Լճափում ՏԻՄ ընտրություններ են

3

Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք գյուղում  2015թ-ի  սեպտեմբերի 13-ին ՏԻՄ ընտրություններ են ։Համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են  2 թեկնածու՝ 11 տարի համայնքապետ աշխատած Հայկ Սիմոնյանը  և անկուսակցական Կարեն Հակոբյանը:  Լճափցիները իրենց համայնքապետի նվիրվածության ու իր  անդուլ աշխատանքի շնորհիվ, անշուշտ, գործող գյուղապետին են իրենց ձայնը տալու և առաջիկայում  հույս ունեն, որ ավելի բարեկեցիկ կդարձնեն  իրենց գյուղական դժվար կյանքն ու առօրյան: Գյուղապետն անկեղծորեն խոստովանեց, որ շատ է սիրում գյուղը, գյուղատնտեսությունը, իր աշխատանքը. մարդը յուրաքանչյուր բնագավառում պետք է սիրով աշխատի, որ կարողանա պատվով դուրս գալ ցանկացած իրավիճակից: Մեր զրույցի հենց սկզբում նշեց Լճափ համայնքի ղեկավար՝Հայկ Սիմոնյանը:

-Մյուս թեկնածուի` Կարեն Հակոբյանի  հետ մրցակցություն կա՞ գյուղում: Ի՞նչպես ընթացավ քարոզարշավը:  

– Մրցակցություն որպես այդպիսին, մեր գյուղում միայն առաջին ընտրության ժամանակ է եղել, դրանից հետո ընտրություններում մեր գյուղը միահամուռ է:Նորմալ նախընտրական պայքար է:Երկուսս էլ ցանկանում ենք աշխատել:Ի վերջո ժամեր անց պարզ կլինի, թե մեր համագյուղացիները ում են ցանկանում ,որպեսզի շարունակի համայնքի ղեկավարի  աշխատանքը:

-Արդեն 11 տարի է, ինչ Դուք ղեկավարում եք համայնքը: Իսկ այդ  տարիները  քիչ ժամանակ չեն գյուղում հիմնարար փոփոխություններ կատարելու, որոշակի խնդիրներ լուծելու համար:

-Բոլոր համայնքերի պես Լճափն էլ ուներ խնդիրներ:Անշուշտ, ես փորձել եմ անտեղի չվատնել այդ տարիները և հնարավորինս օգտագործել ինձ տրված ժամանակահատվածը `գյուղի հիմնախնդիրները լուծելու համար: Բոլոր խնդիրները թվարկել ,կարծում եմ, հնարավոր չէ: Ասեմ միայն, որ իմ պաշտոնավարման առաջին տարվանից ի վեր իրենց լուծմանն են սպասել տասնյակ խնդիրներ:Ամենամեծ ձեռքբերումը,որ ցանկանում եմ նշել , ՀՀ նախագահի անմիջական նախաձեռնությամբ բարեկարգվեց և ասֆալտապատվեց գյուղի կենտրոնական ճանապարհը՝մոտ 1200 ք.մ. տարածք,այդ աշխատանքերը արժեցան 100 մլն դրամ:Վերնորոգվել է մշակույթի տան տանիքը,տեղադրվել են եվրոպական արտադրության  պատուհաններ:Համայնքում ունենք գործող մանկապարտեզ:

Գյուղում ունենք ոռոգման  նոր համակարգ,սակայն պոմպակայանը չի աշխատում:Սակայն այդ հարցը առաջիկայում լուծում կստանա:Համայնքն ամբողջությամբ գազաֆիկացված է :Փոխվել է խմելու ջրի ներքին ցանցը,տեղադրվել են ջրաչափեր:Երեխաները կարողանում են շատ հետաքրքիր անցկացնել իրենց առօրյան,կան բոլոր պայմաները ,ունենք բռնցքամարտի խմբակ՝20 մարզիկներով,որը ֆինանսավորվում է բարերարի կողմից:Անցկացրել ենք գիշերային լուսավորության համակարգ:Համայնքում կառուցվել է զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշարձան:

