28 Փետրվարի, 2018

ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար, այժմ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Սերժ Սարգսյանի խոստմանը, որ չի առաջադրվի վարչապետի պաշտոնում՝ ասաց, որ ինքն անձամբ երբեք չի տեսել, որ Սերժ Սարգսյանն իր խոստումը դրժի։ Հիշեցնենք, նա 2014-ի ապրիլին հայտարարել էր, որ եթե նոր Սահմանադրությունն ընդունվի, ինքը չի առաջադրվի ոչ հանրապետության նախագահի, ոչ վարչապետի պաշտոնում։ Բայց հիմա ՀՀԿ-ից արդեն բացահայտ ասում են, որ Սերժ Սարգսյանն է լինելու իրենց վարչապետի թեկնածուն։

Ani Product

Իսկ ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի այդ հայտարարությանը, Պողոսյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանը դրանով արտահայտել է իր կարծիքը, իր ցանկությունը։ «Իսկ իրավիճակը ինչ կլինի, մենք դեռ կտեսնենք և կտեսնենք՝ քաղաքական դաշտը և մեր տնտեսական զարգացումն ինչ է պահանջում և ինչ փոփոխություններ են անհրաժեշտ»,- ասաց նա։

Ani Product

Hraparak.am-ը նկատեց, թե այդ հայտարարությունն արդյոք պաշտոնական հայտարարությո՞ւն չէ, որ եթե այսինչ պայմանը լինի, ինքը չի դառնա վարչապետ։ Հիմա այդ պայմանը եղել է՝ Սահմանադրությունն ընդունվել է, եթե ինքը որոշի դառնալ վարչապետ, չի դրժի՞ իր խոստումը։ Պողոսյանը նորից կրկնեց նույնը․ «Ես նորից եմ ասում, կարծում եմ, որ դա իր ցանկությունն է եղել, որը որ ինքն արտահայտել է։ Դա խոստում չի, դա կարծիք ա, դա կոնկրետ մարդու ցանկություն ա»։

Հարցին՝ դա իր տպավորությո՞ւնն է, որ Սերժ Սարգսյանն ընդամենը կարծիք է արտահայտել, Պողոսյանն ասաց․ «Դա իմ կարծիքն է»։

Իսկ այն հարցին, թե Սերժ Սրագսյանն իսկապե՞ս անփոխարինելի է, ինչպես նշում են շատ ՀՀԿ-ականներ, Պողոսյանն ասաց, որ ինքն էլ է այդպես կարծում, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է։

«Որպես ՀՀԿ նախագահ՝ էսօր ինքն անփոխարինելի է։ Եվ ես մի քանի անգամ ասել եմ՝ որպես պաշտոնյա, որը կարողանում է բալանսավորել ուժերը, որը կարողանում է այսօրվա մեր իրականության մեջ և՛ միջազգային ասպարեզում, և՛, ինչու չէ, նաև ներքին խնդիրների հարցում հանդիսանալ բալանս որպես, սրա մասին երկրորդ կարծիք չի կարող լինել»,- Սերժ Սարգսյանի արժեքն այսպես գնահատեց պատգամավորը։

Պարոն Պողոսյան, գուցե Սերժ Սարգսյանի մասով դրական, բայց կուսակցության մասով ցավալի իրողություն եք փաստում։ Եթե հսկայական կուսակցության ղեկավարին ոչ ոք չի կարող փոխարինել, ի՞նչ է լինելու կուսակցության ճակատագիրը՝ Սերժ Սարգսյանից հետո։

-Գիտե՞ք, ուրեմն ես կարծում եմ, որ կուսակցության մեջ կան շատ ուժեր, և կուսակցությունը համալրվում է նոր ուժերով։ Ես կարծում եմ, որ կուսակցությունը դեռ շատ ապագա ունի, և մենք՝ բոլորս, ականատես կլինենք կուսակցության հաղթանակներին։

Կկործանվի՞ ՀՀԿ-ն առանց Սերժ Սարգսյանի։

-Հանրապետականը չի կործանվի, բայց մենք ունենք այսօր Հանրապետական կուսակցության լիդեր, և էն ուղին, որը էսօր մեզ պետք ա, ժողովրդին պետք ա, ինքը շատ հստակ տանում ա։

 

https://www.hraparak.am/posts/5a96960528bd1869d6a91660/%D5%AF%D5%AF%D5%B8%D6%80%D5%AE%D5%A1%D5%B6%D5%BE%D5%AB-%D5%B0%D5%B0%D5%AF%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%B6%D6%81-%D5%BD%D5%A5%D6%80%D5%AA-%D5%BD%D5%A1%D6%80%D5%A3%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6%D5%AB

Լրահոս