2 Հուլիսի, 2018

 

  Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանի որդին՝ Հայկ Սարգսյանը, օրերս այնքան էր «նեղվել» Ճանապարհային ոստիկանության աշխատակիցներից, որ իր ֆեյսբուքյան էջում ՃՈ վերաբերյալ գրառում էր կատարել՝ պիտակավորելով ոստիկանության աշխատակիցներին: Հայկ Սարգսյանի մոտ դեռևս վառ են հիշողությունները այն ժամանակների մասին, երբ իր մեքենայով կարող էր անել ամեն բան, իսկ ճանապարհային ոստիկանությունը պետք է աչք փակեր դրա վրա:
Ուշագրավ զուգադիպությամբ, ընդամենը ժամեր անց, ոստիկանությանը Սայաթ-Նովա փողոցից՝ «Անի» հյուրանոցից դուրս գալիս բերման ենթարկեց Սաշիկ Սարգսյանին: Ըստ ոստիկանության՝ Սարգսյանը կասկածվում էր ապօրինի զենք կրելու մեջ: Սակայն Սարգսյանի ոդիսականը ոստիկանությունում երկար չտևեց. մի քանի ժամ անց նրան ազատ արձակեցին:
 
Այսօր կառավարության նիստից առաջ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն անդրադարձել է Սաշիկ Սարգսյանին խուզարկելուն և բերման ենթարկելուն: Օսիպյանը նշել է, որ տեղեկություններ են եղել այն մասին, որ Սաշիկ Սարգսյանի մոտ զենք կա: Ոստիկանությունը պարզել է, որ այդ զենքն օրինական է եղել:
 
Դժվար թե ոստիկանությունն այնքան միամիտ գտնվեր ենթադրելու համար, որ Սաշիկ Սարգսյանը քաղաքում շրջում է ապօրինի զենք-զինամթերքով: Ստացվում է՝ ի սկզբանե Սարգսյանին կալանավորելու որևէ նպատակ չի եղել, այլ դա, այսպես ասած, պրոֆիլակտիկ գործողություն էր, կամ եթե կուզեք՝ ուժի ցուցադրություն՝ ի պատասխան Սարգսյանի որդու ֆեյսբուքյան գրառմանը: Այսպես ոստիկանությունը ցանկացել է ցույց տալ՝ ով է երկրի իրական տերը և խաղի կանոններ թելադրողը:

 

kotayk

Լրահոս