կառավարության դուք կգտնեք արժանի զրուցակից: Հարկ է միասնական ջանքերի համադրմամբ նոր հեռանկարներ բացել մեր երկրի համար: Վստահ եմ, որ գալիք մի քանի տարիները մեզ համար բեկումնային են լինելու: Ես ինքս լավատես եմ եւ ակնկալում եմ, որ դուք էլ լավատեսությամբ տոգորված աշխատելու եք հանուն մեր ընդհանուր ապագայի:

Հարգելի՛ գործընկերներ, Խոսքս ամփոփելով՝ սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի կապակցությամբ: Առաջին հերթին բոլորիդ մաղթում եմ քաջառողջություն եւ երջանկություն:

Ձեր ընտանիքներին մաղթում եմ արեւշատություն եւ խաղաղություն:

Ձեր ձեռնարկներին մաղթում եմ հաջողություն, ձեր կազմակերպություններին՝ համերաշխություն եւ, որ շատ կարեւոր է, կայուն շահութաբերություն: Վստահ եմ, որ ձեզանից յուրաքանչյուրի հաջողությունը մեր ընդհանուր հաջողությունն է:

Շնորհակալ եմ եւ սրտանց շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա կապակցությամբ:

kotayk

Լրահոս