Ռադիոակտիվ թափոնների կառավարումը պետք է դառնա հասարակության քննարկման առարկա. նամակ՝ նախարարին

3

«ԷկոԼուր», «Արմավիրի զարգացման կենտրոն», «Հույսի Մեծամոր», «Արմավիրի մամուլի ակումբ» ՀԿ-ները նամակ են ուղարկել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների (ԷԵԲՊ) նախարար Աշոտ Մանուկյանին` ներկայացնելով շահագրգիռ հասարակության եւ տեղի բնակչության առաջարկությունները «ՀՀ-ում ռադիոակտիվ թափոնների եւ աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարության» կառավարության արձանագրային որոշման նախագծի վերաբերյալ, հաղորդում է «ԷկոԼուրը»:

Նամակում ասված է.

«ՀՀ կառավարությունը մշակել է «Հայաստանի Հանրապետությունում ռադիոակտիվ թափոնների եւ աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարության» կառավարության արձանագրային որոշման նախագիծը: Օգոստոսի 22-ին շահագրգիռ հասարակությունը նախագծի վերաբերյալ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ում հանդիպում անցկացրեց, որին մասնակցեցին Արամվիր, Մեծամոր քաղաքների, Տանձուտ, Ալաշկերտ, Փշատավան համայնքների ակտիվ բնակիչները, «ԷկոԼուր», «Արմավիրի զարգացման կենտրոն», «Հույսի Մեծամոր», «Արմավիրի մամուլի ակումբ» ՀԿ-ների ներկայացուցիչները:

Հանդիպման ընթացքում քննարկվեց «Հայաստանի Հանրապետությունում ռադիոակտիվ թափոնների եւ աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարության» կառավարության արձանագրային որոշման նախագիծը եւ մշակվեցին առաջարկություններ նախագծի վերաբերյալ: Մենք ակնկալում ենք, որ առաջարկություննեը հաշվի կառնվեն նախագծի վերջնական տարբերակում:

Հաշվի առնելով ռադիոակտիվ թափնների եւ աշխատած միջուկային վառելիքի կառավարման անվտանգության անհրաժեշտությունը, բնակչության առողջության եւ շրջակա միջավայրի վրա ՀԱԷԿ-ի ազդեցության հնարավոր ռիսկերը, ՀԱԷԿ-ի ազդակիր գոտում խիտ բնակեցվածությունը, առաջարկվում է.

1. Ապահովել շահագրգիռ հասարակության եւ ՀԱԷԿ-ից 10 կիլոմետր շառավիղով հեռավորության վրա գտնվող համայնքների բնակչության մասնակցությունը Հայաստանի Հանրապետությունում ռադիոակտիվ թափոնների եւ աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարության հանրային լսումներին` ապահովելու վստահության անհրաժեշտ մակարդակ եւ կառուցողական երկխոսություն:

2. Բոլոր այն համայնքները, որոնք գտնվում են ՀԱԷԿ-ից 10 կմ շառավղով հեռավորության վրա, ճանաչել եւ հաստատել որպես ազդակիր համայնքներ:

3. Հատուկ կետով ներառել ռադիոակտիվ թափոնների եւ աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարության մեջ հանրային լսումների արդյունքները` ստացված կատարված միջոցառումների յուրաքանչյուր փուլում:

4. Ռադիոակտիվ թափոնների եւ աշխատած միջուկային վառելիքի թաղման համար հարթակի որոնման գործընթացում որոշել չափորոշիչներ` ապահովելու երկրաբանական պաշտպանիչ կոմպոնենտ, ինչպես նաեւ անվտանգության չափորոշիչներ` հաշվի առնելով առկա ռիսկերը` երկրաշարժ, սողանք, ստորգետնյա եւ վերգետնյա ջրեր, դրենաժ եւ այլ գործոններ, որոնք ազդում են տվյալ երկրաբանամորֆոլոգիական միջավայրի վրա:

5. Ներկայացնել ջրով ապահովման համար պահանջարկի գնահատականը աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման համար: ՀԱԷԿ-ի աշխատանքի եւ աշխատած միջուկային վառելիքի կառավարման համար տալ ջրային ռեսուրսների` Մեծամոր գետի, ջրային հորերի կայուն օգտագործման գնահատական, որոշել ջրի մատակարարման պոտենցիալ հնարավոր նոր աղբյուրներ:

6. Չափորոշիչների եւ գնահատականների հիման վրա մշակել եւ ընդունել ռադիոակտիվ թափոնների եւ աշխատած միջուկային վառելիքի կառավարման համար անվտանգության պահանջների գնահատում եւ մեթոդաբանություն` Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության համար:

7. Անցկացնել ռադիոակտիվ թափոնների եւ աշխատած միջուկային վառելիքի կառավարման ռազմավարության նախատեսված միջոցառումների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննություն:

8. Անցկացնել հանրային լսումներ ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի անվտանգության խնդրի վերաբերյալ, որի գործողության ժամկետը

կառավարության որոշմամբ երկարաձգվել է մինչեւ 2026թ., եւ ներկայացնել այն երկրների փորձը, որտեղ գործում են հին ռեակտորների ժամկետի երկարացման ծրագրեր:

9. Ապահովել քննարկվող թեմաների, պլանների, միջոցառումների թափանցիկությունը:

10. ՀԱԷԿ-ում, ռադիոակտիվ թափոնների եւ աշխատած միջուկային վառելիքի գերեզմանոցում, ՀԱԷԿ-ի եւ գերեզմանոցի հարակից 10 կմ շառավղով տարածքներում ռադիոակտիվ ֆոնի որոշման համար իրականացնել, օդի, հողի, ջրի, բույսերի ամենօրյա մշտադիտարկումներ եւ արդյունքները ամեն օր հրապարակել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքում:

11. ՀԱԷԿ-ի ազդակիր համայնքներում իրականացնել հնարավոր վթարներից պաշտպանվելու դասընթացներ, բնակիչներին բաժանել տեղեկատվական թերթիկներ, անհրաժեշտ պարագաներ, վթարներից պաշտպանվելու քայլերը հրապարակել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքերում` երեւացող հատվածներում կամ հեշտ գտնվող ենթաբաժնում»: