Միասին շենացնենք հայրենի գյուղը. Արմեն Պողոսյան

1413

2016 թ. ՏԻՄ ընտրություններին՝ Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում գործող գյուղապետը պարտվեց Արմեն Պողոսյանին: Ընտրատեղամասերը երկուսն էին՝ Մշակույթի տուն (22/1) և միջնակարգ դպրոց (22/2): Այստեղ ընտրություն կատարվում էր և՛ համայնքի ղեկավարի և՛ ավագանու: Ըստ ձայների բաշխման 74  ձայնի առավելությամբ Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում  համայնքապետ ընտրվեց Արմեն Պողոսյանը, նա հավաքել էր 874 ձայն,  Խաչիկ Հարութունյանը` 207 և Վանիկ Հարութունյանը` 800 ձայն: Անվավեր էր ճանաչվել 168 քվեաթերթիկ: 

Mnews.am-ը Գեղարքունիքի մարզի Գանձակ համայնք այցելելու շրջանակներում, հանդիպեց համայնքի ղեկավարին և զրուցեց համայնքում կատարվելիք աշխատանքների և ծրագրերի մասին:

-Պարոն Պողոսյան,  Ձեր մարզի մի շարք համայնքներում, Ձեզ մոտ նույնպես տիրում էր խառնաշփոթ իրավիճակ՝ կապված նախկին գյուղապետի կողմից թույլ տված չարաշաումների հետ. ինչպե՞ս է հաջողվել հաղթահարել գյուղի խնդիրները:

 -Պարտքերի մասով ասեմ, որ յուրաքանչյուրս էլ պիտի ունենանք, պատասխանատվության զգացում և հայկական թասիբ ասվածը, մեր թշնամին մեկն է՝ թուրքը, պետք չի սա շարունակ քննադատել և թշնամական հարաբերություններ սերմանել երկու կողմի միջև: Ի վերջո չեմ ուզում քննադատել, քննադատության վրա ոչինչ չի կառուցվում, ժողովորդն է դատավորը, հետևաբար նա էլ կդատի մեղավորին:

-Գրեթե մեկ ամիս է ինչ ղեկավարում եք համայնքը, ինչպիսի՞ խնդիրներ են ծառացած Գանձակում և որքանո՞վ են լուծելի:

 – Աշխատանքներ բավականաչափ կատարվել են և դեռ շարունակվում են, լուսավորության ցանցի բարելավվում, ձյան մաքրման աշխատանքներ: Անցած տարիների ընթացքում այս սիստեմով եթե աշխատեին, կարծում եմ տեսանելի փոփոխություններ կգրանցվեր համայնքում: Աղբահանությունը շարունակաբար կրում է կարգավորվող բնույթ և ձգտում ենք միշտ աղբից զերծ պահել համայնքը:                                                                          Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակահատվածում մենք՝ մեր համայնքի տղաներով կամավոր ներկայացել էինք ԼՂՀ, սակայն հարկ չհամարեցին մեր ներկայությունը, մենք էլ այլ կերպ շարունակեցինք օժանդակ լինել: Երեք ֆորդ բեռնատարով ամբողջը սնունդով լեցուն ուղարկեցինք մեր տղաներին, ամենքս օգնել ենք մեր ուժերի ներածին չափով: Անմասն չմնացին նաև բնակիչները, իսկապես չեմ կարող նկարագրել նրանց անկեղծության միտումը:  Յուրաքանչյուրը եթե չէր կարողանում դրամական կամ այլ օգնությամբ հանդես գալ, տանից պահածոներ էր բերում, նույնիսկ անապահովները:

-Մի փոքր անդրադարձեք Ձեր քարոզարշավի խոստումներին և բարենորոգումների ծրագրերին:

 -Հետագա ծրագրերիցս կարող եմ նշել՝գյուղի կենտրոնի բարելավվումը՝ կանաչապատմամբ և գեղեցիկ հարդարմամբ: Մանկապարտեզի երկրորդ մասնաշենքի կառուցման անհրաժեշտությունը կա, երեխաների քանակը թելադրում է պահանջարկին: Ինչպես նաև դպրոցի սանհանգույցի վերանորոգումը, ճիշտ է դպրոցը համայնքի ենթակայության տակ չէ, այնուամենայիվ եթե համայնքում է գտնվում և մասնավորապես համայնքի երեխաների համար  է, ապա պիտի արվի: Համայնքն ունի նաև ոռոգման համակարգի խնդիր, մայրառուն իրենից մեծ խնդիր է ներկայացնում,միայն թե կարողանանք վերանորոգել: Ծրագրերով լեցուն եմ և ոգևորված, հուսով եմ ժամանակին ամեն հարց իր լուծումը կստանա:

Առողջություն եմ մաղթում բոլորիս, խաղաղություն. Միասին շենացնենք հայրենի գյուղը: