Նոր վարչապետը եւ «Գազպրոմի» շահերը

5

Կառավարության վերջին նիստից հետո բոլորը հետաքրքրվում են, թե ինչ նկատի ուներ նորանշանակ վարչապետը, երբ առաջարկեց վերանայել գազի եւ էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականությունն այնպես, որ անապահով խավերի համար սահմանված սակագինը նվազեցվի ի հաշիվ այլ սպառողների: Լրագրողների հարցերին ոլորտի պատասխանատուները տալիս են խուսափողական պատասխաններ:

Կարեն Կարապետյանը, երբ առաջարկել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, էներգետիկայի եւ բնական պաշարների, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարներին քննարկել եւ առաջարկություններ ներկայացնել այդ խնդրի մասին, ամենայն հավանականությամբ, նկատի է ունեցել, այսպես կոչված, կրկնակի սակագների սկզբունքը (սոցիալական եւ գերնորմատիվային):

2012-ի օգոստոսի 30-ին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարեց, որ այդ սկզբունքի կիրառումը ՌԴ-ում կսկսվի 2014-ից: Սկզբում էլէներգիայի, իսկ 2015-ից՝ նաեւ ջրի սակագնի համար: Ավելի ուշ այդ սկզբունքը պետք է կիրառվեր նաեւ գազի եւ տաք ջրի սակագների համար: Նախատեսվում էր նշանակել օգտագործման նորմ, որից ավելի էլէներգիա ծախսելու դեպքում սակագինը պետք է բարձրանար շուրջ 70 տոկոսով: Այսպիսով, ավելի ունեւոր քաղաքացիները, որոնք ավելի շատ էլէներգիա եւ ջուր են ծախսում, պետք է վճարեին ոչ միայն իրենց, այլ նաեւ չքավորների համար: Ռուսաստանի մի քանի մարզերում այդ սկզբունքը կիրառվեց որպես պիլոտային ծրագիր, բայց համընդհանուր տարածում չգտավ, որովհետեւ պարզվեց, որ Ռուսաստանի հյուսիսի եւ հարավի, նույնիսկ կողք կողքի գտնվող շենքերի համար հնարավոր չէ կիրառել միեւնույն սոցիալական նորմերը: Դրանք պետք է տարբեր լինեն, քանի որ Մեդվեդեւը պահանջել էր հաշվի առնել սպառողների շահերը եւ սակագները սահմանել՝ նկատի ունենալով տվյալ տարածաշրջանի առանձնահատկությունները:

Հայաստանում այդ սկզբունքի չքավորներին վերաբերող մասն արդեն իսկ կիրառվել է էլէներգիայի անցած տարվա սակագնի բարձրացումից հետո նրանց տրվող փոխհատուցումը տրամադրելիս: Էլէներգիայի ծախսման նորմ է սահմանվել նաեւ անապահովներին նպաստ նշանակելու համար: Հիմա, ըստ ամենայնի, եկել է «ապահովների» հերթը: Սակայն կա մի նրբություն: Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ Հայաստանում մեծահարուստները, թաղի եւ այլ տիպի հեղինակությունները, նաեւ պաշտոնյաների մի մասը վճարում է տներում եւ իրենց պատկանող օբյեկտներում ծախսված էլէներգիայի եւ ջրի մի փոքր մասի համար միայն: Մնացածի համար վճարում են սովորական, շարքային սպառողները, քանի որ էլէներգիայի եւ ջրի ահռելի կորուստների վնասը փոխհատուցվում է սակագնի բարձրացմամբ: Այնպես որ, կիրառել սոցիալական այդ սկզբունքը Հայաստանում՝ անհնար է: Բացի այդ, դեռ սովետական տարիներին հայտարարվեց, որ բարձրահարկերում հնարավոր չէ ապահովել գազի անվտանգ մատակարարում: Այդ պատճառով էլ այդպիսի շենքերում ամեն ինչ կատարվում էր էլէներգիայի եւ տաք ջրամատակարարման հաշվին: Հետագայում, երբ որոշվեց Հայաստանի գազիֆիկացումը մոտեցնել 100 տոկոսի սահմանագծին եւ գոնե այդ մեկ ցուցանիշով դառնալ աշխարհում առաջինը, բարձրահարկերում գազ չանցկացնելու խելամիտ արգելքը հանվեց: Սակայն բարձրահարկերի, նաեւ սովորական շենքերի ոչ բոլոր բնակիչներն էին խաբվել համատարած գազիֆիկացման սկզբում գործող գազի ցածր գներով: Ավելի հաշվենկատները հաշվարկել էին բնակարանների գազիֆիկացման համար անհրաժեշտ ծախսերը եւ հասկացել, որ դա ձեռնտու չէ:

