Լինել օգտակար, իմ հարազատ գյուղին. Հովհաննես Չիչոյան

137

2016 թ. ՏԻՄ ընտրություններին՝ Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում գործող գյուղապետը պարտվեց Գավառի պոլիկլինիկայի տնօրեն՝ Հովհաննես Չիչոյանին, ով մասնագիտությամբ մանկաբարձ-գինելոկոգ է:                                    Սարուխան համայնքում ընտրություններին մասնակցել է 2720 ընտրող կամ համայնքի ընտրողների ընդհանուր թվի 46 տոկոսը (ընտրելու իրավունք ունեցողների թիվն այս համայնքում 5921 է):

Mnews.am-ը Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնք այցելելու շրջանակներում, հանդիպեց համայնքի ղեկավարին և զրուցեց համայնքում կատարվելիք աշխատանքների և ծրագրերի մասին:

 -Պարոն Չիչոյան ի սկզբանե նշենք, որ համայնքը սկսել եք ղեկավարել բավականին ճգնաժամային վիճակում, երբ դեռ կային մեծ պարտքեր և նախկին համայնքապետի կողմից թույլատրած չարաշահումներ:

Մեր գյուղն ունենալով բավականին մեծ բյուջե, արդեն քանի տարի է տեղում դոփում է՝ ի շնորհիվ նախկին համայնքապետի. բայց տեղից շարժվելու հավանականությունը ներկայումս ավելի մեծ է:  Այո՛, ամիսներ առաջ ունեինք մեծ պարտքեր, բայց ինչպես ասում են՝ չկա չարիք, առանց բարիքի. նոյեմբերի 1-ի դրությամբ, սեփական եկամուտների հավաքագրումը 24% էր կազմում, իսկ այս ընթացքում նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին անցել ենք 70%-ի շեմը:  Բնականաբար հավաքագրում ենք մեր համայնքի համար, պարտքերի մասով լրացուցիչ տեղեկացնեմ, որ արդեն մարված է, դեռ ավելին՝ համայնքի բյուջեում ունենք մի փոքր հանգանակած գումար, որը հետագայում  կօժանդակի համայնքի հոգսերի թեթևացմանը:  

– Յուրաքանչյուր առաջադրված թեկնածուի համար դժվար է հաղթանակ տանել  գործող համայնքապետի հանդեպ, Ձեզ ինչպե՞ս հաջողվեց. գուցե՞ հովանավորվում էիք մարզպետի կողմից:

– Երբևիցե չեմ սատարվել մարզպետի կողմից, ընդհակառակը՝ ընտրությունն արվել է բացարձակապես ժողովրդի արդար ձայնով: Այո, մեծ ձեռքբերում  է հաղթել գործող գյուղապետին և ես կարդարացնեմ ժողովրդի հույսերը:

-Գրեթե մեկ ամիս է ինչ ղեկավարում եք համայնքը, ինչպիսի՞ խնդիրներ են ծառացած Սարուխանում և որքանո՞վ են լուծելի:

 -Քանի որ աշխատանքային գործունեությունս այդքան էլ երկար չէ, իսկ բոլոր խնդիրները երևան հանելը երկարաժամկետ աշխատանք է պահանջում, այնուամենայնիվ կներկայացնեմ համայնքի համար տեսանելի խնդիրները՝ միջհամայնքային փողոցների ոչ լիարժեք լուսավորվածությունը և երկրորդային փողոցների ասֆալտապատումը: Իհարկե գիտեք ասֆալտապատումն իրենից թանկ հաճույք է ներկայացնում, բայց գոնե մինիմալ պայմանները պետք է ապահովվենք, որպեսզի ճանապարհներն անցանելի լինի:                Սարուխանը ունի ոռոգման ջրի պակաս, մտածում ենք ինչպե՞ս կարող ենք լուծել այդ հարցը, տարբեր թաղամասերում տարբեր կերպ է խնդիրը գլուխ բարձրացված: Վարչապետի հետ հանդիպման ժամանակ, նա ասաց, որ մենք ինքներս սրտացավորեն պետք է մոտենանք և ներկայացնենք մեր ծրագրերը, իհարկե  տրամաբանությանը մոտ օժանդակությամբ: Համայնքի բարերարները ևս օգտակար կլինեն մեր կողմից առաջարկած յուրաքանչյուր նախաձեռնությանը:

– Երևի թե արդեն իրականացրել եք կադրային ջարդ՝ նախկին աշխատակիցներին փոխարինելով նորերով: 

– Իրականում դրանք դատարկ խոսակցություններ են նախկին գյուղապետի թիմի կողմից, իհարկե թիմ ասելն էլ տեղին չէ, քանի որ նրանք կազմավորված թիմ երբևէ չեն ունեցել: Չեմ ցանկանա վատաբանել նրանց, բայց աշխատանքային գործունեության արդյունքերն ու դրանց տված պտուղները դրդում են թյուր կարծիք ձևավորել:                                                Կադրային ջարդ չեմ արել, ճիշտ է մեկ երկուսը փոխվել են, բայց աշխատանքից ազատելու հարցում շտապողականությունը ճիշտ չեմ համարում, քանի որ շտապում են այն մարդիկ, ովքեր ինչ-որ նպատակներ են հետապնդում: Ուղիղ եմ ասում, մենք իսկապես աշխատող մարդու կարիք  ունենք, ոչ թե  ընդամենը հինգ րոպե տեսադաշտում երևացողի: Ով աշխատում Է, պիտի շարունակի աշխատել, ով չէ՝ թող լքի:

 -Ինչպիսի՞ նախաձեռնությամբ եք հանդես գալու Ամանորին ընդառաջ:

 – Հիմա, մենք պատրաստվում ենք ԼՂՀ-ի  և Հայաստանի սահմանամերձ վայրերում ծառայող զինվորներին ուղարկել ամանորյա նվերներ, իսկ  ծնողներին անվճար տրանսպորտի ապահովվմամբ հասցնել իրենց զավակների մոտ, կարծում եմ դրանից առավել նվեր չկա ծնողի համար: Իսկ մեր համայնքի երեխաներին, ինչպես արվում էր յուրաքանչյուր տարի, այս տարի ևս  կբաժանենք նվերներ և փոքրիկ միջոցառումներ կանենք:

-Եվ վերջում, ինչպե՞ս կբնութագրեք սարուխանցիներին:

-Ազնիվ և աշխատասեր մարդիկ են և, որ ամենակարևորն է, սիրում են իրենց հողն ու ջուրը:

Խաղաղ ապրենք և արդյունավետ աշխատենք մեր համայնքներում, որպեսզի արդյունքները գերազանցի սպասվածին: