20 Հուլիսի, 2017

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, առողջապահության նախկին փոխնախարար Գագիկ Միրիջանյանը, մեր ստացած տեղեկությունների համաձայն, կադրային մեծ փոփոխություններ է սկսել բուժհաստատությունում:

Նշվում է, որ նա աշխատանքից ազատել է շուրջ 30 բուժաշխատողի, դրա փոխարեն ունի 4 գործավար, առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանի կնոջն ընդունել է որպես միջազգային հարցերով խորհրդական:

Նույն աղբյուրները նաև փոխանցում են, որ օրեր առաջ «Նուբարաշենում» մոռացել են հաց պատվիրել այնտեղ բուժվող մոտ 300 հիվանդի համար, ինչը նրանց տրվող սննդի էական մասն է կազմում:

Այս տեղեկությունները երկու օր շարունակ փորձում էինք ճշտել և դրանց վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Գագիկ Միրիջանյանից: Երկու օրն էլ տնօրենի ընդունարանից մեր հեռախոսազանգին պատասխանում էին, որ նա խորհրդակցության է: «Ձեզ մոտ շաբաթը յոթ օր խորհրդակցությո՞ւն է»,- հետաքրքրվեցինք: «Դե… հաճախակի են լինում»,- արձագանքեց տիկինը:

Հավելենք, որ որոշ տեղեկությունների համաձայն, աշխատանքից ազատված բուժաշխատողների փոխարեն Գագիկ Միրիջանյանը մտադիր է նոր կադրեր ընդունել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

kotayk

Լրահոս