15 Նոյեմբերի, 2016

Սովետական բանակի բժշկական ծառայության պաշտոնաթող գնդապետ, բանակի եւ աշխատանքի վետերան Էդուարդ Շատվորյանը բազմաթիվ նամակներ է փորձել փոխանցել ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին, սակայն իր իսկ պնդմամբ, բյուրոկրատական պատնեշի պատճառով իր նամակները տեղ չեն հասել: Շատվորյանը ստիպված բաց նամակով է դիմել, որը Armtimes.com-ը ներկայացնում է կրճատումներով:

Ըստ քաղաքացու, իր աղջիկը՝ Նարինե Շատվորյանը, սեպտեմբերին ստանում է ճանապարհային ոստիկանության 2016 թվականի օգոստոսի 29-ի «N-1604979655» որոշումը, այն մասին, որ նա օգոստոսի 9-ին` ժամը 13:28-ին, Մաշտոց-Պուշկին խաչմերուկում խախտում է կատարել եւ տուգանվել 10 հազար դրամով: Էդուարդ Շատվորյանն ուսումնասիրելով տուգանքի տեսագրությունը, համոզվել է, որ իր աղջիկն իրականում որեւէ խախտում չի կատարել եւ գնացել է ճանապարհային ոստիկանություն եւ խնդրել է ցույց տալ խախտումը: ՃՈ-ում ոստիկանության մի ավագ լեյտենանտ նայել է տեսագրությունն եւ ասել, որ թույլ է տրվել սխալ եւ խախտում չի եղել: Քաղաքացին խնդրել է այդ դեպքում անվավեր համարել որոշումը, որից հետո նրան առաջարկել են դիմում գրել եւ սպասել մեկ ամիս: Դիմում գրելուց 40 օր անց նա ստիպված գնացել է ճանապարհային ոստիկանություն, որպեսզի հասկանա, թե ինչու իրեն չեն պատասխանել: ՃՈ-ում նրան տեղեկացրել են, որ որոշումը փոստով ուղարկվել է: ՃՈ-ից նա գնացել է Երեւան քաղաքի թիվ 15 փոստային բաժանմունք եւ պարզել, որ որոշումը փոստային բաժանմունքում է դեռ, սակայն ի ուրախության իրեն, վերցրել է նամակը եւ տեղեկացել, որ նախկին որոշումն անվավեր է ճանաչվել:

«Պատասխան որոշումը, որով անվավեր է ճանաչվել իմ աղջկա անհիմն 10 հազար դրամ տուգանքի որոշումը, զարմացրեց այն իմաստով, որ ճանապարհային ոստիկանության պետն իր ենթակայի կողմից թույլ տված դատապարտելի անպատասխանատվությունը, անտարբերությունը համարում է տեխնիկական վրիպակ, անգամ ոչ վրիպակ»,- գրել է Էդուարդ Շատվորյանը եւ նմանօրինակ խնդիրները լուծելու իր երկու կետից բաղկացած առաջարկն է ներկայացրել:

1. Հաշվի առնելով, որ ՃՈ-ում տեղադրված են խախտումը ֆիքսող ժամանակակից սարքավորումներ, տեուչների թվաքանակը կրճատել է 50 տոկոսով:

2. Խախտում թույլ տված մեքենան վարող քաղաքացուն ոչ թե տուգանել, այլ մեքենան տեղափոխել տուգանային հրապարակ, որտեղ, կախված խախտման վտանագավորության աստիճանից, պահել 15 օրից մինչեւ 1,2,3 եւ ավելի ամիս, վարորդից յուրաքանչյուր օրվա համար գանձելով 500 դրամ:

kotayk

Լրահոս