Թուրքիային պարտավորեցրել են 190.000 եվրո փոխհատուցում վճարել 19 ուզբեկի

0

ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ` Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել, համաձայն որի` Թուրքիայի իշխանություններն ավելի քան 190 հազ. եվրո փոխհատուցում պետք է վճարեն 19 ուզբեկների, որոնց իրավունքները խախտվել են դեպի Իրան անօրինական արտաքսման ընթացքում։ Հայցվորները 4 ուզբեկ ընտանիքներից են, որոնք 2001-ին գաղթել են Իրան և որտեղ ՄԱԿ-ի կողմից նրանց փախստականի կարգավիճակ է հատկացվել։ Իրենց կարգավիճակը հաստատող փաստաթուղթը ստանալու համար նրանք ստիպված են եղել 2007-ին մեկնել Թուրքիա։ Այնտեղ նրանց կանչել են ոստիկանություն՝ պարենային մթերքներ ստանալու համար, սական փոխարենը ձերբակալել են և արտաքսել Իրան։ Հետագայում նրանք անօրինական ճանապարհով մտել են թուրքական տարածք, որտեղից նրանց կրկին վերադարձրել են Իրան։ ՄԻԵԴ-ը գրանցել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում (Բռնությունների արգելք, անմարդկային կամ արժանապատվությունը ստորացնող վերաբերմունք)։ Բացի այդ, Ստրասբուրգի դատարանը նշել է նաև հայցվորների ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքների խախտում. նրանց չեն բացատրել ձերբակալման պատճառները և հնարավորություն չեն տվել բողոքարկել դատարանում իրավապահ մարմինների գործողությունները։