20 Հունվարի, 2017

Հունվարի 17-ի դրամատիկ օրը, երբ Գագիկ Ծառուկյանը վերադառնում էր քաղաքականություն, իսկ Սեյրան Օհանյանը մտմտում էր` մտնե՞լ քաղաքականություն, թե չմտնել, ՀՀ նախագահի նստավայրում մեկ այլ իրադարձություն էր տեղի ունենում: ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ՀՀ նախագահին զեկուցում էր Ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների ընթացքի մասին՝ ներկայացնելով 2016թ. նոյեմբերի 2-ին նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականի կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքներն ու առաջիկա անելիքները:

Ani Product

Հրավիրել ոստիկանապետին եւ նրա հետ խոսել ճանապարհային երթեւեկության վիճակից հենց այն օրը, երբ Հայաստանի քաղաքական դաշտում խոշոր, ես կասեի՝ պատմական դեպքեր էին տեղի ունենում, նախագահի կողմից, իհարկե, մեսիջ էր քաղաքական դաշտին եւ հանրությանը, որով նա հասկացնում էր, թե «мне до лампочки» այդ խոշոր իրադարձությունները, եւ, առհասարակ, ես շատ զբաղված եմ:

Ani Product

Սերժ Սարգսյանը ծաղրո՞ւմ էր բոլորին, ովքեր այդ օրն իրենց հայտարարություններով վերադառնում կամ մտնում էին քաղաքական դաշտ, ովքեր հայտարարում էին իրենց տրանս-կոնտինենտալ ծրագրերի մասին, դաշինքավորվում ու ապադաշինքավորվում էին, անգամ` խաչասերվում:

Իսկ նախագահը, ահա, ոստիկանապետին հրավիրել է, եւ նա ասում է, որ բարեփոխումներին միտված ավելի քան երկու տասնյակ միջոցառումներն իրականացվելու են չորս հիմնական ուղղություններով՝ 1) վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթի իրականացում, որոշումների կայացում, վարչական տույժերի կատարում, 2) օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատանք, ճանապարհատրանսպորտային պատահարների գրանցում, ճանապարհապարեկային ծառայություն, 3) ճանապարհային երթեւեկության կազմակերպում, 4) տրանսպորտային միջոցների պետական գրանցում, հաշվառում, վարորդական վկայականների հատկացում:

Ոզնին էլ հասկացավ, չէ՞, որ հունվարի 17-ին, երբ վերադառնում էր Ծառուկյանը, երբ Օհանյանն էր մտնում քաղաքականություն, եւ այս երկու իրադարձության ֆոնին վազվզոց էր սկսվել, չէր կարող երկրում թիվ մեկ քննարկման առարկա դառնալ վարորդական իրավունքներ հատկացնելու հարցը:

Նախագահը շշմեցնող հարվա՞ծ է հասցնում քաղաքական դաշտ մտնող բռնցքամարտիկներին, ցլամարտիկներին, խալտուրչիկներին, քամելեոններին, մյուսներին, թե՞ երկրում կատարվող քաղաքական աշխարհացունց վերադասավորումները «ему до одного места»: Նա համակ ուշադրությամբ զննում է Վլադիմիր Գասպարյանի բերած հայեցակարգը Ճանապարհային ոստիկանության աշխատանքների բարելավման մասին, գոհ մնում, ասում, որ քիչ է, բավարար չէ. «Իհարկե, այս միջոցառումների իրականացումը, առաջին հերթին, պետք է ուղղված լինի, եւ դա երեւում է փաստաթղթից, ճանապարհային երթեւեկության անվտանգության մակարդակի բարձրացմանը: Բայց սա բավարար չէ:

Կարծում եմ, որ փաստաթուղթը՝ հայեցակարգը, կարիք ունի ամբողջականացման եւ կատարելագործման: Հատկապես մեծ տեղ պետք է հատկացնել այն նորարարություններին, որոնց ներմուծումը կամ իրականացումը հնարավորություն կտա Ճանապարհային ոստիկանությանը, գոնե, կարճաժամկետ եւ միջնաժամկետ հատվածում պատշաճ եւ բարեխղճորեն իրականացնել իր գործառույթները: Պետք է լրամշակել փաստաթուղթը, կազմել փաստաթղթից բխող միջոցառումների պլան՝ կոնկրետ ժամկետներով, եւ այդ ժամկետներում իրականացնել այս միջոցառումները»: Սերժ Սարգսյանին այս ընթացքում երեւի թե ամեն ինչի մեջ մեղադրել են,բացառությամբ` նախընտրական իրավիճակներին եւ ընտրական գործընթացներին տիրապետել չկարողանալու, նման իրավիճակներում շփոթվելու եւ չկողմնորոշվելու: Հետեւաբար, ճիշտ չէ մտածել, որ հունվարի 17-ին ոստիկանապետի հետ հանդիպումն ու վարորդական իրավունք տրամադրելու հարցի քննարկումը ադեկվատության պակասի նշան են: Մեր կարծիքով` հակառակ պնդումն է ավելի արժանահավատ:

Օրինակ, Սեյրան Օհանյանին դրդողներն ի՞նչ զգացին, երբ իմացան, որ իրենց համար գրեթե ճակատագրական այդ օրը Սերժ Սարգսյանը Վլադիմիր Գասպարյանի հետ հետիոտնային անցումների թարմացման անհրաժեշտությունից է խոսում:

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Լրահոս