16 Դեկտեմբերի, 2016

Այս օրերին վարչական շրջանների աշխատակիցները շրջում են մայրաքաղաքում եւ առեւտրով զբաղվող տնտեսվարողներին զգուշացնում` օբյեկտների ֆասադը զարդարել, տոնական տեսքի բերել: Իսկ այն տնտեսվարողներին, որոնք հրաժարվում են ամանորյա շունչ հաղորդել իրենց օբյեկտներին` սպառնում, որ կտուգանեն: Հարկադրաբար զարդարել տալը հարուցել է որոշ տնտեսվարողների դժգոհությունը, որոնք Aravot.am-ի հետ զրույցում նշեցին, որ իրենց համար լրացուցիչ ծախս է` տոնական լույսեր, արդուզարդ ու այլ պարագաներ գնելը: «Ինչո՞ւ են պարտադրում, գուցե ես չունեմ այդ 5-10 հազար դրամը, որպեսզի խանութս զարդարեմ եւ չեմ էլ ուզում ավելորդ ծախսեր անել: Առանց այդ էլ էնքան հարկ ու տուրք է մեր վզին փաթաթվում, որ ցանկացած նման հարկադիր ծախս արդեն հունից հանում է»,-մեզ հետ զրույցում ասաց Բաղրամյան փողոցում առեւտուր իրականացնող մի կրպակատեր: Տնտեսվարողների դժգոհությունները փոխանցելով Երեւանի քաղաքապետարանին Aravot.am-ը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են տնտեսվարողներին ստիպում զարդարել օբյեկտների ճակատները: Քաղաքապետարանից վկայակոչեցին Երեւանի ավագանու 2009 թվականի դեկտեմբերի 2-ի N 48-Ն որոշման մեջ լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին որոշումը, համաձայն որի քաղաքային նշանակության փողոցներում գտնվող առեւտրային նշանակության օբյեկտների տոնական զարդարումը` Ամանորի եւ Ծննդյան տոներին` պետք է կատարվի յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 25-ից մինչեւ հաջորդ տարվա հունվարի 13-ը ներառյալ: Ինչ վերաբերում է տուգանքին, ապա Երեւանի քաղաքապետարանից տեղեկացանք, որ ավագանու որոշումը շրջանցող տնտեսվարող սուբյեկտները կտուգանվեն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 156-րդ հոդվածի երկրորդ մասով, այն է` նվազագույն աշխատավարձի տասնապատիկից քսանապատիկի չափով:

Ani Product

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2016/12/15/837840/

Ani Product

Լրահոս