25 Դեկտեմբերի, 2018
Քսանհինգ տարի առաջ ցմահ ազատազրկման դատապարտված Վահագն Մարուքյանը ազատ է արձակվել կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն ունենալու հիմքով, ունի հենաշարժողական համակարգի բորբոքում: Այս մասին Tert.am-ին տեղեկացրել է հենց Վահագն Մարուքյանը:
«Մի ժամ չկա, որ ազատության մեջ եմ, հիմա Վանաձոր ենք գնում, առաջինը պիտի այցելեմ հորս շիրիմին, նոր կգնամ տուն, հասկանամ՝ ինչ է կատարվում, ընտելանամ, հետո կտեսնեմ՝ ինչ եմ անում նաև առողջական խնդիրների հետ կապված: Ես վաղաժամկետի համար օրենքով դիմել եմ, բայց անհիմն պատճառներով ինձ միշտ մերժել են՝ պատճառաբանելով, որ հանրային, սպորտային միջոցառումներին չեմ մասնակցում, եթե 2-րդ կարգի հաշմանդամություն ունեմ, սայլակի վրա եմ, ինչպե՞ս մասնակցեի, ուստի իրենց հիմնավորումները ձևական բնույթ են կրել»- նշեց նա:

Վահագն Մարուքյանը նշեց, որ ազատության մեջ իր գերխնդիրը լինելու է իր անմեղությունն ապացուցելը:

«Ինձ 1993-ին բերման են ենթարկել, քննիչի ներկայությամբ իմ գլխին սարքել են, ես սա եմ ապացուցելու: Էս ամեն ինչը Հատուկ կարևոր գործերով քննիչ Անդրանիկ Միրզոյանի ձեռքի գործն է, 25 տարի էս օրվան եմ սպասել, պայքարելու եմ արդարացման համար, չէ, հանգիստ չեմ նստելու, ես մինչև վերջ պայքարելու եմ։ Ինձ ստիպել են խոստովանական ցուցմունք տալ, կրակել են, ապացուցելու եմ»,-նկատեց նա:

Հիշեցնենք, որ Վահագն Մարուքյանը մեղավոր է ճանաչվել Վանաձորի Ռազմական ոստիկանության պետի դիտավորյալ սպանության մեջ: Նա կալանավորվել է 1993-ին՝ 19 տարեկանում: Մարուքյանը դատապարտվել է մահապատժի, իսկ 2003-ից մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ:

Վերջերս նա հացադուլ էր հայտարարել, բաց նամակով դիմել էր նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:

kotayk

Լրահոս