-Իսկ ո՞րն է համայնքի գերխնդիրը։

– Գյուղատնտեսությամբ զբաղվող մեր համայնքի համար, իհարկե, հիմնական խնդիրն այն է, որ եղանակը տհաճ անախորժություններ չմատուցի ու բերքը չփչացնի։ Այնպես որ՝ մեր գերխնդիրը կախված է եղանակի քմահաճույքից։

-Ի՞նչ եք կարծում, ո՞րն է մարդկանց վստահությունը շահելու հիմնական նախապայմանը։

-Գիտեք, գյուղը մեծ ընտանիք է, ոչինչ գաղտնի չես կարող անել այնտեղ։ Եթե աշխատում ես՝ մարդիկ տեսնում ու գնահատում են այն։ Համայնքապետ-բնակիչ ակտիվ կապի ու մշտական քննարկումների շնորհիվ մեր միջև առողջ փոխհարաբերություններ են ձևավորվել, ինչն էլ՝ փոխադարձ վստահության մթնոլորտ է ստեղծել:Ես,որպես համայնքի ղեկավար,անում եմ հնարավոր ամեն բան համայնքի համար:Այսօր բոլորս եթե մեր տեղում լինենք,ուրեմն իմացեք մեր երկիրը հզոր է ,իսկ բանակը՝ մարտունակ:

-Այս ընտրություններում ի՞նչ եք խոստացել լճափցիներին` առաջիկա տարիներին կատարելու համար:

– Ինչ խնդիրներ էլ որ կան, բոլորը պետք է լուծենք, աջակցենք, կարգավորենք:Ծրագրում ենք գյուղում եկեղեցի կառուցել: Դիմել ենք բարերարի,ով խոստացել է հաջորդ տարի սկսել շինարարական աշխատանքերը:Բացի այդ,ինչպես նշեցի մշակույթի տան միայն տանիքն էր վերանորոգվել ,կան դեռ շատ աշխատանքներ ,ցանկություն ունենք ամբողջությամբ վերանորոգել:Ունենք գյուղամիջյան ճանապարհներ,որոնք պետք է ասֆալտապատվի:Դե մնացածը հավատացեք յուրաքանչյուր գյուղացի գիտի շատ լավ հերթականությունը ,թե որ աշխատանքից հետո հաջորդը որն է ,իսկ ես ամեն ինչ անում եմ,որպեսզի համագյուղացիներս ապրեն հարմարավետ համայնքում:Ամբողջ գյուղով մի ընտանիքի պես ենք, իրար օգնում, ապրում ենք: Գրեթե բոլորն իրար հարազատ մարդիկ են:

-Եվ վերջում` Ձեր կոչը, Ձեր խոսքը`լճափցիներին:

– Ամենակարևորը` երկրում խաղաղություն լինի, բոլորն առողջ լինեն, ամբողջ գյուղով իրար հարգենք, սիրենք: Հասկանանք, որ ղարաբաղյան պատերազմը դեռ չի ավարտվել, պետությունը շատ հոգսեր ունի, խնդիրներ, մեր ղեկավարությունն էլ մտածում է, որ այնպես անի, որ ժողովուրդը լավ ապրի, բարեկեցիկ, բայց հասցնում է այնքան, որքան հասցնում է, որովհետև բանակն է սպառազինում, սննդի, հագուստի խնդիրներ է լուծում: Կարծում եմ` այդ ամենը տեսնում է մեր բնակչությունը և գնահատում:Ամենամեծ ցանկությունս է ,որ գյուղում արտագաղթի տեմպերը չմեծանա,եթե բացակայում են ,թող դա լինի ժամանակավոր: Այնպես որ` մեր Լճափի բնակչության բոլորից մեկն եմ, հարգում և սիրում եմ բոլորին:

Կցանկանայի, որ երբեք չկորցնեին լավատեսությունը և հավատային ,որ այս պետությունը հզոր է առաջին հերթին իրենցով`այս հողի վրա քրտինք թափող ու բարիք արարող մարդկանցով….