21 Նոյեմբերի, 2016

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկություն է տարածել այն մասին, թե ինչպես է տնտեսվարողը ցանկացել բանան ներկրել Հայաստան, հաջողությամբ հատել Հայաստանի մաքսային սահմանը, սակայն արդեն պետության ներսում բախվել խնդիրների։ ՊԵԿ-ը հայտնում է, որ օպերատիվ տեղեկություն են ստացել, որ անհայտ անձինք փորձում են խոչընդոտել ներկրման գործընթացը «ձեռնարկված միջոցառումների արդյունքում, օրենքի շրջանակում, տնտեսվարողը ստացել է աջակցություն և հաջողությամբ իրականացրել ներկրումը», ասված է ՊԵԿ հաղորդագրության մեջ։ Այն շարունակվում է գերատեսչության նախազգուշացումով, թե ոչ ոք չփորձի խոչընդոտել ազատ բիզնեսին, իսկ խնդիրների դեպքում տնտեսվարողները թող ահազանգեն եւ ՊԵԿ-ը կլինի նրանց կողքին։
Չափազանց հետաքրքիր հայտարարություն է, մի քանի առումներով։ Ինչպես հայտնի է, Հայաստանում բանանի ներկրման շուկան համարվում է մենաշնորհացված, իհարկե ոչ ֆորմալ։ Ըստ մամուլի հրապարակումների, այստեղ ներկրման մոտ 98 տոկոսը իրականացնում է մեկ ընկերություն, որը դարձյալ ըստ մամուլի հրապարակումների պատկանում է ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին` Քեթրինի Միհրանին։ Պողոսյանը հրաժարական տվեց մի քանի ամիս առաջ, երբ նրա անունը հայտնվեց պանամակակն օֆշորային սկանդալում` Ալիեւի «կողքին»։ Պողոսյանը հենց այդպես էլ ձեւակերպել էր իր հրաժարականը, թե չի ցանկանում լինել մի սկանդալում, որտեղ կա նաեւ Ալիեւի անունը։
Այդպիսով, Հայաստանում բանանի ներկրման մենաշնորհը, ըստ մամուլի, պատկանում է Միհրան Պողոսյանին։ ՊԵԿ-ն այժմ հայտարարում է, որ մեկ այլ տնտեսվարող փորձել է ներկրել, ու ստացել են օպերատիվ տեղեկություն, որ «անհայտ անձինք» խոչընդոտում են։ Այդպիսի դեպքերում սովորաբար ասում են` «փնտրիր նրան, ում ձեռնտու է հանցանքը»։ Տրամաբանությունը հուշում է, որ պետք է խոչընդոտի նա, ով հանդիսանում է շուկայի խաղացող, ում համար հայտնվում է մրցակից ներկրող։
Մյուս կողմից, կա իհարկե անմեղության կանխավարկած, որը չի կարող խախտվել ոչ մի դեպքում։
Այդպիսով, փաստացի տեղի է ունենում մամուլում բազմաթիվ անգամներ ներկայացված իրականության եւ անմեղության կանխավարկածի հետաքրքիր բախում։
Տրամաբանությունը հուշում է, որ այդ բախումը պետք է հանգուցալուծվի իրավական ճանապարհով։ Իսկ դա նշանակում է, որ ՊԵԿ-ը պետք է հանդես գա ոչ միայն գործարարներին չխանգարելու նախազգուշացումով, այլ նաեւ կոնկրետ քայլեր ձեռնարկի տվյալ «անհայտ անձանց» հայտնաբերելու ուղղությամբ, քանի որ խոսքը տվյալ պարագայում վերաբերում է քրեական հանցագործության մասին։
Չի բացառվում, որ «անհայտ անձինք» հետապնդում են բոլորովին այլ շահեր, այսինքն հանդիսանում են լիովին այլ, մի «երրորդ կողմ»։ Վարկածները, ենթադրությունները կարող են լինել բազմաթիվ եւ հենց դրա համար էլ պետք է այդ ամենին պատասխան տալու կոչված կառույցները իրականությունը պարզեն մինչեւ վերջ։
Եթե ՊԵԿ-ն ինքն ի զորու չէ իր ռեսուրսով բացահայտել խոչընդոտած անհայտ անձանց, ապա դրա համար կա իրավապահ կառույցներին դիմելու հնարավորություն։ Ընդ որում, ՊԵԿ հայտարարությունն արդեն իսկ պետք է լինի իրավապահ մյուս կառույցների հետաքրքրության առարկա, առաջինը նրանք պետք է ՊԵԿ-ին հարցնեն, թե ինչի մասին է խոսքը եւ այսպես ասած ինչով կարող են իրենք օգնել։
Այլապես, նույն անհայտ անձինք վաղը կարող են խոչընդոտել մեկ այլ տնտեսվարողի, մեկ այլ ոլորտում։ Մի գուցե այդ «անհայտ անձինք» Հայաստանի տնտեսական իմիջի, ՊԵԿ նոր ղեկավարության, նոր կառավարւթյան դեմ գործող «դիվերսիոն խումբ» են, որոնց նպատակն է որպեդահարել փոփոխությունների ուղղված նոր կառավարության փորձերը։
Ի վերջո, ՊԵԿ-ը հո չի պատրաստվում ամեն մի տնտեսվարողի տրամադրել հատուկ ուղեկցող խումբ, որպեսզի ոչ ոք չհամարձակվի խոչընդոտել։ Եթե Հայաստանում գործում են տնտեսվարողներին խանգարող «անհայտ անձինք», ուրեմն նրանք պետք է հայտնաբերվեն եւ որպես քրեական հանցագործներ ենթարկվեն օրենքից բխող պատասխանատվության, ինչն այդպիսով կլինի անհամեմատ ավելի ուժգին ազդակ մնացյալ պոտենցիալ հանցագործներին, քան պարզապես հայտարարությունների տեսքով հավաստիացումները։
Միանգամայն ողջունելի է, որ ՊԵԿ-ն օժանդակել է ներկրողի համար առաջացած խոչընդոտը հաղթահարելուն եւ ապահովել նրա բնականոն գործունեությունը, բայց քանի դեռ հայտնաբերված չեն «անհայտ անձինք», թե այդ ներկրողը, թե որեւէ այլ տնտեսվարող ենթակա է նրանցից բխող վտանգին։ Հետեւաբար, խնդրի լիարժեք լուծումը պահանջում է ՊԵԿ հաջորդ քայլը` բացահայտել, թե ովքեր են եղել խոչընդոտելու փորձ կատարողները։
ՊԵԿ հայտարարությունը արդեն իսկ աննախադեպ է եւ այդ իմաստով սենսացիոն, քանի որ նախկինում կարծեք թե հայտարարությունները միայն այն մասին էին, թե չկա ոչ մի խոչընդոտ եւ բողոքողները թող ներկայացնեն ապացույցներ։ Այժմ, փաստորեն, ՊԵԿ-ն է հայտարարում, որ եղել են խոչընդոտողներ։ Բայց, այժմ շատ կարեւոր է հաջորդ քայլը։ Դա կլինի իսկապես նշանակալից նախադեպ եւ իրապես կվկայի, որ ՊԵԿ նոր ղեկավարի հավաստիացումը`թե խաղի կանոններ են փոխվել, գործնականում է համապատասխանում իրադարձությունների զարգացմանը։

Հակոբ Բադալյան

kotayk

Լրահոս