Բոլորը պարտավոր են օրենքի շրջանակում իրենց հարկային պարտավորությունները կատարել. ՊԵԿ նախագահ (տեսանյութ)

Եթե տեսնենք, որ օրենքի շրջանակներում գործելը հանգեցնում է որոշակի խնդիրների, օրենսդրությունը վերափոխելու առաջարկով հանդես կգանք: Այս մասին այսօր՝ ժամանակավոր, համաձայնության կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

«Քանի դեռ օրենսդրությունը գործում է, լավն է այն, թե վատը, բոլորը պարտավոր են օրենքի շրջանակում իրենց հարկային պարտավորությունները կատարել: Եթե մենք աշխատում ենք բացառապես օրենքի շրջանակներում և տեսնում ենք, որ օրենքի շրջանակներում գործելը հանգեցնում է որոշակի խնդիրների, մենք ֆինանսների նախարարության հետ համատեղ օրենսդրությունը վերափոխելու առաջարկով հանդես կգանք»,- ասաց Դավիթ Անանյանը:

Օրենսդրական փոփոխությունները, ՊԵԿ նախագահի խոսքով, բացառապես պետք է լինեն հանրային քննարկումների արդյունքում:Հարցին՝ ԱԱԾ գործողությունների արդյունքում խոշոր սուպերմարկետների՝ ամբողջությամբ հարկային դաշտ գալը թանկացումների չի՞ բերի, Դավիթ Անանյանը պատասխանեց.

«Ժամանակին պայմանավորվածություններ են եղել՝ հենց գների աճից խուսափելու համար: Խնդիրը շատ ավելի պարզ և հասարակ է՝ եթե մենք ասում ենք, որ տնտեսավարողները պետք է գործեն բացառապես օրենքի շրջանակներում, դա նշանակում է, որ գյուղմթերքները և մսամթերքները պետք է գան ԱԱՀ դաշտ: Եթե այդ հարկերի վճարման արդյունքում գնագոյացման աճ կլինի, դա կնշանակի, որ կողքի խանութներն ավելի մրցունակ կլինեն»:
Ըստ ՊԵԿ նախագահի՝ նախկինում սուպերմարկետները մրցել են նաև իրենց հարևանությամբ գործող փոքր և միջին կազմակերպությունների հետ՝ արհամարհելով մասշտաբի էֆեկտը:
Ինչ վերաբերում է թանկացումներին, Դավիթ Անանյանը նշեց, որ խոշոր բիզնեսի՝ հարկային դաշտ գալուց հետո եթե գները բարձրանան, ուսումնասիրություններ կարվեն՝ պարզելու համար, թե այդ գների բարձրացումը որքանով է արդարացված:

Մանրամասները՝ տեսանյութում`  tert.am