30 Հունվարի, 2019

ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը պարզաբանում է տարածել մամուլի հրապարակումներից մեկի վերաբերյալ, ըստ որի՝ «Պարտեզ» ռեստորանում տեղի ունեցած միջադեպին ներգրավված է եղել նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը։

«1in.am կայքն այսօր տեղեկատվություն է հրապարակել այն մասին, թե իբր նախօրեին Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպին ներգրավված է եղել նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը։

Պաշտոնապես տեղեկացնում եմ, որ Նվեր Ծառուկյանն այդ միջադեպի հետ որևէ առնչություն չունի և որևէ մասնակցություն չի ունեցել: Գործի շրջանակներում Նվեր Ծառուկյանը հարցաքննվել է և արդեն իսկ ապացուցված է նրա՝ զինված միջադեպի հետ որևէ կապ չունենալու հանգամանքը: Լրատվամիջոցների իմ գործընկերներին ևս մեկ անգամ հորդորում եմ հանրությանը մատուցել բացառապես ճշտված տեղեկատվություն և զերծ մնալ անբարեխիղճ մասնագիտական գործունեությունից»,- նշել է Տոնոյանը:

kotayk

Լրահոս