11 Սեպտեմբերի, 2018
 Ես Շանթ Հարությունյանի ասուլիս-մենախոսությունը ամբողջությամբ չեմ լսել, թեև երեք անգամ ջանք գործադրել եմ այդ ուղղությամբ: Բայց քանի որ շատ արագ եմ հասկացել, որ Շանթ Հարությունյանի միտքը, մեղմ ասած, ցաքուցրիվ է ու ասելիք չունի՝ չեմ լսել ամբողջությամբ:

Այսօր (09.09.2018) իմ ուշադրությունը հրավիրեցին այդ, այսպես կոչված, ասուլիսից մի հատվածի վրա (42.57-43.16 րոպե) որտեղ քաղաքացի Շանթ Հարությանյանն ասել է բառացիորեն հետևյալը. ,, … ինչ-որ ասին մի հատ նախկին կգբեշնիկ կա՝ Արա Պապյան ա անունը, ինչ-որ դա ա ասել, ու հպարտանում ա, որ նախկին կգբեշնիկ ա, բա թե եթե ուզում ա ազատվի թող ներման խնդրագիր ներկայացնի …,,:

Ակնհայտ է, որ այս պարբերության մեջ հստակ պարսավանք կա, որ ,, Արա Պապյանը նախկին կգբեշնիկա ա,, թեև ճիշտն ասած մի փոքր անտրամաբանական է նշյալ ասուլիսի համար, քանի որ հենց նույն ասուլիս մեջ Շանթը գովում է իր ընկերներին, որ ծառայել են կգբ-ի զորքերում և մինչևիսկ պատրաստ են եղել իրեն խփել ՍՍՀՄ սահմանը հատելու փորձի կամ Լենինի դամբարանը պայթեցնելու փորձի համար: Բայց անցնենք բուն նյութին:

Փաստարկ առաջին.

Երբ որևէ մեկին մեղադրում են ,,նախկին կգբեշինկ,, լինելու մեջ (թեև պետք է ընդունել, որ ԿԳԲ-ի մեծ մասը չի զբաղվել որևէ պարսավելի բանով, այլ զբաղվել է տարբեր գործով՝ հետախուզություն, հակահետախուզություն, կառավարական կապ, պետական պաշտոնյաների անվտանգության ապահովում և այլն ու միայն փոքր մասը այլախոհներով) շատ դժվար է այդ անձի համար հակառակն ապացուցել: Դժվար է, բայց ոչ ինձ համար, քանի որ Արա Պապյանը եղել է ՀՀ առաջին քաղաքացին, որ 1998թ. –ին ուսանել և ավարտել է ՆԱՏՈ-յի Ռազմա-դիվանագիտական ակադեմիան (NATO Defence College) և այնտեղ ուսնելու համար այնպիսի ՄԱՆՐԱԶՆՆԻՆ ԼՈՒՍՏԱՐՑԻԱՅԻ է ենթարկվել ՆԱՏՈ-յի հակահետախուզության կողմից, որ ԿԳԲ-ի հետ որևէ առնչության ԱՆԳԱՄ ԿԱՍԿԱԾԻ ԴԵՊՔՈՒՄ, մինչևիսկ ոչ փաստի, նրան այնտեղ չէին ընդունի, քանզի ուսումնառության ընթացքում Պապյանն ունեցել է մուտք (clearance, доступ) ՆԱՏՈ-յի գաղտնի փաստաթղթեր և օբյեկտներ: (Տես առդիր նկարը` # 1) Կմերժեին, ինչպես մերժել էին Պապյանից առաջ ԱԳՆ կողմից ներկայացրած նախորդ երկու թեկանածությունները:

Փաստարկ երկրորդ.

Արա Պապյանը ծառայել է ՍՍՀՄ ԶՈՒ ԳՇ Տասներորդ վարչությունում: (տես առդիր նկարը՝ #2) Դրա մասին Պապյանն ասել բազմիցս և նրա մարտական շքանշանները մշտապես կախված են եղել աշխատասենյակի պատից: Այդ կառույցը երբևէ ՍՍՀՄ տարածում որևէ գործառույթ չի ունեցել: Այն գործունեություն է իրականացրել օտարերկրյա բանակներում: ՍՍՀՄ զինված ուժերից և նրա Գլխավոր շտաբից մի փոքր պատկերացում ունեցողը կհասկանար, որ ԳՇ սպային հատուկ օրենք-կարգով էր արգելված որևէ առնչություն այլ կառույցների, մասնավորապես ԿԳԲ-ի հետ: ԿԳԲ ևս մուտք չուներ ՍՍՀՄ ԳՇ, այն էլ Տասներոդ վարչություն: Որևէ առնչություն իսկույնևեթ կբացահայտվեր ԳՇ համապատասխան մարմինների կողմից: Նույնը վերաբերում է զորացրված, ԳՇ ռեզերվում հաշվառված սպաներին: ԳՇ իր սպաներին ուրիշներին չէր տալիս: Նրանք չափազանց արժեքավոր մասնագետներ էին մանր գործերով զբաղվելու համար:

Հիմա, քանի որ Շանթ Հարությունն է Արա Պապյանին մեղադրել ,, նախկին կգբեշնիկ,, լինելու մեջ, ուրեմն ինք է պիտի ապացուցի, Շանթի լեզվով՝ դակազատ անի, որ ,, Արա Պապյանը հպարտանում ա, որ նախկին կգբեշնիկա,,: Չանելու դեպքում ինքը և իր խցակիցներն գիտեն, թե նա ով է:

P.S. Շատ տարօրինակ վիճակ է: Ինձ մեղադրել են արևմտյան շահերը պաշտպանելու մեջ, Սորոսից գրանտ ստանալու մեջ, հակառուսական և հակապուտինյան դիրքորշման մեջ (վերջին անգամ 2018թ. ապրիլի վերջին) որոնցից որևէ մեկը ճիշտ չէ: Բայց, որ մեղադրեին նախկին կգբեշնիկ լինելու մեջ՝ չէր եղել: Լավ գոնե Պապյանի վերջին տասը տարիների հոդվածներն ու ստատուսները չե՞ք կարդացել մեղադրելուց առաջ, թե տրամաբանությունն ու միտքը էլ են ազատազրկված:

Արա Պապյանի ֆեյսբուքյան էջից

kotayk

Լրահոս