Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությունը 93 միլիոնի նոր պայմանագիր է կնքել

«Եվրոասֆալտի» կողմից պայմանագիրը ստորագրել է Ալեն Սիմոնյանի եղբայրը՝ Կառլեն Սիմոնյանը։ Պայմանագրով «Եվրոասֆալտը» պարտավորվում է Արթիկում իրականացնել Պռոշյան փողոցի ու Գարեգին Նժդեհ 1-ին նրբանցքի ասֆալտապատման աշխատանքներ։ 93 միլիոնից  մոտ 75 միլիոնը ուղղվելու է Պռոշյան փողոցի հիմնանորոգմանը, 18-ը՝ Գարեգին Նժդեհ 1-ին նրբանցքի հիմնանորոգմանը։ Այս փողոցների ասֆալտապատման մրցույթին մասնակցել է հինգ ընկերություն ու ամենաէժան գինն առաջարկել է «Եվրոասֆալտ»-ը՝ 93 միլիոն դրամ։ Նրանից ընդամենը մեկ միլիոն դրամ ավել առաջարկել էր «Դուստր Մոնիկա» ՍՊԸ-ն։

Ani Product

Այս տարվա ընթացքում արդեն Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությունը պետական ու համայնքային մարմիների հետ կնքել է 700 միլիոն դրամի պայմանագրեր։
Գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողովը նաև շահերի բախման մասին հայտարարություն էր արել՝ նշելով, որ իրենք ու իրենց հետ փոխկապակցված անձինք չեն հանդիսանում «Եվրոասֆալտի» հիմնադիրներ կամ բաժնետերեր։

Ani Product

Օգոստոսի 26-ին Սիվիլնեթը գրել էր, որ Կառլեն Սիմոնյանը տնօրեն ու փոխտնօրեն է դարձել երեք ընկերություններում, որոնք զբաղվում են բետոնի արտադրությամբ ու ասֆալտապատմամբ։ «Եվրոասֆալտ» և «Եվրոասֆալտ 1»-ում Սիմոնյանը տնօրեն է, բետոնի արտադրությամբ զբաղվող «Թի էս քնսթրաքշն» ընկերությունում՝ փոխտնօրեն։ «Եվրոասֆալտ»-ի բաժնետերերը Սվետլանա Պողոսյանն ու Գրետա Թադևոսյանն են, իսկ «Եվրոասֆալտ 1»-ի բաժնետերը Ուշիում բնակվող տնային տնտեսուհի Սիրուշ Դավթյանն է։ ՍիվիլՆեթը այցելել էր Դավթյանի բնակարան, արձանագրել նրա սոցիալական վիճակը։ Սիրուշ Դավթյանը հրաժարվել էր մանրամասներ հայտնել Կառլեն Սիմոնյանի հետ կապերից ու ասֆալտապատման գործընթացում իր մասնակցությունից։

«Եվրոասֆալտ»-ի գործարանը գտնվում է Երևան-Աշտարակ մայրուղում։ Գործարանի տարածքում են կայանում «Թի էս քնսթրաքշն» ընկերության մի քանի բետոնխառնիչ մեքենաներ։

Արթիկի համայնքապետարանի հետ կնքված պայմանագիրը ներառյալ, «Եվրոասֆալտ»-ը տարվա ընթացքում պետական ու համայնքային մարմիների հետ կնքել է 700 միլիոն դրամի պայմանագրեր։ Ալեն Սիմոնյանը, խոսելով եղբոր կողմից ղեկավարվող ընկերությունների՝ պետգնումների մրցույթներ շաելու մասին, այդ թեմայով հրապարակումներ արած լրատվամիջոցներին անվանել էր «դեղին մամուլ», ապա շեշտել, որ «Եվրոասֆալտ»-ը ճանապարհաշինարարական ոչ բոլոր գնումներում է հաղթում։

«Իմ եղբայրը ընդհանրապես ոչ մի տեղ չպե՞տք է աշխատի, պետք է գումար խնդրի տարբեր կազմակերպությունների՞ց»,- հարց էր բարձրացրել Սիմոնյանը՝ վստահեցնելով, որ «շինծու թեմա է»։

Ավելի ուշ պարզաբանումներով էր հանդես եկել նաև «Եվրոասֆալտ»-ը ու վստահեցրել, որ ո՛չ Ալեն Սիմոնյանը, ո՛չ նրա եղբայրը ընկերության բաժնետերեր չեն հանդիսանում, իսկ պետական գնումների մրցույթներում հաղթանակները որևէ կերպ չեն կարող արտահայտվել Կառլեն Սիմոնյանի աշխատավարձի չափի վրա։