25 Դեկտեմբերի, 2017

Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության մեջ մեղադրվող Ռուզաննա Մկրտչյանի շահերի պաշտպանը միջնորդություն է  ներկայացրել կրկնակի դատահոգեբուժական եւ դատահոգեբանական համալիր փորձաքննություն անցկացնելու մասին: NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Նաիրա Պետրոսյանը նշեց, որ փորձագետի կողմից անպատասխան են մնացել հարցերը, թե դեպքի պահին Ռուզաննա Մկրտչյանը հոգեկան ինչ վիճակում է գտնվել:

«Քանի որ փորձագետը որեւէ անդրադարձ չի կատարել, միջնորդել  եմ, որպեսզի կրկնակի փորձաքննություն նշանակվի, բայց հանձնարարել եմ մեկ այլ փորձագիտական հիմնարկի, քանի որ հետազոտական մասը եզրակացությունում ընդհանրապես չկար, ինչը անթույլատրելի է: Հաշվի առնելով գործի տվյալները եւ այն հանգամանքը, որ պաշտպանյալս մինչ արարքը ենթադրաբար կատարելը ծեծվել է ամուսնու կողմից դաժան ձեւով եւ հետեւաբար, հաշվի առնելով նաեւ գործի տվյալները, որ ինքը տարիներ շարունակ դաժան վերաբերմունքի է ենթարկվել իր ամուսնու կողմից, մենք հիմնավորված ենք համարում, որ աֆեկտի վիճակում է եղել: Տարօրինակ է, որ փորձագետն ընդհանրապես անդրադարձ չի կատարել, ոչ էլ բժիշկները»,-ասաց նա:

Նաիրա Պետրոսյանը նաեւ նշեց, որ միջնորդություն է ներկայացրել Ռուզաննա Մկրտչյանին առաջադրված մեղադրանքը վերաորակելու մասին՝ ՀՀ ՔՕ 105 հոդվածով՝ հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանությունը, Ռուզաննա Մկրտչյանին մեղադրանք էր առաջադրվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ ՔՕ 104 հոդվածի հատկանիշներով. «Հաշվի առնելով, որ մենք միջնորդություն ենք ներկայացրել մեղադրանքի վերաորակման հետ կապված, ապա կարող եմ ասել, որ մեղադրանքը ընդունում ենք աֆեկտի վիճակում կատարած արարքի մասով»:

Նշենք, որ ըստ դատահոգեբուժական եւ դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացության՝ Ռուզաննա Մկրտչյանը հոգեկան հիվանդությամբ չի տառապել եւ չի տառապում,  իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ նա ճանաչվել է մեղսունակ:

Ռուզաննա Մկրտչյանը մեղադրվում է ամուսնուն` Մանուկ Սիմոնյանին սպանելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը:

news.am

 

kotayk

Լրահոս