23 Նոյեմբերի, 2016

«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններից առաջ «չիստկան» սկսվել է ամենախնդրահարույց՝ Արարատի մարզից։ Այստեղ ավանդաբար ընտրություններն ընթացել են Հովիկ Աբրահամյանի «քավորությամբ», բայց այժմ նրա մասնակցության հարցը դեռ օդում կախված է։ Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանն ինչ-որ բանից շատ զայրացած է եւ առայժմ դեռ որեւէ «դաբրո» չի տվել։

Ani Product

Ավելին՝ տեղեկություններ կան, որ առաջիկայում էլ Աբրահամյանների ընտանիքի դեմ որոշ քայլեր են արվելու։ Օրինակ՝ պաշտոնանկ է արվելու նաեւ մարզի հարկայինի տեսչության պետ Վարդան Մամիկոնյանը, որն Աբրահամյանի փեսայի եղբայրն է ու վերջերս աշխատանք էր տանում ԲՀԿ-ն մարզում ուժեղացնելու ուղղությամբ՝ ոմանց ուղղորդում էր անդամագրվել այդ կուսակցությանը։

Ani Product

Արդեն իսկ լարված պայքար է սկսվել Աբրահամյանների ու «Ավշարի» Գրիգորյանների միջեւ։ ՏԻՄ ընտրություններից հետո այստեղ բալանս է խախտվել, ու Աբրահամյանների ազդեցության տիրույթում՝ Արտաշատի շրջանում, ընտրվել են Գրիգորյանների «մարդիկ»։ Հիմա այդ գյուղապետերի վրա ճնշումներ են գործադրվում, որպեսզի նրանց նորից տեղավորեն իրենց ազդեցության տիրույթում եւ ընտրություններին ստանան իրենց հասանելիք ձայները։

Նշենք, որ մարզային ջրօգտագործողների ընկերությունները միավորելու թեման էլ է Աբրահամյանների ու Գրիգորյանների միջեւ ռազբորկայի առիթ դարձել։ Բանն այն է, որ Արարատի ՋՕԸ-ի ղեկավարը Գրիգորյանների «մարդն» է։ Ծրագրվում է միավորել Վեդիի եւ Արտաշատի ՋՕԸ-ները։ Հավանական է՝ ղեկավար կնշանակվի Արտաշատի ՋՕԸ պետ Արթուր Ղազարյանը, որն Աբրահամյանների հետ անցյալում թշնամական, ներկայում բարեկամական հարաբերություններ ունեցող Գազի Հովոյի՝ Հովհաննես Ղազարյանի որդին է։

Հիշեցնենք, որ օրերս զբաղեցրած պաշտոնից ազատվել է նաեւ Արարատի մարզի ոստիկանապետ Արսեն Աբրահամյանը՝ Աբրահամյանի եղբորորդին։ Նա նշանակվել է Արմավիրի ոստիկանապետ, տեղը զիջել Սեւան Քոչարյանին, որն Արարատի բաժնի պետն է ու ավելի մտերիմ հարաբերություններ ունի «Ավշարի» սեփականատերեր Գրիգորյան եղբայրների հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Կիսվեք նյութով՝

Լրահոս