7 Դեկտեմբերի, 2018
 Ես եւ թիմակիցներս բազմիցս հայտարարել ենք, որ տեղի ունեցողը ոչ այլ ինչ է, քան անձնական հաշվեհարդար, իսկական վենդետա, որն իրականացվում է իմ եւ իմ ընտանիքի հանդեպ։

Այս մասին ասվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան ոչ պաշտոնական կայքում՝ Քոչարյանի անունից հրապարակված հաղորդագրության մեջ:

Հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Սիրելի հայրենակիցներ,
Ինչպես գիտեք, այսօր ՀՀ վերաքննիչ դատարանը կայացրեց մի վճիռ, որի արդյունքում կրկին հայտնվելու եմ կալանքի տակ։ Ակնհայտ է, որ այս վճիռը նախ եւ առաջ քաղաքական որոշման արդյունք է եւ կայացվել է իշխանությունների բիրտ ճնշումների պայմաններում։ Բավական է միայն նշել, որ մեղադրական կողմը ներկայացնում էր 6 հոգանոց դատախազական թիմ՝ ՀՀ գլխավոր դատախազի գլխավորությամբ /ինչը մեր նորագույն պատմության մեջ աննախադեպ մի բան է/, գործը քննող դատավորն ընտրվել էր օրենքի եւ համապատասխան ընթացակարգերի կոպիտ խախտումներով, իսկ իշխանամետ մամուլը առանց դատարանին սպասելու վաղուց արդեն հրապարակել էր որոշումը։

Ես եւ թիմակիցներս բազմիցս հայտարարել ենք, որ տեղի ունեցողը ոչ այլ ինչ է, քան անձնական հաշվեհարդար, իսկական վենդետա, որն իրականացվում է իմ եւ իմ ընտանիքի հանդեպ։ Դա ապացուցեցին նաեւ տխրահռչակ գաղտնալսումների ձայնագրությունները։ Անցածս ուղին, կառավարման տարիներին գրանցած արդյունքներս, հեղինակությունս Հայաստանում, Արցախում եւ արտերկրում, ինչպես նաեւ քաղաքական հեռանկարներս ոչ մի կերպ հանգիստ չեն տալիս օրվա պոպուլիստ ու երկիրը կառավարելու անընդունակ ղեկավարին։ Բացի այդ, պարզ է, որ 2008թ․ մարտի 1-ին մարդկային զոհերի պատճառ դարձած զանգվածային անկարգությունների գլխավոր կազմակերպիչը փորձում է մաքրվել արյունից եւ ինձ մեղավոր նշանակել։

Վստահ եմ, որ վաղ թե ուշ հասնելու եմ ազատության։ Վստահ եմ, որ ապացու-ցելու եմ իմ անմեղությունը։ Վստահ եմ նաեւ, որ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետությունը մեր նորագույն պատմության ամենածանր օրերին ղեկավարած մարդու դեմ սանձազերծված այս ապօրինի եւ լկտի հետապնդման բոլոր հեղինակներն ու կատարողները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ եւ դա լինելու է մոտ ապագայում։

Լի եմ պատրաստակամությամբ շարունակել քաղաքական պայքարը նաեւ բանտում։ Իշխանությունները եւ նրանց հովանավորները թող պարապ հույսեր չփայփայեն, թե կարող են կոտրել իմ կամքը։ Ես սովոր եմ ծանր փորձությունների եւ տեղի ունեցողը հերթական մի փորձություն եմ համարում։ Իմ կյանքի հերթական մի դրվագն է, որը կրկին ստիպված եմ նվիրել պայքարի հանուն ազատության եւ արժանապատվության։

ԼՂՀ առաջին նախագահ
ՀՀ երկրորդ նախագահ
Ռոբերտ Քոչարյան»:

kotayk

Լրահոս