3 Նոյեմբերի, 2016

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն այս օրերին զբաղված է իր նոր աշխատակազմի ձեւավորման աշխատանքներով: Նախկին նոտարը որոշել է ետ չմնալ կառավարությունում ընթացող տոտալ օպտիմալացման գործընթացից եւ այն կիրառել Վանաձորում: Ըստ այդմ, չի բացառվում, որ աշխատակազմում որոշակի կառուցվածքային փոփոխություններ, կրճատումներ տեղի ունենան, եւ որոշ բաժիններ միավորվեն, աշխատակիցներն էլ՝ կրճատվեն (օրինակ՝ այն բաժինները, որոնք իրականացնում են Վանաձոր համայնքի տնտեսության կառավարումը՝ հարկերի հավաքագրում, եկամուտների ապահովում, հնարավոր է միավորվեն): Քանի որ աշխատակազմը դեռեւս չի ձեւավորվել, նոր քաղաքապետն իր մոտ է հրավիրում համայնքապետարանի աշխատողներին եւ տալիս համապատասխան ցուցումներ։ Քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնարկներում այս պահին աշխատում է շուրջ 1300 հոգի, որի միայն 10 տոկոսն է քաղաքապետարանում աշխատում: Համայնքապետարանի աշխատակազմի ձեւավորումը, պաշտոնների նշանակումը տեղի կունենան ավագանու առաջիկա նիստից հետո, որը նախատեսված է նոյեմբերի 5-ին: Սակայն մինչ նիստը կկայանա, քաղաքապետն արդեն շատերին առաջարկել է դիմում գրել, գնալ։ Վանաձորի քաղաքապետարանում լուրջ դժգոհություն է հասունանում։ Աշխատակիցներն ամեն ինչ արել են, որ Մամիկոն Ասլանյանն անցնի՝ հույս ունենալով, որ կպահպանեն աշխատատեղերը, պարզվում է՝ սխալվել են։ Անգամ, ասում են, Սամվել Դարբինյանի եւ Մամիկոն Ասլանյանի հարաբերություններն են այս հողի վրա լարվել։ Երեկ մենք զրուցեցինք նախկին քաղաքապետի հետ։

Ani Product

Սամվել Դարբինյանն սկզբում ժխտեց, թե նման բան կա, ապա խոստովանեց. «Քաղաքապետն իրավասու չէ ազատել, քանի որ նրանք համայնքային ծառայողներ են, իսկ եթե այդ մարդիկ չեն ուզում աշխատել, իրենք իրենց դիմումի համաձայն ազատվում են, այդ դեպքում արդեն իրենց գործն է դառնում»: Նա ասաց, որ ինքը զրուցել է մի քանիսի հետ․ «Մարդիկ են, ասում են՝ մենք թիմով եկել ենք, թիմով էլ գնում ենք, հիմա էլ նրանք են եկել, նրանք էլ իրենց թիմով պետք է գան: Ես ում հանդիպել եմ, այդպես են ասել, նույնիսկ գործող քաղաքապետն առաջարկել է, որ աշխատեն, բայց ասել են՝ չէ, մենք ազատվում ենք աշխատանքից այլ աշխատանքի անցնելու պատճառով: Եթե չեք հավատում, անունները կարող եմ տալ՝ Բաբանյան Տիգրանը, Մելիքյան Լեւոնը, Գեւորգյան Էրիկը: Իրենց գործող քաղաքապետը կանչել-ասել է՝ եկեք միասին աշխատենք, ասել են՝ չէ, մենք գնում ենք: Գեւորգյան Էրիկը ՌԴ է գնում, Բաբանյան Տիգրանն այլ համակարգ անցնում, Մելիքյան Լյովան իմ հետ կգա, իմ հիմնարկում կաշխատենք»:

Ani Product

Ինչ վերաբերում է ավագանու առաջիկա նիստին, այն հնարավոր է տեղի չունենա, քանի որ ավագանու խմբակցությունները դեռեւս չեն վերանայել նիստերը բոյկոտելու իրենց որոշումը: Արդեն հայտնել ենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը պայման է դրել՝ այն պահից սկսած, երբ կբացահայտվեն իրեն քաղաքապետի աթոռից զրկած հայտնի «չորս հուդաները», նոր իրենք կմասնակցեն ավագանու նիստերին: Ասլանյանն էլ, ըստ լուրերի, այս օրերին բանակցություններ է վարում «չորսի» հետ, որպեսզի ապահովի նրանց մասնակցությունն ավագանու առաջիկա նիստին ու քվորում ապահովի: Մեր տեղեկություններով, «ԼՀ»-ում գիտեն, թե ովքեր են դավաճանները, պարզապես լռում են՝ թույլ տալով, որ նրանք սեփական նախաձեռնությամբ պատռեն իրենց իսկ դիմակները: Ասում են՝ այս դեպքում էլ է գործել «երեսուն արծաթով» «լուսավորչին մատնելու» մեխանիզմը:

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Կիսվեք նյութով՝

Լրահոս