Տրամաբանությունը հուշում էր, որ գազի գինն աշխարհում անընդհատ աճում է (այն տարիներին այդպես էր), իսկ էլէներգիայի գինը Հայաստանում եթե նույնիսկ աճի էլ, պետք է աճի շատ ավելի ցածր տեմպերով: Չէ՞ որ ՀԱԷԿ-ը եւ հիդրոէլեկտրակայանները, որոնց արտադրած էլէներգիայի գինը կախված չէ գազի գնից, ինչպես նաեւ Երեւանի ՋԷԿ-ը, որն իրանական օգտագործած գազի համար վճարում է իր իսկ արտադրած էլէներգիայի մի մասով, այն տարիներին ապահովում էին Հայաստանի էլէներգիայի պահանջի 60-70 տոկոսը: Սակայն նրանց տրամաբանությունն ու հաշվարկները սխալ դուրս եկան, քանի որ, ինչպես ժողովրդական խոսքն է ասում, «պետության հետ ղումար չեն խաղում»: Տվյալ դեպքում՝ «Գազպրոմի» հետ, քանի որ Հայաստանի էներգետիկ ոլորտում պետությանը փոխարինել էր «Գազպրոմը»: Եվ էլէներգիայի սակագինը՝ գազի սակագնի մի քանի անգամ աճելուց հետո, զարմանալիորեն աճեց նույնքան անգամ:

«Էլեկտրիկ Երեւան» շարժման պատճառով այլեւս անհնար է դարձել կամայական եւ անտրամաբանական ձեւով բարձրացնել էլէներգիայի սակագինը: Այդ պատճառով է նաեւ «Գազպրոմին» առնչվող ռուսաստանյան ընկերությունը հրաժարվել ՀԷՑ-ից: Անհնար է բարձրացնել նաեւ գազի սակագինը: Չէ՞ որ գազի գինն աշխարհում եւ Հայաստանի սահմանին վերջերս անընդհատ նվազում է, բայց սակագինը չի փոխվում: Թվում է, թե այդ սակագինը կախարդված է, եւ եթե գազի գինը Հայաստանի սահմանին նույնիսկ արժենա մեկ դոլար, միեւնույն է՝ բաժանորդի համար այն չի փոխվելու: Իսկ եթե հանկարծ աճի, ժողովրդի համբերության բաժակը կլցվի: Բայց դեռ կա, դեռ կա «Գազպրոմի» բաժնետերերին գոհացնելու եղանակ: Եթե սկսվի կիրառվել էլէներգիայի կրկնակի սակագների սկզբունքը, եւ այն փաստացի թանկանա, քաղաքացիները, որոնք չէին գազիֆիկացրել իրենց բնակարանները, ստիպված կլինեն անել դա:

Եվ նորից կշահի «Գազպրոմը»: Ինչպես նաեւ նրա բաժնետերերը: Որոնց թվին, ենթադրում ենք, պատկանում է նաեւ մեր նորանշանակ վարչապետը:

Նյութի աղբյուրը ` hraparak.am