Դուք իշխանությո՞ւն եք, թե՞ չէ․ ՊՆ-ից Աննա Գրիգորյանին ասել են, թե սահմանի հետ կապված իր հնչեցրած հարցերն իրենց լիազորություններում չեն (վիդեո)

ԱԺ նախագահը հարցուպատասխանի ժամանակ փաստացի ընդունեց, որ չի տիրապետում՝ ինչ է կատարվում այսօր Սյունիքում, ինչ իրավիճակ է և ինչ պայմաններում են առաջացել այն անվտանգային ռիսկերը, որոնք այսօր այտեղ կան: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 13-ինն, ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանը:

«Ես սա ցավով եմ արձանագրում, որովհետև ԱԺ նախագահ Հայաստանի հանրապետությունում ի պաշտոնե երկրորդ մարդն է և եթե թիվ մեկ մանդատ ունեցող կառույցի ղեկավարը առհասարակ չգիտի՝ ինչ է կատարվում Սյունիքում, սա ինչպե՞ս կարող ենք բացատրել»,-ասաց Աննա Գրիգորյանը։

Նա նաև զարացած է Ալեն Սիմոնյանի այն հայտարարությունից, թե՝ «մենք ոչինչ չենք զիջել»:

«Ես համոզված եմ, որ պարոն Սիմոնյանը կարդացել է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որտեղ առաջին կետում գրված է, որ զորքերը կանգնում են այն դիրքում, որտեղ գտնվում են այդ պահին: Բայց հետո հետ են քաշվել ձեր հրամանով։ Քանի որ Կովսականն ու Սանասարը որևէ կերպ ներառված չեն եղել նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, հետևաբար, դուք այո՛, այդ տարածքները հանձնել եք: Հանձնել եք Գորիս-Կապան, այն է՝ Հայաստան-Իրան միակ միջպետական ճանապարհը»,-ասաց պատգամավորը։

Աննա Գրիգորյանը փարատեց, նաև Ալեն Սիմոնյանի այն հետաքրքրվածությունը, թե արդոյք ինքը հարցադրումներ ուղարկե՞լ է իրեն հետաքրքրող հարցերի պատասխաններն ստանալու համար։

«Այո՛, հենց այն նույն օրը, երբ փակվել էր Գորիս-Կապան ճանապարհը, եսա հարցադրումներ եմ ուղարկել՝ հասկանալու համար, թե Որոտանի ճանապարհահատվածում ճանապարհի շահագործումը և երթևեկությունը ինչ տրամաբանությամբ պետք է կարգավորվի, կամ հնարավոր վթարների դեպքում ինչպես պետք է կարգավորվի խնդիրը, երբ պատահարի կողմերը կհանդիսանան Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները:

Առհասարակ, անվտանգության ինչ երաշխիներ պետք է այստեղ գործեն: Առայժմ ինձ ՊՆ-ից է նամակ եկել, որտեղ գրված է, որ իրենց լիազորությունից անդին են իմ հնչեցրած հարցերը:

Այսինքն ՊՆ-ն պտասխան չունի, իսկ մարզպետը երեկ գնացել ու ասում է՝ գիտեք, այնտեղ ադրբեջանցիներն իրենց տարածքում են դրել, մի անհանգստացեք, ռուսներն էլ էնտեղ են: Բա դուք ինչի՞ համար եք: Դուք իշխանությո՞ւն եք, թե՞ իշխանություն չեք, մի հատ կողմոնորոշվեք:

Եվ ժողովրդի անունից հաճախ խոսողները ճիշտ կանեն ժողովրդի հետ խոսեն, բացատրեն ինչպիսի իրավիճակ է եւ մարդիկ ինչպիսի խնդիրների առջեւ կարող են կանգնել»,-ասաց Աննա Գրիգոյանը։